Բաժիններ՝

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին

Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ կապված իր արտաքին քաղաքականության նպատակների, ինչպես նաև Իրանի հետ իր երկկողմ հարաբերությունների մասին։ Ես պարզապես կասեմ, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և մենք կշարունակենք գործի դնել դրանք», – ասել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ ցանկացած մեկը, որը դիտարկում է Իրանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը, «պետք է գիտակցի այն հնարավոր ռիսկը, որին նա ենթարկվում է, ինչպես նաև պատժամիջոցների հնարավոր ռիսկը»:

Հարցին՝ արդյոք Հնդկաստանը կարող էր ազատված լինել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ կապված այս գործարքի հետ, Պատելը բացասական պատասխան է տվել։

Մայիսի 13-ին Հնդկաստանը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ։ Համաձայնագիրը կգործի 10 տարի և ավտոմատ կերպով կերկարացվի։

Ենթադրվում է, որ այս նավահանգիստը, որը Հնդկաստանի հանգուցային կապող օղակն է Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և եվրասիական տարածաշրջանի հետ, կարող է մրցակցության մեջ մտնել Պակիստանի Գվադար նավահանգստի, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ:

Ապագայում պլանավորվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Հնդկաստանն Իրանի միջոցով կմիացնի Ռուսաստանին։ Այս առևտրային ուղիով նախատեսված է Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքներով բեռներ փոխադրել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա՝ բեռների առաքման ժամկետները կրճատելով երկու կամ երեք անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս