Սա քաղաքական դատավարություն է. ո՞նց թե եկեղեցին իրավունք չունի, բա ո՞վ ունի, դո՞ւք…Գևորգ Պետրոսյան
«Սա քաղաքական դատավարություն է․ ես Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Նարեկ Սամսոնյանին, Մամիկոն Ասլանյանին… բոլորին համարում եմ քաղաքական բանտարկյալ, բայց ոչ թե՝ որ այդպես եմ ուզում տեսնել, այլ դրա իրավական լուծումը կա,- Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո՝ 168․am-ի հարցադրմանն ի պատասխան՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ բազմիցս հանրայնացրել է ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևը, որում հստակ նշվում է, թե որ ատրիբուտներն են, որով անձին պետք է համարել քաղբանտարկյալ,- Այսինքն՝ անհամաչափ վարչարարություն, ինչն այս դեպքում ակնհայտ է, և խտրական վերաբերմունք նույն արարքները կատարող տարբեր անձանց նկատմամբ, իսկ այսօր ՀՀ-ում Նիքոլ Փաշինի շնորհիվ՝ դրա պակասը չկա»:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, իշխանությունների շահարկումներին, թե հոգևորականը չպետք է մտնի քաղաքականություն, ապա և՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործունեությանը՝ Սահմանադրության համատեքստում, Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում:
«Ավելին՝ ՀՀ-ում գործում է 1991 թվականի հունիսի 17-ի օրենքը, որտեղ հստակ նշված է, որ Առաքելական եկեղեցին հանդիսանում է հայապահպանման կարևոր պատվար, հետևաբար, եթե ասում է, որ պետությունը ճանաչում է այսինչ կարգավիճակը, այդ կարգավիճակը միայն իրավունք չի վերապահում, ներառում է նաև պարտականություն և պատասխանատվություն:
Եթե Սահմանադրությունն ու այլ օրենքներ ամրագրում են եկեղեցու բացառիկ առաքելությունը, նշանակում է, որ ՀԱԵ-ն ոչ թե իրավունք չուներ, ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր զբաղվել, որովհետև իր կարգավիճակը դա պահանջում է: Այնպես որ, այդ անգրագետները՝ այդ քաղաքական պատուհասների ակումբի մանդատակիրները, որ իրենց կյանքում թույլ չեն տալիս օրենք կարդալ, դրա համար էլ այդպիսի կարծիքներ կարող են հայտնել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում