44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը

Մայիսի 3-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել էր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:

«44-օրյա պատերազմի հետ կապված՝ կընդգծեմ՝ դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի, և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ, շատ դաժան դաս էր, և այդ դասից մենք 3 կարևոր հետևություն ենք քաղել։ Առաջին հերթին՝ զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա սպասարկու որոշակի պրոցեսների, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով դրանց հետևել,- մանրամասնել էր նա և շարունակել,- Յուրաքանչյուր քրեական գործ՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, շատ չենք լուսաբանում, չենք խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա: Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյայի հետ կապված, հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»:

Թե ինչ գործի կամ «բարձրագույն հրամանատարություն» ասելով՝ ում նկատի ուներ Գլխավոր դատախազը, ի սկզբանե կռահելի էր, ինչի մասին գրել ենք: Ամեն դեպքում, մայիսի 4-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պաշտոնական պարզաբանում ստանալու՝ քանի՞ նման դեպք է եղել, ո՞ր գործերին է սա վերաբերում, երբ ապացուցվել է, որ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազությունը նույնիսկ մեղադրական եզրակացություն չի ներկայացրել, և գործը չի ուղարկվել դատարան, արդյո՞ք բարձրագույն զինվորական ղեկավարության մեղքն ապացուցված չլինելու պայմաններում այդ գործերը կասեցվել են, կարճվել, ի՞նչ են եղել այդ քրեական գործերը:

Մայիսի 13-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ Գլխավոր դատախազությունը մեր վերոնշյալ հարցադրումներին պատասխանել է.
«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին 04.05.2024 թվականին հասցեագրված գրության՝ հայտնում եմ, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող N գործի նախաքննության ընթացքում ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար վերջինիս նկատմամբ դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ):

Կարդացեք նաև

Վարույթն իրականացնող մարմինը, քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, գործը հետագայում դատարան ուղարկելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն մեղադրյալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը նույն օրը մերժել է և վարույթի նյութերի հիման վրա իր նախաձեռնությամբ 06.11.2023 թվականին որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մասով, դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Քրեական վարույթից անջատված մասը՝ մեկ դրվագով, ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս դրվագով նախաքննությունը դեռևս շարունակվում է»:

Այսինքն, Գլխավոր դատախազությունը հաստատում է մեր պնդումը, որ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ասելով՝ «զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի», նկատի ուներ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, որն արդարացվել էր իրեն առաջադրված մեղադրանքի հայտնի հակահարվածի օպերացիային առնչվող դրվագի մասով, երբ քրեական հետապնդումը դադարեցվեց, ըստ էության, որովհետև այստեղ նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կար, քանի որ հակահարվածի որոշման հավանությունը, ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանի, ՊԲ նախկին հրամանատարը ստացել էր Նիկոլ Փաշինյանից: Իրականում այս օպերացիան իր բացասական ազդեցությունն է ունեցել պատերազմի ելքի վրա, որի հավանությունը տվել է Նիկոլ Փաշինյանը, որի մշակմանը կամ քննարկմանն Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին:

Այլ հարց է, որ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը փորձել էր դնել Օնիկ Գասպարյանի վրա: Իսկ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման և կորուստների դրվագով գործը դատարանում է:

Տեսանյութեր

Լրահոս