Բայրամովը հայտարարել է Երևանի հետ բանակցություններում «պատմական արդյունքի» մասին
«Բաքուն շատ դրական է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների վերջին զարգացումները»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին այսօր ընդունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, վերջին շրջանում ձեռք բերված արդյունքը պատմական է.
«Դա տեղի է ունեցել բացառապես երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների միջոցով։
Հուսով ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները դրական կշարունակվեն։ Փետրվարից ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում բանակցությունները։ Մեր սպասելիքները պետք է համապատասխանեն։ Սա բավականին կարևոր և բարդ գործընթաց է»,- հավելել է նա։ Բայրամովը նշել է նաև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պայմանները. Համաձայնագիրը, ըստ նրա, պետք է լինի առանց բաց կետերի և չներառի հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կդառնան բանակցությունների առարկա։
Նույն հանդիպմանը Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից, նշել, թե «Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում ոչ մի ներդրում չի ունեցել հակամարտության լուծման գործում»։ Նրա խոսքով՝ կարիք չկա պահպանել այդ ինստիտուտը:
«Այսօր ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել եմ տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների մասին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափը դրական է։ Վերջին վեց ամսվա ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Որպես դրական զարգացում՝ կարող ենք նշել ապրիլին երկու երկրի միջև սահմանի մի հատվածում սահմանազատման գործընթացի մեկնարկը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը