Գեներալ Հարությունյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2021թ. առաջխաղացումների գործով նաև գնդապետ կա կալանավորված
Մայիսի 27-ին 168.am-ը գրել էր, որ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, բայց տեղեկություն կա, որ նախաքննությունն ավարտին է մոտեցել:
Մեր տեղեկություններով, գեներալ Հարությունյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է: Մոտ 7 ամիս է՝ գեներալը կալանքի տակ է:
2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:
Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:
Նշենք, որ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:
168.am-ը գրել էր, որ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Վերադառնալով հարուցված քրեական գործին, հավելենք, որ 168.am-ը հայտնել էր նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզ ադրբեջանական առաջխաղացումներին առնչվող գեներալ Արայիկ Հարությունյանի գործի շրջանակում կալանավորվել է գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով կալանավորման պահին ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկում էր պաշտոն զբաղեցնում, իսկ 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր:
«2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզին հարող՝ Վերին Շորժա, Կութ բնակավայրերի և Նորաբակ համայնքի շփման գծի երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին) հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, կոչումով գնդապետ Վ.Ս.-ի նկատմամբ, և որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:
Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյոք քննության առարկա դարձե՞լ է այս տեսանյութը, թե՞ ոչ։