«Արքեպիսկոպոսը՝ շարժման դեմք», «Բաքվին արվող զիջումներից դժգոհ հազարավոր մարդիկ՝ փողոցում»․ միջազգային ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն լուսաբանել երևանյան քաղաքական իրադարձությունները, որոնք ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Բագրատ սրբազանը լրջորեն հայտնվեց ռուսական, արևմտյան, ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում մայիսի 9-ից, երբ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, հրավիրեց վերջին՝ առնվազն 3 տարիների ամենամարդաշատ՝ բազմահազարանոց հանրահավաքն ընդդեմ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումների։ Սահմանազատման դեմ Տավուշի Կիրանց համայնքից երթով մեկնարկած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայրաքաղաք Երևանում վերաճեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման: Բողոքի ակցիաներն ու բուն շարժումն ամենօրյա ռեժիմով ոչ միայն լուսաբանվում է թե՛ ռուսական, թե՛ արևմտյան մամուլում, այլև լայնորեն մեկնաբանվում է։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հատկապես առաջնորդի՝ հոգևորական Բագրատ սրբազանի անձը։
Ռուսական «Настоящее время» լրատվամիջոցը «Արքեպիսկոպոսը դարձել է շարժման դեմքը». Ո՞վ է Բագրատ Գալստանյանը. Բաքվին տրված տարածքային զիջումներից դժգոհ հազարավոր մարդիկ նրա հետևից դուրս եկան փողոց» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ վերլուծելով հայաստանյան իրադարձությունները։ Հոդվածագիրը պատմում է, որ շարժումը փորձում է նախաձեռնել իմպիչմենթի գործընթաց, իսկ շարժման հիմքում համաժողովրդական բողոքն է ընդդեմ ՀՀ իշխանությունների միակողմանի անընդհատ կատարվող զիջումների։ Լրատվամիջոցը զրուցել է նաև հայ վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ, որը նշել է՝ սա անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, այդ թվում՝ 2018 թվականի հեղափոխության համեմատությամբ, ընդդիմության ամենամեծ շարժումն է։ «Խոսքը գնում է առնվազն 60 հազար մարդու մասին, որոնք միաժամանակ հրապարակում էին, իսկ աստիճանաբար միացողների ու հեռացողների թիվը հասնում էր 100 հազարի»,- նշել է Մելքոնյանը լրատվամիջոցի հետ զրույցում։ Նա նաև ասել է, որ արքեպիսկոպոսը մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում։ «Նա հսկայական աշխատանք է կատարել թե՛ երկրում, թե՛ սփյուռքում՝ Կանադայից մինչև Ռուսաստան»,- նկատել է Մելքոնյանը։
«Հայաստանի ընդդիմությունը նոր լայնամասշտաբ հանրահավաք է հավաքել Երևանում» վերտառությամբ հոդված էր հրապարակել «Российская газета»-ն։ «Ընդամենը 72 ժամ է անցել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց առաջին հանրահավաքից, որի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ Այս ընթացքում բողոքի ցույցերի մասշտաբները զգալիորեն մեծացել են, և հանրապետության իրավապահ մարմինները, երկրում աճող ներքին իրարանցման ֆոնին, սկսեցին ձերբակալել ընդդիմադիրներին»,- գրում է այս լրատվամիջոցը։
«Известия»-ն ևս ծավալուն նյութ է պատրաստել՝ ուշագրավ բառախաղով վերնագրով։ «Գյուղական քայլ․ Փաշինյանի հրաժարականը պահանջողները հասան Երևան» վերնագրով հոդվածում հեղինակն արձանագրում է․ «Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բողոքի ակցիաները գլխավորում է եկեղեցու ներկայացուցիչը»։
Բագրատ սրբազանի մասին գրել է նաև rfi.fr-ը «Արքեպիսկոպոսը գլխավորել է Հայաստանում բողոքի ցույցերը և սպառնում է կառավարությանը իմպիչմենթով։ Իշխանությունները խոսում են հեղաշրջում նախապատրաստելու մասին» վերտառությամբ հոդվածում։ Լրատվամիջոցը ներկայացնում է միայն իրադարձությունների քրոնիկան առանց փորձագիտական կարծիքի ու սեփական գնահատականի։
Lenta.ru-ի «Հայտնի են Հայաստանում բողոքի ցույցերի հնարավոր հետևանքները Փաշինյանի համար» հոդվածում լրագրողը զրուցել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևի հետ, որը նշել է, թե ամեն ինչ կախված է ցուցարարների վճռականությունից և նրանից, թե որքանով են նրանք կազմակերպված, որքանով պատրաստ են հետևել հոգևորականների ուրվագծած նպատակներին։ «Կարծում եմ, որ իրավիճակը բավականին լուրջ է, բայց ես, իհարկե, չեմ հանդգնի որոշակի կանխատեսումներ անել, թե ինչ զարգացում կունենա, քանի որ ամեն ինչ կարող է փոխվել։ Չի կարելի թերագնահատել ուժային ռեսուրսն ու արտաքին աջակցությունը, որը ցուցաբերվում է Փաշինյանին»,- ասել է քաղաքագետը։ Ըստ նրա, այս շարժումը բավականին լուրջ նախադրյալներ և բավականին լուրջ արմատներ ունի հայ հասարակության մեջ, քանի որ դժգոհները բավականին շատ են։ «Վերջին շրջանում Փաշինյանը շահել է հասարակության ապատիան՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի և հստակ սահմանված այլընտրանքների բացակայության պատճառով։ Եվ այստեղ կարևոր է, թե արդյոք այս ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա՞ որևէ կառուցողական այլընտրանք առաջարկել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջների բավարարման ծրագրին, որոնք այժմ պաշտպանում և հետևողականորեն իրականացնում են Փաշինյանն ու իր կառավարությունը»,- հավելել է նա։
Ռուսական Ria.ru-ն ևս նյութ է պատրաստել՝ «Դաժան իրականություն». Ո՞ւր կտանեն Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները» վերնագրով: Լրատվամիջոցը զրուցել է ռուս վերլուծաբանների հետ, որոնք մարդաշատ են համարում ակցիաները, սակայն չեն գտնում, որ դրանք լուրջ վտանգ են Փաշինյանի իշխանության համար։
Անդրադարձներ կան նաև BBC, Euronews, Radio Free Europe/Radio Liberty ԶԼՄ-ներում։
Ավելորդ կլինի նույնիսկ նշել, թե ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ ինչ ինտենսիվությամբ են լուսաբանում շարժումը, թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին և կոնկրետ Բագրատ սրբազանին։