Մերձիշխանական ուժերը համախմբվում են մեկ առանցքի շուրջ
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ համաժողովի նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի կողմից (այն է՝ «Հանրապետություն» կուսակցություն, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցություն) Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ է ձևավորվել:
Իհարկե, Խուրշուդյանը հաղորդագրության մեջ այդ ուժերին անվանում է «ընդդիմադիր», սակայն դրանք իրականում մերձիշխանական ուժերն են, որոնք բացառապես հակառուսական դիրքավորմամբ են հանդես գալիս, և հանդիսացել ու հանդիսանում են 2018-ի հեղափոխություն կոչվածի ջատագովը, շահառուն և Փաշինյանի կառավարության հիմնական աջակիցն ու հենարանը:
Եվ, այսպես, հաղորդագրության մեջ ասվում է.
«Տեղի ունեցավ ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների և ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում, Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու․
– Հայաստանի անկախության և ինքնիշխանության կայացման և եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արևմտյան քաղաքականության ուժգնացման և Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ,
– Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում,
– Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական և իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետևողականության և կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով,
-Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման և սահմանագծման և սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում,
– Արցախի խնդրի արդար հանգուցալուծման և միջազգային իրավական և քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության և իրավունքների ապահովման գործում, ինչպես նաև վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են, մասնավորապես, 2023թ․ փետրվարի 21-ի հայտարարության (Երևան), 2023թ․ սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երևան), 2023թ․ նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ․ մարտի 28-ի հայտարարության մեջ (Երևան), ինչպես նաև խորացնելով միմյանց միջև համախոհության և համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձևավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։
Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։
Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև ծառացած քաղաքական և քաղաքացիական խնդիրների և մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը և հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձևավորման և համատեղ գործողությունների իրականացման համար։ Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջև համագործակցության հետագա սերտացման և խորացման հնարավորության որևէ սահմանափակում չեն դնում։ Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական և քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար»։
«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն,
Եվրոպական կուսակցություն,
Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցություն
Հ.Գ. Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հետ նրանց բազմաթիվ հանդիպումներից լուսանկարներ: