Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ Այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA):
«Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ 450 000 մարդ»,- ասված է գործակալության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում:
Ըստ գործակալության հայտարարության՝ մարդիկ ուժասպառ են եղել, մատնված են սովի, և «միակ հույսը անհապաղ հրադադարն է»։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։
Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 35 000 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։