Ամեն ինչ իշխանությունների ձեռքում է, դրա համար մարդասպանին ազատեցին. Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023-ին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
168.am-ի հետ զրույցում փոխնգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, ասաց, որ այդքան աղմկահարույց միջադեպով մեկ մարդ էր բանտում նստած, բայց Եղվարդի Առաջին ատյանի դատարանը մոտ երեք ամիս առաջ դատարանի դահլիճից նրան վաղաժամկետ ազատ էր արձակել։
«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, Վերաքննիչը բեկանեց, որ հիմա այդ անձնավորությանը պետք է նորից կալանավորեն։ Հիմա մենք դեռ չգիտենք՝ կալանավորե՞լ են, թե՞ ոչ»,-նշեց Սամվել Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է նախկին մարզպետ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի մասնակցությանը, փոխնգնդապետի հայրն ասաց՝ այնտեղ չեմ եղել, հետևաբար՝ չեմ կարող հաստատել, բայց պարզ չէ՞, որ որևէ հանցագործ իր հանցագործությունը չի խոստովանի։
«Այդ ո՞ր մի հանցագործն է հանցագործությունն իր վրա վերցնում։ Հարություն Գրիգորյանն էլ հանցագործությունն իր վրա չէր վերցնում, մինչև դեպքից 2-3 տարի չանցավ։ Հիմա բոլորն էլ իրեն տեսել են այնտեղ, իրեն էլ են տեսել, եղբորն էլ են տեսել՝ Զավենին, բայց ամեն ինչ հերքեցին, վեց ամիս հետո ասացին՝ այնտեղ չի եղել, չի հարվածել»,-շեշտեց Սամվել Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ այսօր ամեն ինչ իշխանության ձեռքում է։
«Ամեն ինչ իշխանությունների ձեռքում է, դրա համար կարողացան մարդասպանին բանտից հանել, իբր թե շախմատ է խաղացել, հաղթել է, ուղղվել ու դրա համար վաղաժամկետ ազատվել է։ Ահա և ձեզ օրենք, եղավ, որ իշխանավորների ձեռքում է ամեն ինչ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել և հայտնվել անգիտակից վիճակում: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Զավեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։