Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

Պատգամավորների միջև ծեծկռտուքն ընդհատել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները քաղաքական հայտարարություններ են անում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև։

Առաջինը վեճն սկսել է իշխող կուսակցության պատգամավոր Դիտո Սամխարաձեն, որը նախ իր դիտողություններն է բացականչել «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ, ապա անցել վիրավորանքների։ Ընդդիմադիր պատգամավորներն սկսել են պատասխանել նրան, և նիստն ընդհատվել է փոխադարձ բանավոր վիրավորանքներով։

Ավելի ուշ Սամխարաձեն միջանցքով շրջանցել է նիստերի դահլիճը և մյուս մուտքից շիշ նետել ընդդիմության շարքերը, ինչին էլ հետևել է ծեծկռտուքը։ Ծեծկռտուքին մասնակցել են երկու կողմերի թե՛ տղամարդ, թե՛ կին պատգամավորներ։

Այս պահին նիստերի դահլիճում իրավիճակը հանդարտվել է, և խորհրդարանը վերադարձել է աշխատանքին:

Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031