Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է ՊՆ մամուլի խոսնակի՞ տեղը, թե՞ իրեն խաղաղ ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատար է հռչակել
Տավուշում սահմանազատման և սահմանագծման փորձնական գործընթացի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բանակը պետք է դուրս գա համապատասխան հատվածներից և ՀՀ զինված ուժերի պաշտպանական առաքելությունը հնարավորինս շուտ և արագ փոխանցվի սահմանապահներին:
«Մենք դա պետք է շատ արագ անենք: Նախ մեր զինվորականներին հնարավորություն տանք մի քիչ իրենց ծանրաբեռնվածությունը նվազեցնել: Հնարավորինս արագ պետք է անել: Պետք է հոգեբանական տրանսֆորմացիան տեղի ունենա, որ առաջնագիծը չկա այլևս, կա պետական սահման: Սա ամենակարևոր հաջողությունն է, ձեռքբերումը, որը կարելի է ունենալ որևէ բնակավայրի և երկրի անվտանգության ապահովման մեջ: Ասում են՝ բա որ բանակն էդտեղից դուրս գա, այդտեղից բանակի դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չի: Գալիս են սահմանապահները, այդ սահմանն առանց պահպանության չի մնում»,- նշել է Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր Տավուշից զորքի հետքաշման մասին, և սահմանագծման գործընթացի օրերին զորքի նահանջի և դիրքերը թողնելու մասին տեղեկություններ շրջանառվեցին արդեն ընդդիմադիր ճամբարից:
Հաշվի առնելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը որևէ հստակ և պաշտոնական բան չեն ասել կամ լրատվամիջոցներին փակ հանդիպման ընթացքում չեն ներկայացրել իրավիճակը՝ որքան դիրք է կորցնում հայկական կողմը, անվտանգային ինչ պատկեր ենք ստանալու, և տեղեկատվական դաշտում միայն Փաշինյանի, նրա թիմակիցների պաշտոնական հայտարարություններն են և ոչ իշխանական անձանց տեղեկությունները, որոնք կարող են իրականությանը չհամապատասխանել ու որոշակի շեղումներ ունենալ, 168.am-ը մայիսի 1-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարարություն՝ պարզելու՝ դիրքային ի՞նչ փոփոխություն ենք ունենալու, քանի՞ դիրք ենք կորցնելու, քանի՞ դիրքից է բանակը դուրս գալու, ո՞ր հատվածներում, արդյո՞ք կա զորքի հետքաշման գործընթաց, դա միակողմանի՞ է, թե՞ երկկողմանի:
Հիշեցնենք, որ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ՊՆ-ն և ԳՇ-ն ներկայացուցիչներ ունի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյան:
Հավելենք, որ մեր այս հարցումն ուղարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր. «Այդ հատվածում սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև Պաշտպանության նախարարությունն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը»:
Ավելին, երբ արդեն Տավուշում ականազերծման գործողությունները սկսվել էին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերթական հարցազրույցն էր տվել, որտեղ անդրադարձել էր Տավուշում կատարված սահմանազատման և սահմանագծման գործընթացում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, մասնավորապես՝ ականազերծման:
«Զինված ուժերն ականազերծումն անում է զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն: Ես դա տեղյակ եմ: Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի անունը: Բայց այդ ստորագրողն արդեն պատմության մեջ է՝ որպես դավաճան: Ինքն ինչի՞ հիման վրա է ստորագրել այդ հրամանը, հարց է: Կգա ժամանակ, բոլորի ազգանունները կտանք»,- շեշտել էր նա:
Ըստ այդմ՝ 168.am-ը որպես լրացում մայիսի 1-ի հարցման մեջ Տավուշին վերաբերող հարցադրմանը, մայիսի 4-ին ևս մեկ հարցում էր ուղարկել՝ հետևյալ հարցադրումներով՝ 1. Տավուշում ականազերծում կատարելու, ինչու չէ՝ դիրքերը թողնելու և դուրս գալու հրաման Նիկոլ Փաշինյանը տվել է բանավո՞ր, թե՞ գրավոր, կա՞ ՊՆ-ում կամ ԳՇ-ում նման գրավոր հրաման, և որպես ի՞նչ է նման հրաման տրվել՝ վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար: 2. Ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, ով Նիկոլ Փաշինյանի գրավոր կամ բանավոր հրամանի կամ հրահանգի հիման վրա համապատասխան հրաման է տվել կամ ստորագրել նման հրաման:
Մեր այս հարցումներն ուղարկելուց օրեր անց Պաշտպանության նախարարությունը մայիսի 7-ով թվագրված գրություն է ուղարկել, որտեղ անդրադառնալով մայիսի 1-ին և մայիսի 4-ին մեր հարցումներում Տավուշի հետ կապված հարցադրումներին՝ նշել է, որ դրանց վերաբերյալ «տրվել են պաշտոնական պարզաբանումներ և մեկնաբանություններ, որից զատ ներկայումս հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»:
Դիրքեր հանձնելու, դիրքեր թողնելու, զորքի հետքաշման, բանակի՝ Տավուշից դուրս գալու մասին պաշտոնական պարզաբանում ոչ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, և ոչ էլ Էդվարդ Ասրյանի ղեկավարած Գլխավոր շտաբը չի արել: Պաշտոնական մեկնաբանություն և արձագանք չի եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը՝ կապված բարձրաստիճան զինվորականի կողմից հրաման տալու հետ: Այսինքն, ինչ ասվել է, ասել է միայն Նիկոլ Փաշինյանը:
Կարո՞ղ ենք ՊՆ այս պատասխանից ենթադրել, որ ՊՆ-ն և ԳՇ-ն ոչ անուղղակի պատասխանատվությունը դնում են Նիկոլ Փաշինյանի վրա և չեն փորձում իրենց կողմից մասնագիտական որևէ պաշտոնական պարզաբանում տալ, որպեսզի հետո ասեն՝ «դու ասացիր»: Իհարկե, բանակին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից, բայց այսկերպ ՊՆ-ն փորձում է զգուշավորություն ցուցաբերել, եթե հատկապես նկատենք, որ դիրքերի հետ կապված մեր պահանջած տեղեկությունը ոչ թե համարել են ռազմական կամ պետական գաղտնիք, այլ նշել են, որ ներկա պահին հավելյալ տեղեկություն չեն կարող տրամադրել: Սպասենք իրադարձությունների զարգացմանը, թեև, կրկնենք, բանակը Տավուշում կատարվածում, ամեն դեպքում, պատասխանատվության իր չափաբաժինն ունի:
Սուրեն Պապիկյանը նախընտրում է չեզոք դիրքում մնալ
Վերադառնանք մայիսի 1-ին ուղարկված հարցմանը և նշենք, որ այդտեղ, բացի Տավուշին վերաբերող հարցերից, նաև այլ հարցեր կային:
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումը դեռ առջևում է, և, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դարձյալ ակտիվացրել է խոսակցությունները 2020 թվականի պատերազմը կանխել-չկանխելու կարողության մասին, նաև հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին՝ որպես հրավիրյալ, լինելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, մենք փորձել ենք պարզել՝ պատերազմի 4-րդ օրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկե՞լ է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տրված պաշտոնական պարզաբանումներին և մեկնաբանություններին ավելացնելու բան չունեն՝ «տրվել են պաշտոնական պարզաբանումներ և մեկնաբանություններ, որից զատ ներկայումս հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»:
Հիմա հարց է ծագում՝ պաշտոնական ո՞ր պարզաբանման հետ են համաձայն, քանի որ կա ԳՇ նախկին պետի, ըստ էության, պաշտոնական հայտարարություն: Ի դեպ, Օնիկ Գասպարյանը նման բան հայտարարել էր, երբ դեռ ԳՇ պետ էր՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում, իսկ արդեն Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր Գասպարյանի ասածը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել այս փաստը, ավելի ուշ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան-Օնիկ Գասպարյան «փոխհրաձգության» ժամանակ հետ էր կանգնել իր խոսքից: Այս բոլոր պարզաբանումներն էլ պաշտոնական են, ընդ որում, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական երկու կարծիք է հայտնել՝ իրար հակադիր:
Այսինքն՝ Սուրեն Պապիկյանը նախընտրել է չեզոք դիրք գրավել և չհակադրվել և ոչ մեկի՞ն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում կրկին հիշել է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին, և չի բացառվում, որ նոր գաղտնազերծումներ անի:
Իսկ ՊՆ-ին ուղղված մայիսի 1-ի մեր հարցման մեջ նաև հետաքրքրվել էինք՝ ի՞նչ ճակատագիր է ունեցել 2020 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրված ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիրը, որի մասին պաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր, և որից անցել է 3 տարի:
Այսինքն, առանց արդիականացման լուծումների մասին մանրամասնություններ հայտնելու, խնդրել էինք ընդամենը պատասխանել՝ այդ պայմանագիրը գործնական փուլ տեղափոխվե՞լ է, և արդյո՞ք նույն բովանդակությամբ, ինչպես կնքվել է, թե՞ եղել են վերանայումներ, հատկապես, երբ Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի միջոցով արդիականացնել իր զինանոցում եղած ռուսական Սու-25 գրոհիչները:
Այս հարցով տեղեկատվության տրամադրումը մերժվել է: Գուցե վերանայել են պայմանագիրը, դրա համար չեն ցանկանում պատասխանել:
Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ Ադրբեջանին առաջարկում է սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր կնքել և պատրաստ է ՀՀ զինանոցը բացել թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ: Սրա հե՞տ էլ է ԳՇ-ն համաձայն: