«Երբ ասում ենք` այսինչ պետությունը մեզ դավաճանեց, սա խոսում է քո ոչ ռեսուրսային լինելու մասին, որ կարողանում են քեզ և՛ օգտագործել, և՛ դավաճանել». Հոգեբան

Եթե 20-րդ դարը համարվել է տագնապի ժամանակաշրջան, ապա դեպրեսիան համարվում է 21-րդ դարի աղետը:

Ընկճախտի կամ դեպրեսիայի մասին զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանի հետ:

Հաճախ ասում են, որ դեպրեսիան կապ ունի տխրության հետ, ու մարդիկ չեն կարողանում տարբերակել՝ իրենք տխո՞ւր են, թե՞ դեպրեսիոն վիճակում: Որո՞նք են դեպրեսիայի նշանները:

– Հասարակությունը հաճախ դեպրեսիան չի տարբերում սթրեսից, սթրեսը՝ անհանգստությունից, և այլն: Տխրությունը հույզ է, որն առաջանում է, երբ մեզ համար որևէ կարևոր ռեսուրսի կորուստ ենք ունենում: Այսինքն, տվյալ ռեսուրսն անհետանում է ինչ-որ ձևով, և մենք համաձայն ենք լինում դրա կորստի հետ: Դեպրեսիվ հակազդումն էպիզոդիկ չէ, պարզապես հոգնածություն չէ, իսկ եթե խոսենք կլինիկական դեպրեսիայի մասին, ապա դա ինքնուրույն հաղթահարելը գրեթե անհնար է, դրա համար խորհուրդ է տրվում դիմել հոգեբույժի, հոգեթերապևտի: Դեպրեսիան հուզական, անօգնականության, էներգիայի բացակայության վիճակների համալիր է՝ ուժգին արտահայտված և երկար տևողությամբ: Մարդը չի ցանկանում ոչինչ անել և մշտապես տխուր է:

Կարդացեք նաև

Մասնագետները նշում են, որ եթե երկու շաբաթից ավելի կա տխրություն և այլ նշաններ, ապա դա խոսում է դեպրեսիայի մասին:

Սա նշանակում է, որ կա մի ներքին պատճառ, որն առաջացնում է հուզական փոփոխություն: Հույզի ներքո ընկած են միտքն ու համոզմունքը: Հույզն ինքնին հակազդումն է մեր հոգեբանական կոգնիտիվ աստիճանին: Օրինակ, ես մտածեցի ինչ-որ մի բան, դրա արդյունքում առաջացավ համապատասխան հույզ, տեղի ունեցավ որևէ արտաքին փոփոխություն, ես ինչպե՞ս վերաբերվեմ դրան՝ մտածողական առումով: Իմ մտքի համապատասխան՝ արդեն առաջանում է տվյալ հույզը: Հետևաբար, եթե անձը երկու շաբաթ տևողությամբ մշտապես տխուր է, սա նշանակում է, որ անձն ունի այնպիսի չբավարարված ներքին հատվածներ, մտքեր, որոնց արդյունքում առաջանում է համապատասխան հույզը, ինչն էլ պարզապես մեր ներսում կատարվողի ցուցիչն է: Հույզը պարզապես ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մեր ներսում:

Սովորաբար ասում են՝ առաջինը մարդն է իր հոգեբանը. անհատն իրեն ինչպե՞ս կարող է հանել դեպրեսիայից՝ գիրք կարդալ, երաժշտություն լսել…:

– Որպես մասնագետ՝ զերծ կմնամ այդ պոպուլյար վերաբերմունքից. մտքի ուժ, հասկացություն, որ ամեն ինչ վերադառնում է քեզ, դու ես քո հոգեբանը, և այլն: Եթե այդպես լիներ, մասնագետներ չէին լինի: Հիմա հարց տամ. եթե ունեմ ատամնացավ, ինքնուրույն ի՞նչ կարող եմ անել՝ մեծ հաշվով, ցավը մեղմացնող դեղ խմել: Այսինքն, անձը, երբ ճգնաժամային վիճակում է, հոգեբանական ցավից չի կարողանում ազատվել, դրա արդյունքում ծնված հույզն իր համար բավականին ցավեցնող է, հետևաբար՝ անհրաժեշտություն ունի դա պարզապես չզգալ, հետևաբար՝ գնում է այնտեղ, որտեղ այդ հույզը չկա: Գնում է այնտեղ, որտեղ այլ հույզեր չկան, օրինակ, կախվածություն է ձեռք բերում ազարտային խաղերից, խմիչքից, ծխախոտից, էքստրեմալ սպորտաձևերից: Կախվածություն են ձեռք բերում քաղցրավենիքի նկատմամբ: Այսինքն, մարդիկ գնում են «ցավազրկման»: Խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև գնում է այլ դաշտ: Եթե հասկանում ես, որ խնդիր կա, ու ուշ ես դիմում մասնագետի, այն խորանում է:

Դեպրեսիան ունի նաև թաքնված նշաններ։ Եթե մարդն ունենում է գլխացավ կամ սրտի շրջանում ցավ, նյարդային լարվածություն, սկզբում դիմում են բժշկի: Կա՞ հոգեբան, հոգեբույժ և բժիշկ կապը:

– Ընդհանրապես, հասարակությունում քանի որ հույզի կրթվածությունն այնքան էլ բարձր չէ, չեն տարբերում հոգեբանին հոգեբույժից, ընդհանրապես չեն հասկանում հոգեբույժի գործառույթը: Հոգեբույժը բժիշկ է, ով ուսումնասիրում է հոգեկանի և ֆիզիոլոգիական կապը, հասկանում, օրինակ, նյարդային համակարգի ո՞ր խնդրի դեպքում կամ օրգանական ինչպիսի՞ խնդրի դեպքում հոգեկանում ինչպիսի փոփոխություն է տեղի ունենում: Հոգեբանն աշխատում է անձի հետ, հոգեբույժը՝ հոգեֆիզիոլոգիական հատվածների:

Ինչ վերաբերում է դեպրեսիայի թաքնված նշաններին, ապա կարևոր է, որ տևողությունը լինի երկար: Կարող ես անտարբեր դառնալ աշխարհի նկատմամբ, որևէ բան անելու հավես չունենալ, արթնանալ հոգնած, աշխատանքը չի հետաքրքում, մոտիվացիան ցածր է, կարծես չես կարողանում ապրել: Անհատը զգում է, որ կան որոշակի չբացահայտված և չպատճառաբանված տագնապներ, անհանգստություններ: Եթե այդ վիճակը երկարատև ու խորքային է, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետի։

– 2015թ. ՀՀ-ում ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ հասարակության 40 տոկոսն ունի դեպրեսիա, իսկ կորոնավիրուսից հետո դեպրեսիա ունեցել է 35 տոկոսը: Ինչպե՞ս հասարակությանը հանել դեպրեսիայից:

– Հարցը ռազմավարական է: Պատերազմից հետո ևս անհանգստությունը շատ բարձր է: Հայաստանը մշտապես ցնցումների է ենթարկվում: Պետությանը համարենք ծնող, հասարակությանը՝ երեխա: Պատկերացրեք, երեխան մշտապես տեսնում է տնտեսական վատ վիճակ, ռեսուրսների բացակայություն… նրան փոխանցվում է անկարողություն: Հետո տեսնում է ցնցումներ, օրինակ, ֆիզիկական կռիվներ, կրկին պատերազմ, ապրելու դժվարություն, որոնք պետք է հաղթահարի: Անհարժեշտ է ինստիտուցիոնալ աստիճանում անդրադառնալ տվյալ խնդրին: Իհարկե, պատերազմի հետևանքով հոգեբանական վիճակի փոփոխություն կլինի, ուստի պետք է ոչ թե ասել, թե ինչպես սա անել, այլ պետք է կրթել, այսպես ասած՝ դաստիարակել: Մեր հասարակությունը բավականին խոցելի է, ունի անկայուն հուզականություն, մշտապես շտապում է, ունի մեծամտություն, անհամբեր է, անհանդուրժող, չի սիրում մտածել:

Մի հատվածը կախված է նորություններից, մի հատվածը՝ ավանդույթներից: Սա կարծես դեռահասի հոգեբանություն լինի, ով տեղափոխման շեմին է՝ մանկությունից դեպի մեծահասակի կյանք: Պետք է հասարակության մեջ ձևավորել առողջ արժեքներ, բնավորության առողջ գծեր: Եթե քո երիտասարդությունը միայն սոցիալական ցանցերում է, նկար է տեղադրում, սիրում է ուշադրության կենտրոնում լինել, ապա պատերազմական ներկա վիճակը, մեծ հաշվով, այնքան աղետաբեր չէ, ինչքան տվյալ հասարակության երիտասարդության հետաքրքրությունների, բնավորությունների պահանջմունքների շերտը: Եթե անձը հասուն է, իր կորստին կարողանում է ադեկվատ հակազդել, կարողանում է կորցրած ռեսուրսը վերագտնել:

Անընդհատ ասում են՝ հաջորդը Սյունիքն է։ Սա ինչպիսի՞ հոգեկան ազդեցություն է ունեալու հասարակության վրա:

Դասական հոգեբանական պատերազմի ազդեցություն: Երբ ասում ենք՝ հաջորդը Սյունիքն է, չգիտենք՝ դա մե՞նք ենք ասում, թե՞ հակառակորդը: Եթե տվյալ նյութը կիսում են, գրում նյութ, խոսում անկարողության մասին, որ պարտվելու ենք, տարածում ենք զոհի այն բարդույթը, որից ոչ մի կերպ չենք կարողանում դեռ ազատվել: Երբ ասում ենք՝ այսինչ պետությունը մեզ դավաճանեց, սա խոսում է քո ոչ ռեսուրսային լինելու մասին, որ կարողանում են քեզ և՛ օգտագործել, և՛ դավաճանել: Չի՛ կարելի կենտրոնանալ սրա վրա: Ունենք զոհի բարդույթ, որից օր առաջ պետք է ձերբազատվենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս