
Փաշինյանը հրահանգեց նախարարներին սկսել «քարոզարշավ» և լվանալ քաղաքացիների ուղեղները»
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններով Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր հարթություն: Այսօր կառավարության նիստում նախ նա կառավարության բոլոր անդամներին շնորհավորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, ապա նշեց.
«Կառավարության կազմով, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, հանրապետության նախագահի, խորհրդարանական մեր գործընկերների մասնակցությամբ, նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումների շարք ենք ունեցել: Ես հրավիրել եմ, Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ, քննարկումներ ու տեքստի վերլուծություններ ենք ունեցել: Եվ եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել»:
Նա շեշտեց, որ սրանով իրենց աշխատանքը ոչ թե ամփոփվում, այլ սկսվում է:
«Ես համոզված եմ, որ այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ, զարգացման նոր հարթություն: Եվ այստեղ մեր աշխատանքի բովանդակությունն ու էներգիան պետք է ավելին լինի: Մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի: Առջևում շատ մեծ աշխատանք կա անելու: Դա կառուցողական, խաղաղ, ստեղծագործ աշխատանք է: Եվ մենք բոլորս պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,- հավելեց Փաշինյանը:
Նա կարևորեց նաև հանրային հաղորդակցությունը, որ քաղաքացիները հասկանան, թե կառավարությունն ինչ է անում և ինչու է անում:
«Նույնիսկ ամենամեծ ձեռքբերումները խնդրահարույց են, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կառավարության անդամները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն հանրային հաղորդակցությանը: