Նվաստացողը, արժանապատվություն չունեցողը դատապարտված է պարտությունների ու ոչնչացման
Հայ ժողովուրդը չի՞ սիրում հաղթողներին:
Ինչ-որ բան, գուցե գենետիկ պատմության հարթության մեջ, սխալ է գնացել: Ու դրա խորացումը կոնկրետ կենտրոններից արագացնում են: Որպես կանոն, նման փոփոխությունների և ցանկալի արդյունքների հասնելու համար աշխարհաքաղաքական կենտրոններում լաբորատորիաներ, վերլուծական, ուղեղային կենտրոններ են աշխատում:
Մեկ բացիլը բավական էր՝ այդ ամբողջը վերհանելու ու որպես վարակ՝ ինֆեկցիա տարածելու համար:
2018-ին այդ բացիլը դաշտ նետվեց: Գտնվեց ամենավիրուսակիր բացիլը: Նույնիսկ սոցցանցային ալգորիթմներն են ախտը, բացասականը գեներացնելու սկզբունքով աշխատում: Նեյրոնային ցանցերն էլ են աշխատում մարդու ուղեղի սկզբունքով՝ գեներացնելով և կլանելով բացասական, հեշտ մարսելի, արագ տարածվող, այդ թվում՝ կենսաբանական, պատկերային, գենետիկ, պատմական ինֆորմացիան: Նեյրոնային ցանցերը, որոնք օգտագործվում են այս կամ այն առաջադրանքի համար, մինչև կոդերի վերածվելը, լցվում են նախապես մշակված հսկայական տվյալներով: Ահա այդ ցանցի անսահման հնարավորությունն է ասես փորձարկվում հայ ժողովրդի վրա՝ ներբեռնելով ամենապախարակելի, ամենաստորին, ամենադատապարտելի, ամենաամոթալի, ամենանվաստացուցիչ, ամենադավաճանական, ամենաքստմնելի երևույթները մեկ անձի մեջ: Որ ասեն՝ հավաքականորեն սա եք դուք:
Նիկոլ Փաշինյանը, ահա, դրա ամբողջական կոդն է: Նվաստացումների, բարդույթների, վախերի, ստորությունների, արատների, բոլոր տեսակի ախտերի մարմնավորողը՝ չարությամբ դագաղներով իշխանության եկողը, արյունով, երկիրը հանձնելով իշխանություն պահողը:
Իրական հաղթողներից մեկը՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, Հայաստանի բանտում է: Արցախի նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաները՝ պետնախարար, ԱԺ նախագահ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և տեղակալ, Բաքվի բանտում են:
Սա բոլորիս ամոթն է:
Ու այդ ամենի հեղինակը վերը նշված մերժելի հատկություններով օժտված և արժանապատվություն չունեցող մեկն է, որը շարունակում է հանձնել հայրենիքը, սպանել հայ երիտասարդներին, որոնք սերունդներ պետք է տային… Մեկը, ով Գրանադաներում նապաստակի ու ընձուղտի հայտնի անեկդոտի նման աջ ու ձախ՝ պատահածին համբուրում է՝ փորձելով արժանանալ նրանց բարեհոգությանը՝ իր իշխանությունն ավելի ձգելու համար: Ուտել և վրեժխնդիր լինել իր պատանեկան և հասուն շրջանների անձնական դժբախտությունների համար:
Նույնիսկ Արայիկ Հարությունյանին, ով հանցակից է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանի՛ իրավապահ մարմինները պետք է դատապարտեն, բայց ոչ ստահակ Ալիևը:
Ազգային թասիբ, ամոթ, արժանապատվություն չկա՞: Նման հատկություններից զուրկ մարդուն նույնիսկ չեն հարգում, ուր մնաց՝ արժանապատվությունից զուրկ ազգին:
Ո՛չ ոք չի հարգելու արժանապատվություն չունեցող դավաճանին, խաչագողին:
Արժանապատվություն, ամոթ չունեցող ազգերն արժանի են ոչնչացման: Հաղթողին չգնահատողը, նվաստացողին պատվողը դատապարտված է մշտական պարտությունների:
Որևէ մեկը կասկած ունի՞, որ Ալիև-Փաշինյան զույգը միասին է գերեվարվողների ցուցակը կազմում: Երկուսի հոգիներն էլ, թերևս, փառավորվում են Բաքվի տարածած կադրերը տեսնելով:
Բայց նույնիսկ Բաքվի տարածած կադրերում գերեվարվածներն ավելի արժանապատիվ են, քան այսօր քաղաքական որոշումներ կայացնողները, Ալիևի առաջ չորս տակ ծալվողը ու ալգորիթմները սնուցող ֆեյսբուքյան ստատուսչիները:
Հայի հաղթող ու արժանապատիվ տեսակն են փորձում ոչնչացնել: Բացիլը՝ կոդը գրված է ու դաշտ է նետված, ունի կոնկրետ անուն և ազգանուն:
Ամոթ կունենա՞նք, կհասցնե՞նք տեղի ունեցածից գետինը մտնել ու ձերբազատվել համազգային այս նվաստացումից, վեր հառնել՝ ազատվելով քայքայիչ այդ բացիլից, վերականգնելով մեր ազգային արժանապատվությունը, թե՞ մի ամբողջ ազգի գետնին կհավասարեցնեն:
Թե՞ սա էլ կմարսենք: Սա է հարցը:
Ս.Ս.