
Արցախի նախագահների ու մյուս գործիչների ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է. նրանք խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը. Արման Թաթոյան

Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այս որոշումները բացառապես պայմանավորված են ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության, վրեժի շարժառիթներով:
Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:
Ուստի, ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը հատուկ հենց այդ նպատակներով էլ հրապարակել է նրանց բոլորի ազատազրկման ու հետապնդման տեսանյութերն ու լուսանկարները:
Հետևաբար նրանց ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր հայրենակիցներին ազատելու համար:
Ինչպես արդեն ասել եմ, նրանց ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»: