«Մեր երկրում վարձով տների գները համադրելի են Եվրոպայի հետ, բնակարանների վիճակն ու մարդկանց կենսամակարդակը՝ ոչ… սպասելիքները ևս լավատեսական չեն». տնտեսագետ

Դեռևս 2021 թվականի սկզբներին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին գրեթե զուգահեռ՝ դեպի Հայաստան ռուսների մեծածավալ հոսք սկսվեց: Այդ իրադարձություններով պայմանավորված՝ անցած երկու տարիներին, մեր երկրում բնակարանների վարձավճարների նկատելի աճ արձանագրվեց:

Նախկինում մինչև 150.000 դրամով տրամադրվող երևանյան բնակարանները քաղաքացիներին սկսեցին տրամադրվել 200.000, անգամ 250.000 դրամով:

ՀՀ-ում վարձավճարների մեկ այլ՝ նոր ալիք բարձրացավ արդեն Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ ցեղասպանական գործողություններից հետո, երբ մեր հայրենակիցները ստիպված եղան հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը՝ տեղափոխվելով Հայաստան:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ զուտ շուկայական տեսանկյունից դիտարկելու պարագայում, այս երևույթը կարելի է բացատրել հետևյալ կերպ՝ «պահանջարկի աճելուն զուգահեռ՝ առաջարկը համաչափ չի ավելանում, իսկ շուկայի վրա առաջացած ճնշումը բալանսավորվում է գների բարձրացմամբ»:

Կարդացեք նաև

Հարցին, թե առկա իրավիճակի վրա զսպող ի՞նչ մեխանիզմներ կարող են գործարկվել՝ հաշվի առնելով, որ թանկացումներն անդրադառնում են՝ ինչպես բնօրրանից զրկված արցախցիների, այնպես էլ հայաստանցիների վրա, նա պատասխանեց.

«Պետք է նկատի ունենալ, որ այս ընթացքում պետությունն արցախցի մեր հայրենակիցների բնակարանային վարձավճարի միայն մի մասն է տրամադրում: Եթե իրենց տրվում է 100.000 դրամ, իսկ բնակարանի վարձավճարն աճել է նախկին գնից ևս 100.000 դրամով, ապա պարզ է, որ իրենք էլ չեն կարող վճարել, ինչպես և հայաստանցիները: Սա համակարգային խնդիր է: Իհարկե, կարելի է ամոթանք տալ գներ բարձրացնողներին՝ հատկապես փախստականների մասով: Կարելի է փորձել որոշակի խոսքերով այդ խնդիրը լուծել, բայց դա տեղի չի ունենա»։

Նրա խոսքով՝ մարդիկ կարողանում են շրջանցել անգամ իրավական կարգավորումները:

Այս պարագայում, ըստ մասնագետի, գործ ունենք քաղաքացիների մաքուր ֆինանսական շահի հետ, իսկ այդ հսկայական հոսքերը չեն կարող վերահսկվել պետության կողմից: Այս առումով, տնտեսագետն առավել արդյունավետ է համարում արցախցի մեր հայրենակիցների բնակեցման գործընթացն առավել կազմակերպված իրականացնելու տարբերակը:

Նրա խոսքով՝ դա կարելի էր անել Արցախի կոնկրետ բնակավայրից բռնի տեղահանվածների տարբեր հատվածներին ՀՀ հստակ բնակավայրերում միասնաբար վերաբնակեցնելու, գյուղացիներին գյուղական տան, տնամերձի ու անասունների հստակ տրամադրման պարագայում:

«Ինչ վերաբերում է վարձատուների համար նախատեսված 10 տոկոս հարկին, ապա դա միշտ ծնել է մոխրագույն շուկա: Այն չի կարող կարգավորող մեխանիզմ դառնալ, քանի որ այդ հարկը վճարում են շատ քչերը, հիմնականում՝ կոմերցիոն կամ բիզնես, և ո՛չ բնակելի տարածքների համար: Այսինքն, այս բոլոր գործարքների մեծ մասը պետության համար թափանցիկ չէ:

Ես, օրինակ, այդ հարկը կդնեի շատ փոքր՝ պայմանական՝ 2,5 տոկոսի չափով, բայց կփորձեի գանձել բոլորից: Դա պետությանը թույլ կտար նախ ադեկվատ պատկեր ունենալ առկա իրավիճակի մասին, մյուս կողմից՝ պետությանը թույլ կտար հանդես գալ՝ որպես արբիտր: Պարզ է, որ այն պայմանագրերը, որ կնքվում են, կամ շատ դեպքերում չեն էլ կնքվում վարձի գործարքների մասնակիցների միջև, իրավական որևէ ուժ չունեն: Այստեղ արդեն առկա է վտանգ, որ մարդիկ կարող են տուժել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տնտեսագետը նկատեց՝ Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ աշխատավարձի միջին չափը 260.000 դրամ է, որից փորձագետը հանեց հարկերն ու հաշվի առավ բոլոր մյուս փաստերը, և ստացվեց, որ իրականում Հայաստանի 1 միջին վիճակագրական քաղաքացին տիրապետում է ամսական ո՛չ ավելի, քան մինչև 150.000 դրամ գումարի:

«Մեր երկրում, միջին վիճակագրությամբ, ընտանիքները կազմված են 3.2 հոգուց, որոնցից աշխատում է միջինում 1.5-ը: Այսինքն, կոշտ հաշվարկով՝ 32 հոգուց զբաղված է 15 հոգին կամ նույնիսկ ավելի քիչ, որոնք ստանում են աշխատավարձ: Այսինքն, ստացվում է, որ միջին ընտանիքում կա միայն 1 հոգի, որը 150.000 դրամ է ստանում, և գուցե նաև լրացուցիչ հնարավորություններ կան, բայց հիմնականում դրանք էլ սահմանափակ են: Եթե բնակարանի վարձն էլի գոնե միջինում 150.000- 200.000 դրամ է, ապա սա շատերի համար անհնարին է վճարել, եթե 1 հոգի է աշխատողը: Եթե մենք խոսում ենք ընտանիքի մասին, որտեղ թեկուզ երկու հոգի է աշխատում, ու միասին ստանում են 300.000 դրամ, ապա պարզ է, որ նրանք չեն կարող կատարել այն վճարները, որոնք այսօր շուկայում կան»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ հավելելով, որ սա արդեն իսկ դառնում է սոցիալական խնդիր, որի լուծումը տեսանելի չէ:

Այս համատեքստում փորձագետը նկատեց, որ Հայաստանում բնակարանների վարձավճարները համադրելի են եվրոպական գների հետ, և սա այն պարագայում, երբ Հայաստանի բնակարանային պայմանները, մարդկանց կենսապայմաններն ու վճարումը կատարելու կարողությունները գրեթե որևէ ընդհանրություն չունեն այդ երկրների բնակիչների կարողությունների հետ:

Փորձագետի կանխատեսումները միանշանակ լավատեսական չեն նաև դրամի արժեզրկման ու դոլարի արժեվորման ֆոնին:

Ըստ նրա՝ առկա իրավիճակն առաջացավ նախնական պանիկայի պայմաններում, երբ մարդիկ սկսեցին իրենց գումարները վերածել դոլարի ու տեղափոխել արտասահման: Արդյունքում, փորձագետի խոսքով, շուկայում երկու շաբաթվա ընթացքում ստեղծվեց մոտավորապես 150 մլն դոլարի չափով գերպահանջարկ, ինչն էլ հենց պայմանավորեց դրամի անկումը:

«Եթե նախկինում շաբաթական միջին պահանջարկը կազմում էր 15 մլն դոլար, ապա այս անգամ այն կազմել է մոտավորապես 90 մլն դոլար: Սա բավականին տարբեր ցուցանիշ է: Այս պարագայում կա երկու հիմնական բացասական սպասելիք՝ առաջիկայի հետ կապված. առաջինը կապված է ՀՀ կառավարության կողմից վարվող հակառուսական քաղաքականության հետ, որը բերելու է տնտեսական վատ հետևանքների՝ Ռուսաստանի կողմից հայկական բիզնեսի համար սահմանափակումներ մտցնելու տեսքով: Երկրորդը՝ քաղաքացիների ֆինանսական վախերն ու ֆինանսական հետագա պատկերն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հրանտ Միքայելյանի գնահատմամբ, վերջին երկու տարիներին՝ վերաարտահանումների մասով, Հայաստանի ձեռք բերած դերը կորցնելու դեպքում մեր երկրում ևս կփոխվի վճարային հաշվեկշիռը, ինչը միայն բացասաբար կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա:

«Այդ ժամանակ արդեն դրամը կարող է արժեզրկվել ոչ թե պանիկայի, այլ հենց երկարատև միտումից ելնելով»,- եզրափակեց փորձագետը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս