
«Հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». միանշանակ հարցը քաղաքական է». ծաղկեգործ
Տևական ժամանակ է՝ ծաղկեգործները բողոքում են, որ իրենց մշակած ծաղիկները չեն արտահանվում Ռուսաստան, որի արդյունքում կրում են մեծ վնասներ։
Երեկ ծաղկեգործները «Զվարթնոց» թաղամասում բողոքի ակցիա իրականացրեցին, որի ժամանակ Երևան-Էջմիածին ճանապարհին լցրել էին իրենց մշակած ծաղիկները։ Դրանից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ ՍԱՏՄ ղեկավարի գլխավորությամբ կազմակերպելու է հանդիպում ծաղկեգործների հետ՝ խնդիրը քննարկելու համար։
Այսօր տեղի ունեցավ նշված հանդիպումը, որից հետո ծաղկեգործներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քննարկումն ըստ էության իրենց որևէ բան չի տվել։
«Մեր հարցերը լսեցին, պատասխանները տվեցին, բայց ոչ բոլորն են մեզ գոհացնում։ Ես հարց եմ բարձրացրել, որ ՍԱՏՄ-ն ֆիզիկապես ի վիճակի չէ բոլոր ջերմոցները մտնել ու ստուգել։ Մարդիկ այս պահի դրությամբ ծաղիկները թափում են»,- նշեց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում ծաղիկներ կարողանում էին արտահանել ՌԴ, հիմա՝ ոչ, ծաղկեգործը լրագրողներին հորդորեց այդ հարցը տալ ՍԱՏՄ ղեկավարին, անձամբ նրան այդ հարցը տվել է, սակայն վերջինիս պատասխանը գոհացուցիչ չի եղել։
Նրա դիտարկմամբ՝ ՌԴ ծաղիկ չարտահանելու հարցը քաղաքական է։
«Եթե ես 15 տարի ծաղիկ եմ արտահանել ՌԴ, եղել է տրիպսով, որի պատճառով ինչ-որ քանակ այրել են, ապա դա իմ խնդիրն է, իմ պատճառով մյուս ջերմոցատերն ինչո՞ւ է տուժում։ Եթե համատարած չեն թողնում, ուրեմն՝ քաղաքական է, թե ինչո՞ւ է այդպես, չեմ կարող ասել, ինքս քաղաքական գործիչ չեմ։
Գնալու եմ և մեր գործընկերներին ներկայացնելու եմ, թե այստեղ ինչ ենք քննարկել ու խոսել, թող որոշեն՝ ինչ ենք անելու։ Կրկնում եմ՝ իրենց պատասխանները մեզ համար գոհացուցիչ չեն»,- շեշտեց նա։
Նա նաև ասաց՝ ծաղիկը Հայաստանից հասնում է Վերին Լարս, այնտեղ կանգնում է 8 օր, և եթե 8 օր հետո նույնիսկ բոլոր փաստաթղթերը նորմալ լինի, ծաղիկն այլևս ապրանքային տեսք չի ունենա։
«Հանդիպումից հասկացանք՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք», այդպես եմ ենթադրում»,- ընդգծեց նա։
Նշնեք, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում