«Վախի մթնոլորտ են տարածում՝ դժգոհ զանգվածին լռեցնելու համար. վաղ թե ուշ մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու». Նահատակված Ժորա Սահակյանի հայր

Հունիսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Մինչ կալանավորելը, իրավապահները խուզարկություն էին կատարել Արա Ռոստոմյանի բնակարանում և մեքենայում, սակայն, ինչպես փաստաբան Վահան Հովհաննիսյան էր հայտնել՝ կասկածելի որևէ բան չէին հայտնաբերել։

Իշխանություններն Արա Ռոստոմյանին և նրա հետ կալանավորված 15 անձանց, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, մեղադրում են երկրում «ահաբեկչություն և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու» մեջ։

44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Սահակյանի հոր՝ Վահիդ Սահակյանի խոսքով՝ իշխանությունները նման գործողությունների են դիմում, որպեսզի երկրում, քաղաքացիների շրջանում ստեղծեն վախի մթնոլորտ։

«Այնպես են անում, որ մարդիկ նայեն ու ասեն՝ եթե այս իշխանությունը հերոսների ծնողների հետ է այսպես վարվում, ապա իրենց հետ ավելի վատ կվարվի, եթե փորձեն որևէ կերպ իրենց դժգոհությունն արտահայտեն։

Կարդացեք նաև

Կրկնում եմ՝ վախի ու սարսափի մթնոլորտ են տարածում՝ դժգոհ զանգվածին լռեցնելու համար, սա է իմ եզրակացությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահիդ Սահակյանը։

Նրա խոսքով՝ 5 տարի է՝ որդեկորույս ծնողներն ասում են, որ իրենց որդիների զոհվելու, Արցախի կորստի մեղավորը պետք է պատժվի, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց որևէ արդյունք չունեն։

Նա նշեց, որ շարունակելու են արդարություն պահանջել, քանի որ այս ճնշումներն իրենց չեն վախեցնում։

«5 տարի է՝ ես մեղավոր եմ փնտրում, եթե իմ տված բոլոր հարցազրույցները կարդաք, ես նույն միտքն եմ կրկնում։ Եթե նույնիսկ իմ հարազատ եղբայրը լինի մեղավորը, նա պետք է պատժվի, պատասխանատվության ենթարկվի, պետք է, ի վերջո, մենք հասկանանք՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ կորցրեցինք և՛ մեր տղաներին, և՛ մեր հայրենիքն ու գերեզմանները։ Ճիշտ է, այսօր մենք գտնվում ենք մեր Մայր հայրենիքում, բայց մեր ծննդավայրն ունի իր քաղցրությունը։ Մինչև վերջ ես պետք է գնամ, որ մեղավորը պատասխանատվության ենթարկվի, մինչև կյանքիս վերջ եմ պայքարելու»,- շեշտեց Վահիդ Սահակյանը։

Նա վստահ է՝ քանի դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է ու այս իրավապահ համակարգը, ապա արդարադատություն ակնկալելն իրատեսական չէ։

«Ամբողջ իրավապահ համակարգը՝ ուժայիններով՝ գտնվում է մեկ մարդու ձեռքում, պարզ է, որ որևէ արդյունք չենք կարող սպասել։

Ես մեկ բանում եմ վստահ՝ վաղ թե ուշ մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու, արդարադատություն պետք է լինի, թեկուզ տասնամյակներ անցնեն։ Մեզ հուզող հարցերի պատասխանները մենք աներկբա պետք է ստանանք»,- ընդգծեց Վահիդ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս