ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը. POLITICO

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կքննարկեն Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի չեղարկման հարցը՝ երկրի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից «բողոքի խաղաղ ցույցերի ճնշման» պատճառով:

Այս մասին հաղորդում է եվրոպական POLITICO հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:Պարբերականի տվյալներով՝ անայցագիր ռեժիմի դադարեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է: Ընդ որում, նշվում է, որ ԵՄ-ն արդեն մի քանի ամիս ձեռնպահ է մնացել «Վրացական երազանք»-ի դեմ որևիցե գործողություն ձեռնարկելուց, քանի որ հանդիպել է «ԵՄ երկրների ոչ մեծ խմբի դիմադրությանը»:

Վրաստանում բողոքի ցույցերն սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին: Հանրահավաքների առաջին շաբաթը եղել է ամենալարվածը:

Թբիլիսիում ցուցարարների մի մասը հրատեխնիկա է գործադրել ուժայինների դեմ, վերջիններս էլ կիրառել են  ջրանետիչներ և արցունքաբեր գազ: 

Բողոքի ցույցերի առիթ է ծառայել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիության  անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել նրա բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառ են դարձել ԵՄ-ի կողմից մշտական շանտաժն անդամակցության շուրջ երկխոսություն սկսելու առիթով, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղարկելու պահանջները և Վրաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչերը:

Տեսանյութեր

Լրահոս