
ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած հայտարարություններին։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են, դրանցից որոշներն ուղղված են անձամբ Պուտինին: Մեզ, անկասկած, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար»,- ասել է նա լրագրողներին:
Ըստ Պեսկովի՝ անհրաժեշտության դեպքում Պուտինն ինքը կմեկնաբանի Թրամփի խոսքերը Ռուսաստանի և իր մասին։
Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել է, որ եթե 50 օրվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնություն չհաստատվի, ԱՄՆ-ն 100% մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա, և երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ:
Նա նաև հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես հիասթափված եմ նրանից, բայց չեմ դադարում գործ ունենալ հետը»,- նշել է նա բրիտանական հեռուստաընկերության հետ զրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա գործարքի հասնել Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ, երբ Թրամփին հարցրել են Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ վստահություն ունենալու մասին, նա ընդգծել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։