
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. Կալաս

Եվրամիությունը լուրջ հետընթաց է տեսնում Վրաստանում և քննարկում այդ առնչությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ անայցագիր ռեժիմի կասեցումը։ Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունից, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։
«Մենք քննարկում ենք Վրաստանի հարցը, մենք լուրջ հետընթաց ենք տեսնում Վրաստանում և քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Բոլոր տարբերակները սեղանին են, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը և այլ տարրեր, որոնք կստիպեն Վրաստանի կառավարությանը փոխել իր հաշվարկները», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Կալասը նաև հաստատել է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակում կա երկու դատավոր, քանի որ երիտասարդ ցուցարարների նկատմամբ անհամաչափ վերաբերմունքի մաս է կազմում նաև դատական համակարգը։ Ըստ նրա՝ այդ հարցը քննարկվում է։
«Այսօր մենք նամակ կուղարկենք Վրաստան՝ վիզայի ազատ ռեժիմի վերաբերյալ, նրանք պետք է կատարեն որոշակի պայմաններ, և եթե այդ պայմանները չբավարարվեն որոշակի ժամանակահատվածում, ապա մենք ստիպված կլինենք կասեցնել վիզայի ազատ ռեժիմը», – ասել է Կալասը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ աշխատում են Վրաստանի վերաբերյալ որոշումների վրա, մասնավորապես՝ պատժամիջոցների և անայցագիր ռեժիմի կասեցման, սակայն խնդիրն այն է, որ դեռ պետք է հաղթահարեն անդամ պետություններից մեկի վետոն։ Վրաստանը ԵՄ-ի դժգոհությունն առաջացրել է 2024 թ. նոյեմբերի 28-ի մեկնարկած բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Ցույցերի առիթ էր դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։