
Կրեմլին ժամանակ է հարկավոր Թրամփի վերջին հայտարարությունները վերլուծելու համար. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի ուշ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ուկրաինայում պատերազմի մասին, սակայն առայժմ Ռուսաստանը կուսումնասիրի դրանք։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավական լուրջ են։ Դրանցում ինչ-որ բան ուղղված է անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ «եթե և երբ նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, ապա նա անպայման կմեկնաբանի դա»։ Կրեմլի խոսնակը նաև մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարցրել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա հնարավոր հարվածների մասին։
«Նման հռետորաբանությունը միայն հիմա չէ, որ հայտնվել է։ Որպես կանոն, այդ ամենը շատ հաճախ կեղծ է լինում», – ասել է Պեսկովը։Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։
Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես մեկնաբանել է Թրամփի վերջին հայտարարությունները. արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար «անընդունելի է պահանջներ ներկայացնելու ցանկացած փորձ, առավել ևս՝ վերջնագրերը»։ Ռյաբկովը նաև ասել է, որ Ռուսաստանը «պատրաստ է բանակցել, և մեզ համար դիվանագիտական ուղին նախընտրելի է»։