ՀՀ իշխանությունները համաձայնում են սրան՝ իշխանություն պահելու համար․ Արմեն Մանվելյան

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ոչ միայն ողջունել են «Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը», այլև վերահաստատել աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար։

Ստամբուլում, Աբու Դաբիում, Բրյուսելում հնչած դիվանագիտական ու բարիդրացիական ձևակերպումների տակ քաղաքագետները կնճռոտ ու վտանգավոր լուծումներ են կանխատեսում։

«Հասարակությանը տանում են «միջանցքի» զիջմանը՝ դրա անունը ինչ էլ որ կդրվի։ Իսկ դա Սյունիքը հանձնելու առաջին քայլն է լինելու։ Ամերիկացիներն են նաև այս առնչությամբ ակտիվացել իրենց առաջարկներով,- 168.am-ի հետ զրույցում վերջին հանդիպումների շղթային ու դրանց հնարավոր հետևանքներին անդրադառնալով՝ նշեց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, վերլուծաբան Արմեն Մանվելյանը՝ հավելելով,-  Բայց իրականությունը շատ ավելի վատ է, և ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի շուրջ են հավաքվել աշխարհաքաղաքական տարբեր ուժեր, որոնք փորձում են մեզ օգտագործել, այլ այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունն այն մարդկանց ձեռքին է, որոնց համար ՀՀ շահը երկրորդական է, որոնք այդ շահը դրել են վաճառքի՝ իշխանությունը պահելու համար»։

Արմեն Մանվելյանը համոզված է՝ այլ իշխանության պարագայում հնարավոր է այլընտրանքային օրակարգեր առաջ մղել, ընդդիմանալ ոչ հայանպաստ ծրագրերին։

Կարդացեք նաև

«Հայաստանը չպետք է մտնի ոչ մի «հակա» նախագծի մեջ՝ ո՛չ հակառուսական, ո՛չ հակաիրանական, և ո՛չ  հակաարևմտյան, բայց այժմ ՀՀ-ին տանում են՝ դարձնեն թուրք-ադրբեջանական ալյանսի ենթակա պետություն՝ զուտ նրա համար, որ Հարավային Կովկասում ստեղծեն հակառուսական, նաև հակաիրանական ճակատ։ Իսկ ՀՀ իշխանությունները համաձայնում են սրան՝ իշխանություն պահելու համար,- պարզաբանեց նա, ապա անդրադառնալով  ներքաղաքական կոնսոլիդացիայի ձգձգման, Իրանի և Ռուսաստանի՝ այլ ուղղություններով զբաղվածության պարագայում այլընտրանքային օրակարգերի հնարավորության մասին՝ մանրամասնեց,- Ընդդիմության միասնականություն չկա, բայց դրա հետ մեկտեղ՝ նոր քաղաքական ուժեր են ի հայտ գալիս, որոնք, համոզված եմ, իրավիճակ կփոխեն ներքաղաքական դաշտում։

Իրավիճակը դրսում ևս արագ փոփոխվում է․ այո, ՌԴ-ն պատերազմի մեջ է, սակայն այժմ շատ ավելի վստահ է, քան, օրինակ, մեկ տարի առաջ, նաև Բրիկս անդամ-երկրներն են ավելացել, որոնք պրոռուսական ուղղվածություն ունեն։ Այսինքն՝ աշխարհը շատ արագ է փոխվում, և հնարավոր է այս պայմաններում չմտնել թուրք-ադրբեջանական տանդեմի արանքը։ Սրանք Հայաստանը դեպի Արևմուտք թեքելու քայլեր չեն, այլ թուրքական ենթակայության տակ դնելու համար։ Եվրոպան գնում է դրան, քանի որ հակառուսական ճակատի մեջ է, վերջ․ ՀՀ ճակատագիրը իրենց հետաքրքիր չէ»։

Տեսանյութեր

Լրահոս