ՊԵԿ-ը «Մարգարա» մաքսակետի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն է պատվիրակել դարձյալ ՀՄԱ ընթացակարգով
«Պետք է արձանագրեմ, որ, այո՛, մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ՝ մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, և Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողություններն այդպես էլ ընկալեցին և ընդունեցին,- 2023 թվականի ապրիլին ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով,- Եթե փոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունն այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների և փրկարարական ջոկատի համար չէ՛ր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»:
Այս հայտարարությունից հետո Թուրքիան հավատաց Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը և փակեց իր օդային սահմանը, ապա նաև՝ ստագնացիայի ենթարկեց հայ-թուրքական, այսպես կոչված, առանց նախապայմանների, բայց թուրքական պահանջների օրակարգով երկխոսությունը:
Իսկ հայկական կողմը չդադարեց ցուցադրել ազնվությունը և հապշտապ ձևով լծվեց հայ-թուրքական սահմանի բացմանը։
168.am-ը տեղեկացրել էր, որ անցակետի կառուցման աշխատանքների համար պետական եկամուտների կոմիտեն հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով 29 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ, ապա 250 միլիոն 621 հազար դրամի պայմանագիր՝ «Արտկոն» ՓԲԸ-ի հետ:
Ի դեպ, օգոստոսի 17-ին դարձյալ նույն «Արտկոն» ՍՊԸ-ի հետ ՊԵԿ-ը դարձյալ հրատապ մեկ անձ ընթացակարգով «Մարգարա» մաքսային կետի կառուցման (2-րդ փուլ) աշխատանքների կատարման համար 620 միլիոն 828 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել:
Օրերս էլ ՊԵԿ-ը հրատապ մեկ անձ ընթացակարգով «Մարգարա-տեխնիկական հսկողության ծառայություն 2-րդ փուլ»-ի աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պարտավորությունն է պատվիրակել «Տամո-Շին» ՍՊԸ-ին: Պայմանագրի գինը 8 միլիոն 50 հազար դրամ է:
Պայմանագրի շրջանակներում «Տամո–Շին» ՍՊԸ-ն «Մարգարա» մաքսային կետի կառուցման աշխատանքների նկատմամբ «տեխնիկական հսկողություն պետք է իրականացնի պատվիրատուի կողմից տրամադրվող նախագծանախահաշվային փաստաթղթերի և շինարարության բնագավառում գործող օրենսդրության հիման վրա, վերահսկի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքը» և այլն:
Ըստ հայտարարագրերի ռեեստրի՝ այս ընկերության 100 տոկոս բաժնետերն է Արթուր Բախտիարյանը:
2008 թվականից գրանցված ընկերությունը պետգնումներում ակտիվություն է դրսևորել հատկապես 2018 թվականից հետո: Եթե մինչև 2018 թվականը, ըստ armeps համակարգի, այս ընկերությունը պետական մարմինների հետ կնքել է 4 պայմանագիր (2016-2017 թթ.), ապա 2018 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերը՝ 13 պայմանագիր:
Ընդ որում, այդ 13 պայմանագրից 4-ը՝ հրատապ մեկ անձ և մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով: Նշենք, որ ՊԵԿ-ը դեռ 2023 թ. հունիս ամսին հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ընկերությանն էր պատվիրակել «Մարգարա» մաքսային կետի կառուցման (1-ին փուլ) աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները՝ ՍՊԸ-ի հետ կնքելով 3 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր: