Կազմակերպված դավադրություն. Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանին, սրանք «Էրեբունի» ռազմական օդանավակայանի թռիչքուղին են վերանորոգում. Հայկ Նահապետյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Երեկ Աղդամից Արցախ տեղափոխվեց ռուսական հումանիտար բեռը, որը ճիշտ էր, այլ բան կլիներ, եթե հանկարծ Ադրբեջանի բեռը մտներ նույն ճանապարհով Արցախ: Ի վերջո, մինչև շրջափակումը Լաչինի միջանցքով բեռներ մտնում էին Արցախ, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով: Արցախը շրջափակողներից՝ Ադրբեջանից կամ Թուրքիայից, հումանիտար որևէ օգնություն չպետք է մտնի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, ցանկացած այլ երկրից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն, կարող է մտնել: Արցախ մտնող բեռները ցանկացած պարագայում Ադրբեջանով են անցնելու, Աղդամով լինի թե Բերձորով: Արցախում ապրողներին այդ բեռներն այսօր խիստ անհրաժեշտ են:
  • Սա ինտեգրացիա չէ: Ինտեգրացիոն գործընթացի սկիզբը կլիներ, եթե ադրբեջանական մեքենաներն Աղդամով մտնեին Արցախ:
  • Նիկոլը հասկանում է, որ Ռուսաստանի հետ իր քաշած կարմիր գծերը դարձել են խրամատ:
  • Արևմուտքի քաղաքականությունը փայլուն քննություն բռնեց, և այս փուլն ավարտեցին, հիմա ամեն ինչ անում  են, որ  Փաշինյան Նիկոլը շարունակի վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
  • Հիմա Փաշինյանի մանևրելու հնարավորությունները զրոյական են, նահանջի ճանապարհ նա հիմա չունի, պետք է կատարի այն, ինչ ասում է Արևմուտքը՝ ստորագրի խաղաղության պայմանագիրը, այնպես, ինչպես պայմանավորվել են Բրյուսելում, Պրահայում:

  • Եթե Նիկոլ Փաշինյանը չհայտարարեր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լաչինի միջանցքը չէր փակվի, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված էր, որ պետք է հանձնաժողովներ աշխատեին դեմարկացիայի, դելիմիտացիայի շուրջ:
  • Ալիևն իրավական առումով հիմնավորում է, որ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով նշված սահմաններով, և այդ հարցին հետամուտ է: Նրանք անընդհատ առաջ են քաշում 1920 թվականի քարտեզները:
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ կետ չկա, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց Փաշինյանը 2022թ. հոկտեմբերին հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով:
  • Սոչիում եռակողմ հանդիպումից հետո ռուսական կողմն առաջարկ ներկայացրեց և հայտարարեց՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային:
  • Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կոնտեքստից հանված է տարածվել: ՌԴ նախագահը հայտարարել է, որ միջազգային իրավունքի նորմերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք:
  • Ռուսաստանը, որպեսզի ցույց տա, որ Փաշինյանի հայտարարություններն առոչինչ են, Դմիտրի Պեսկովի միջոցով Փաշինյանի՝ իտալական թերթին տված հարցազրույցից հետո ասաց, որ Ռուսաստանը ոչ Լեռնային Ղարաբաղից, և ոչ էլ Հայաստանից դուրս չի գալու:
  • Այն, ինչ Փաշինյանը պայմանավորվել է Պրահայում, դա զուտ բանավոր պայմանավորվածություն է եղել, չկա գրավոր որևէ արձանագրված փաստ, հետևաբար, եթե Հայաստանի նոր ղեկավար գա, կարող է հայտարարել, որ իրենք հիմք են ընդունում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Սա նշանակում է, որ դրանից հետո տրված Փաշինյանի բանավոր հայտարարություններն  առոչինչ են:
  • Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ամեն ինչ արեցին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չլինի: Պրահայում  և Բրյուսելում հանդիպումների նպատակը հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչինչ անելն էր:
  • Արցախի ներկայիս իշխանությունների կեցվածքը կարող է Հայաստանում իրավիճակ փոխել. նրանք ճիշտ ուղու վրա են:
  • Որ պահին Ռուսաստանը դուրս եկավ՝ կրակի օջախը բոցավառվելու է, ուստի Ռուսաստանի համար ձեռնտու է պահել ստատուս-քվոն, ինչքան հնարավոր է ձգձգել գործընթացը: Այն պահին, երբ Ռուսաստանը դուրս գա Հարավային Կովկասից, Հայաստանից՝ հարված է ստանալու Հյուսիսային Կովկասում, Ռոստովի մատույցներում: Կովկասն աքիլեսյան գարշապար է Ռուսաստանի համար: Այնպես որ, երբ Ուկրաինայում ստատուս-քվո հաստատվի և անցնեն բանակցային փուլին, Ռուսաստանը զբաղվելու է  Կովկասով և Միջին Ասիայով:
  • Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, օգնում է զորքերի կառավարման հարցում:
  • Հայաստանում ՊՆ ենթակայության տակ գտնվող և ՌԴ Պաշտպանության նախարարությանը վարձակալությամբ տրված (Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի)  Էրեբունի օդանավակայանի թռիչքուղին  վերանորոգվում է: Հարց՝ ինչո՞ւ հիմա, այսինքն՝ այն ժամանակ, երբ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Թռիչքուղին վերանորոգման մեջ տանելը նշանակում է՝ մարտական թռիչքներ չեն կարող կատարել: Հետևաբար, եթե պատերազմական այս իրավիճակում Ադրբեջանը փորձի Հայաստանի սահմանային որոշ բնակավայրեր վերցնել, ռազմական գործողություններ իրականացնել՝ Ռուսաստանը չի կարող որևէ օգնություն ցուցաբերել Հայաստանին: Արդյոք սա դիտավորություն չէ՞:
  • Ադրբեջանը Հայաստանի տարածքում երկու ուղղությամբ կարող է ճեղքում կատարել՝ Ջերմուկի և Գորիսի, չի բացառվում, որ հարձակում լինի նաև Նախիջևանի կողմից:
  • Հիմնական թիրախային ուղղությունը Սյունիքն է, և պատահական չէ, որ հենց Սյունիքում է Ռուսաստանը 102-րդ ռազմաբազայի մի մասը տեղակայել և բացելու է հյուպատոսություն:
  • Ռուսաստանը նոտա հղեց ԱՄՆ-ի հետ զորավարժությունների համար, որովհետև արևմտյան դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների բանակային ստորաբաժանումների մասնագետներ են եկել Հայաստան, չի բացառվում, որ այդ զորավարժություններին մասնակցող ամերիկյան կոնտինգենտը հետագայում համալրվի: Այսօր ՆԱՏՕ-ն Հայաստանում ունի չերևացող, բայց առարկայական ներկայացվածություն:
  • Ուրանով հարուստ Հայաստանը գրավիչ է: Սյունիքը և Արցախն աշխարհի ուժային կենտրոնների համար ամենակարևոր տարածքներն են, եթե դրանք հայտնվեն թշնամու վերահսկողության ներքո, մեզ համար շատ վտանգավոր կլինի: Այդ իմաստով պատահական չէ նաև Ֆրանսիայի հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ՝ ուրանն է: Չի բացառվում, որ փորձեն այնտեղ ներկայություն ապահովել:
  • Ռուսաստանը, կարծում եմ, որ շատ վաղուց գիտի, որ Փաշինյանն ազդեցության գործակալ է:

Կարդացեք նաև

  • Ռուսաստանը փորձելու է Հարավային Կովկիասում և Միջին Ասիայում  ստատուս-քվոն պահպանի, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել:
  • ՀԱՊԿ-ում մեր ներկայացուցիչը վաղուց պետք է հետ կանչվեր, գիտեմ նաև, որ մեր թեկնածուն արդեն կա և Մոսկվայում է, մնում է հրամանը լինի:
  • Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի տարածքում Ռուսաստանը պատրաստ էր տեղակայել ՀԱՊԿ զինված ուժեր, երկու անգամ ՀԱՊԿ-ը ուզում էր զորավարժություններ անել՝ տասնյակ-հազարավոր զինծառայողներով, զինտեխնիկայով, Փաշինյանը մերժեց և չստորագրեց հայտարարությունը։ Փաշինյանն այն ուժերի նավակում է գտնվում, որոնք պատերազմ են ուզում:
  • Իրանի համար կարևոր են Հայաստանի հետ սահմանները, Իրանին միջանցքը, որտեղ Հայաստանը վերահսկողություն չի ունենալու, ձեռք չի տալիս։ Իրանն է հանգուցային կետը և շահագրգիռ է Ադրբեջանի հետ համագործակցել, բայց կա վտանգ, որ եթե Հայաստանը չկարողանա ընդդիմանալ թուրքական աշխարհի ներխուժմանը, Իրանը կարող է միանալ Ադրբեջանին:
  • Իրանի հոգևոր առաջնորդը կարևոր մեսիջ էր ուղարկում նաև Ռուսաստանին, երբ ասում էր՝ մենք թույլ չենք տա, որպեսզի փոխվի Հայաստանի պատմական սահմանները: Ոչ թե պատական, այլ պատմական սահմանները, այսինքն՝ մինչև Գյուլիստանի պայմանագիրը եղած սահմանները: Սա նշանակում է, որ Իրանը Ռուսաստանին ասում է՝ քեզ հետ եմ խոսելու, Հայաստան ինձ համար գոյություն չունի:
  • 2018-ին Հայաստանում իշխանության եկան տվողները, հիմա ամեն ինչ անում են, որ տան:

Տեղեկացնենք, որ ՌԴ օդանավերը (ինքնաթիռներն ու ուղղաթիռները) «Էրեբունիում» բազավորվել են 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» միջպետական պայմանագրի համաձայն: Սա այն փաստաթուղթն է, որն իրավական հիմք է տվել ՌԴ 102-րդ ռազմակայանին գործունեություն ծավալել ՀՀ տարածքում: Մինչ այդ՝ 1992-ի օգոստոսի 21-ին, Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր էին ստորագրել ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին: 1995-ի պայմանագրով ռուսաստանյան զինուժը վերակազմավորվել էր ռազմակայանի: Վերջինս ձևավորվել է նախկին խորհրդային 7-րդ բանակի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա, որը տեղակայված էր Լենինականում: Չնայած ներկայում ռազմակայանի ստորաբաժանումները հիմնականում բազավորված են Գյումրիում, դրա ավիացիոն բաղադրիչը (3624-րդ ավիաբազան և 700-րդ օդատրանսպորտային հսկիչ կենտրոնը (լոկատորների համակարգ)) գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում:

1995 թ. պայմանագիրը կնքվել էր 25 տարով (մինչև 2020 թ.), սակայն 2010-ին այդ ժամկետը դարձվեց 49 տարի՝ մինչև 2044 թ.: 1995-ի փաստաթղթով ամրագրվում էր. «ՀՀ տարածքում գտնվելու ժամանակամիջոցում ՌԴ շահերը պաշտպանելու պարտականություններից բացի՝ ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով»: Այսինքն՝ խոսքը միայն Թուրքիայի և Իրանի հետ սահմանի մասին էր, իսկ 2010-ի փոփոխությամբ սահմանվեց, որ ռազմակայանն ապահովելու է ՀՀ անվտանգությունը, ինչը նշանակում է, որ ռուսաստանյան բազան պարտավորվում է գործել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով: Այս փոփոխությունն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանից եկող ռիսկերը վերահսկելուն:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին ևս «Էրեբունին» էր այն հանգույցը, որի միջոցով գլխավորապես «Յակ-40»-ներն ու «Մի-8»-երն ապահովում էին Հայաստանի օդային կապն Արցախի հետ:

Ռուսական ավիաբազան մարտական հերթապահություն է կատարում ԱՊՀ անդամ պետությունների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում:

Օդանավակայանը և մոտ 52 հեկտար մակերեսի հողատարածքները գտնվում են Հայաստանի սեփականության ներքո և վարձակալությամբ փոխանցվել են ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս