Վերջիվերջո, ո՞վ է ինքը, «Кто он такой этот потерпевший ?». Լևոն Ջավախյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է: Այն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում:

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- սա հռչակագրի սկիզբն է, իսկ դրույթներում նշվում է ինքնիշխան պետության, անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության…  մասին, նաև վստահեցվում, որ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Պարզվում է, սակայն, Նիկոլ Փաշինյանը Հռչակագրի տեքստի քննական վերլուծություն է իրականացրել և հանգել եզրակացությանը, որ՝ «մենք, ի վերջո, ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:

Կարդացեք նաև

Անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»:

168.am-ն օրվա խորհրդի, այդ խորհրդի մասին իշխանական առաջին խոսափողի մտորումների մասին հարցադրումներ ուղղեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանին:

«Վերջիվերջո, ո՞վ է ինքը, «Кто он такой этот потерпевший ?»՝ կասեր հայտնի ֆիլմի հայտնի դերասանը՝ Մհեր Մկրտչյանը: Նա ոչ թե վարչապետ է, այլ օրինախախտ մարդ: Ինքը կոպտորեն խախտել է և՛ հռչակագրի դրույթները, և՛ ԱԺ ընդունած որոշումը Ղարաբաղի մասին, և՛ ամենակարևորը՝ Մայր Օրենքը՝ Սահմանադրությունը: Բայց այդ Հռչակագիրը, Սահմանադրությունը գործում են, հետևաբար, նա պատասխանատու է բարձրագույն օրենքի առջև: Զարմանալի է՝ ինչու է այդ փաստն անտեսում Դատախազությունը,- նշեց հրապարակախոսը՝ արձագանքելով դիտարկմանը, թե, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նոր հռչակագիր է ուզում, որը  կբխի իր ու իր թիմի ուտոպիստական «խաղաղության օրակարգերից», ապա մանրամասնեց,- Խաղաղության ծրագիր է հռչակել: Խաղաղությունը հո միայն մեզանի՞ց չէ կախված. այն կախված է գլոբալ իրավիճակից, հակառակորդ երկրի կամքից: Սա հո հնգամյա պլան չէ՞, որ ծրագրում դնի, ու լինի խաղաղություն»:

Այս համատեքստում Լևոն Ջավախյանը անդրադարձավ նաև պետական խորհրդանիշներին ձեռնոց նետելու՝ Նիկոլ Փաշինյանի համարձակությանը՝ նկատելով, որ այդ կերպ փորձ է արվում ոչ միայն մոռանալ տալ մեր պատմությունը, այլև ազգին զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից.

«Ի՞նչ գիտի այդ թերուսը. մեր պատմությունը, երազանքները գիտի՞: Մեզ ուզում է զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից, մոռանալ Մասիս սարը, երազի երկիր Հայաստանը: Գուցե հետո նաև արգելի երգել մեր ազգային երգերը: Այսինքն՝ նա պատրաստ է անել այն, ինչ հաճո է թուրքին:

Լավ էլ ասում է՝ սկսում եմ իմ 0 կետից. ինքը փաստորեն զրոյացնում է մեր բոլոր նվաճումները, փորձում է զրոյացնել պատմությունը, և ամեն ինչ իջեցնում է իր մակարդակին: Հայաստանն ի՞նչ է՝ իր հոր բոստա՞նն է, որ իր հետ բերել է ու իր հետ էլ ուզում է տանել, կամ՝ հոգևոր Հայաստանը, որ եղել է, կա ու կլինի, ի՞նքն է ստեղծել, որ դրա վրա էլ է ուզում խաչ քաշել: Սնապարծ մարդ է:

Հաճախ նիկոլականներն ասում են՝ բա որ Նիկոլը չլինի, ո՞վ կլինի. առաջս մի մեծ սյուն կա, մատս դնում եմ այդ սյունի վրա, ասում եմ՝ Նիկոլը չլինի, այս սյունը կլինի, ավելի ազնիվ կլինի, որովհետև բոլորն էլ կասկած ունեն, որ Նիկոլը գործակալ է, բայց ոչ ոք չի կարող կասկածել, որ այս «ստոլբան» գործակալ է։

Սա չարիք է, որից հայ ժողովուրդը պիտի շուտափույթ ազատագրվի»,- ամփոփեց արձակագիրը:

Տեսանյութեր

Լրահոս