Բարև, ազատություն
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ):
Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես ազատ ենք, երբ ունենք մեր արածի լրիվ գիտակցությունը, պատասխանատվությունը:
Ապրելով աշխարհում և լինելով հասարակական էակ` մարդը երբեմն ստիպված է լինում գործել արարքներ, որոնք չի ցանկանում. ազատությունը սահմանափակում են կենցաղային պայմանները, ընկերային հարաբերությունները, հանգամանքները, անհրաժեշտությունը և այլն. մենք այս ամենից ելնելով ենք գործում: Մարդու ազատության, բարոյական ընտրության հարցի մասին են խոսում երկու` իրարամերժ ուղղություները` դետերմինիզմը և ինդետերմինիզմը: Առաջինի կողմնակիցները պնդում են, որ մարդու կամքն իրականում ազատ չէ, նրա արարքները պայմանավորված են պատճառահետևանքային կապերով: Ինդետերմինիզմն էլ ասում է, որ մարդը բացառապես ազատ է իր որոշումները կայացնելու համար: Այստեղ նա ազատ է նախասահմանումից, պատճառահետևանքային կապերից:
Ազատությունը մի անգին պարգև է մարդուն` տրված հենց իր Արարչից, բացառիկ արտոնություն, անօտարելի նվեր: Ինչպես ցանկացած նվեր, որ մարդ ստացել է Աստծուց, ազատությունը ևս բաց է կատարելագործման, բարելավման համար: Մարդը կարող է իր ազատությունը բարձրացնել և հասցնել այն բարոյական ամբողջությանն ու կատարելությանը, որում լավագույնս կգործի Աստծու կամքը:
Իսկ ինչպե՞ս է Աստծու կամքը կապվում մարդկային ազատության հետ. մարդն իր ազատությունը սեփական կամքով և ազատությամբ սահմանափակում է Աստծու կամքով, գործում աստվածային թույլատրելիության սահմաններում: Մենք հնազանդվում ենք Աստծու կամքին մեր ազատ կամքով: Քրիստոս Ինքը սովորեցրեց հնազանդվել Հոր կամքին և Տերունական աղոթքում էլ խնդրում ենք. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է…»:
Հնազանդությունը հաճախ շատերի կողմից ընդունվում է իբրև իրավունքների և ազատության ոտնահարում, նվաստացում, սակայն այն մարդու կողմից ազատորեն կատարվող արարք է: Քրիստոս եկավ Արարչից հեռացած մարդկությանը վերստին կանչելու` ի հնազանդություն Հայր Աստծու, և մարդուն մնում է ազատությամբ ընտրել իր ընթացքի ուղղությունը: Աստծու արքայության խոստումը պատկանում է նրանց, ովքեր դեռևս այստեղ` երկրի վրա, մտել են նոր կյանք Քրիստոսի հետ` գտնվելով ոչ թե Օրենքի տակ, այլ շնորհի և բացել են իրենց սիրտը, միտքը ու հոգին Աստծու բնակության համար: Բոլոր մարդիկ հրավիրված են Աստծու արքայություն, բայց պարտադրված չեն (հմմտ. Մտթ. 22:1-9): Յուրաքանչյուրն ինքն է ընտրում`ընդունե՞լ, թե՞ մերժել այդ հրավերը:
Յուրաքանչյուր ոք Արարչից շնորված մի տաղանդ, քանքար ունի (Մտթ. 25:14-30), բայց ունի նաև այն գործածելու ազատություն և ըստ այդ ազատ գործունեության էլ պատասխան է տալու: Քրիստոս չի պարտադրում. «…եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել…» (Մտթ. 19:17), «…եթե ուզում ես կատարյալ լինել…» (Մրկ. 10:21):
Մենք երբեմն ազատությունն ընկալում ենք իբրև մեր կամքի, ցանկությունների ազատորեն ի կատար ածում, երբ պարզապես ամեն ինչ անելով փորձում ենք հաստատել, որ ազատ ենք, կարող ենք անել այն, ինչ կամենում ենք, կարող ենք շահել ողջ աշխարհը` ուշադրության չարժանացնելով հոգու վրա դրա հետևանքներին: Եվ այստեղ է, որ մտորելու տեղիք են տալիս Ավետարանի խոսքերը. «Ի՛նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մտթ.16:26):
Լավ է, որ մարդն ազատ է, բայց ազատության փաստից ուղղակիորեն հետևում է, որ նա պատասխանատու է իր գործողությունների համար, դրանց համար կա՛մ պետք է ստանա պարգևատրում, կա՛մ պատիժ` նայած նրա վաստակի կամ մեղավորության:
Աստծու կամքին ներդաշնակ ընթանալու համար մեզ տրված են պատվիրաններ, որոնցով մենք հասկանում ենք՝ արդյո՞ք Աստծու կողմից ընդունելի արարք են կատարում, թե՞ ոչ: Սակայն կան այնպիսի գործողություններ, որոնք, կարելի է ասել, հստակ չեն արգելվում, պատվիրված էլ չեն, դրանք չեն պատկանում ոչ բարու կատեգորիային, ոչ չարի: Ադիաֆորաները (բարոյապես անտարբեր, չեզոք գործողություններ) այնպիսի գործողություներ են, ինչպես, օրինակ, պարելը, խաղալը, թատրոն, կինո հաճախելը, կատակելը և այլն: Ադիաֆորաների շրջանակը հիմնականում ընդգրկում է այն գործողություննեի տարածքը, որոնցով մենք զբաղվում ենք հանգստի, ազատ ժամանակ: Բայց սրանք մշտապես բարոյապես լավ կամ վատ են: Վատն են, եթե վնաս են պատճառում մեր բարոյականությանը և հակասում բարոյական սկզբունքներին, լավն են, երբ ազնիվ են, չեն չարաշահվում, թարմացնում են մեր ոգին, ամրապնդում մեզ ծառայելու, նվիրվելու, ջանալու, էներգիայի աղբյուր են:
Չնայած որ սրանք հստակ արգելված կամ պատվիրված չեն և մենք ազատ ենք դրանք անելու կամ չանելու, այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք Սուրբ Գրքին և հետամուտ լինենք Աստծու կամքը կատարելուն, ապա կտեսնենք, որ մեզ պատվիրվում է. «…Թե կերած-խմած ժամանակ, և թե ուրիշ որևէ դեպքում, ինչ էլ որ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31): Մենք մեր արարքների վրա լիակատար ազատություն ունենք, կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք, սակայն այդ ամեն ցանկացածը արդյո՞ք օգտակար է մեզ. «Ամեն ինչ թույլատրված է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ: Ամեն ինչ թույլատրված է ինձ, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ» (Ա Կորնթ. 6:12):
Նաև հիշելով, որ. «ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը» (Եփես. 2:10), մարդու գերխնդիրն է մնում իր իսկ ազատության մեջ ինքն իրեն գտնելը…
Կազմեց Մարիամ Ավետիսյանը