Նավթը թանկանում է, ոսկին՝ էժանանում. իրան-իսրայելական պատերազմի հետևանքները

Նավթի գներն այսօր՝ երկուշաբթի մոտ 25%-ով կտրուկ աճեցին՝ հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Brent տեսակի նավթը գրանցեց ռեկորդային աճ, մինչդեռ ոսկու գինը նվազեց մոտ 2%-ով։

Շուկայի վերլուծաբան Թոնի Սիքամորը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ այս տատանումները պայմանավորված են նրանով, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության համար այժմ տեսանելի լուծում չկա, և իրավիճակը դարձել է բարձր ռիսկային, որտեղ կողմերից ոչ մեկը չի ցանկանում առաջինը զիջել։

Նա նաև ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության վրա երկարաժամկետ վնասի ռիսկն օրեցօր աճում է։

ԱՄՆ-Իսրայել հակամարտության ընդլայնումը Իրանի հետ ստիպել է որոշ խոշոր Մերձավոր Արևելքի նավթ արտադրողներին կրճատել մատակարարումները, ինչպես նաև աճել են մտահոգությունները Հորմուզի նեղուցով նավարկության երկարատև խափանումների վերաբերյալ։

ING բանկի վերլուծաբանները նշել են, որ իրավիճակը շարունակում է վատթարանալ և արդեն որոշ արտադրողներ դադարեցնում են նավթի արդյունահանումը՝ պահեստավորման սահմանափակումների պատճառով։
Իրաքը, Քուվեյթը և ԱՄԷ-ն նույնպես սկսել են նվազեցնել նավթի արտադրությունը։

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը ոսկու գինը նվազեց ավելի քան 2%, քանի որ դոլարը բարձրացել է, էներգիայի բարձր գները մեծացրել են գնաճի վտանգը և դա թուլացնում է մոտ ժամանակներում տոկոսադրույքների նվազեցման սպասումները։

Նավթի գների բարձրացումն իր հերթին ազդում է նաև մյուս շուկաների վրա։ Էներգիայի թանկացումը մեծացնում է արտադրության և փոխադրումների ծախսերը, ինչի պատճառով տեղի է ունենում գնաճ։ Գնաճի պայմաններում աշխարհի խոշոր կենտրոնական բանկերը հաճախ չեն շտապում իջեցնել տոկոսադրույքները, իսկ երբեմն նույնիսկ պահում են դրանք բարձր մակարդակի վրա։ Սա կարող է բացասաբար ազդել որոշ ներդրումային ակտիվների, հատկապես՝ ոսկու վրա։

Չնայած ոսկին սովորաբար համարվում է անվտանգ ակտիվ և պատերազմի ժամանակ հաճախ թանկանում է,բայց տվյալ իրավիճակում այն իջել է։ Պատճառներից մեկը՝ դոլարի բարձրացումն է։ Երբ աշխարհում լարվածություն է առաջանում, ներդրողները հաճախ տեղափոխում են իրենց միջոցները դոլարի, քանի որ այն համարվում է ամենակայուն արժույթներից մեկը։ Քանի որ ոսկին վաճառվում է դոլարով, դոլարի թանկացումը կարող է նվազեցնել ոսկու նկատմամբ պահանջարկը ու իջեցնել դրա գինը։

Այսպիսով, պատերազմը միաժամանակ տարբեր ուղղություններով է ազդում շուկաների վրա։ Մի կողմից այն բարձրացնում է նավթի և որոշ հումքային ապրանքների գները, մյուս կողմից կարող է բարձրացնել դոլարը և որոշ ժամանակով իջեցնել ոսկու գինը։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան զգայուն են համաշխարհային ֆինանսական շուկաները քաղաքական և ռազմական զարգացումների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս