Բրոնզե «Խազեր» և կարմիր գորգ՝ 36 միլիոն դրամով. ԿԳՄՍՆ-ի հերթական շռայլությունը
Մարտի 29-ին Մարզահամերգային համալիրում նախատեսվում է անցկացնել «Խազեր» մրցանակաբաշխությունը։
Օրեր առաջ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն այս առիթով դրամաշնորհ է հատկացրել 2024 թվականին ստեղծված Հայկական ազգային երաժշտական ակադեմիային։
Պայմանագրի գին է նշվել 36 միլիոն դրամը, իսկ ոչ ֆինանսական ցուցանիշները՝ 2200 հանդիսատես և 18 հաղթող տարբեր անվանակարգերում։
Այս գումարով, ինչպես նշվում է փաստաթղթի նախահաշվում, բրոնզից ձուլվելու են «Խազ» մրցանակներ՝ 20 հատ, արվելու է կարմիր գորգի հատվածի կահավորում և տեխնիկական այլ ապահովումներ։
Ի դեպ, նախորդ տարի ևս այս մրցանակաբաշխության առաջին կազմակերպումը վստահվել է այդ տարի նոր դաշտ մտած այս ակադեմիային․ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս Ժաննա Անդրեասյանի, իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին հատկացրել էր 36 միլիոն 420․000 դրամ՝ 93.805.54 դոլար դրամաշնորհ։
Ավելի վաղ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացել էին՝ «Խազեր»-ն ամփոփելու է 2025 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Ներկայացված անվանակարգերը 18-ն են և մեկ հատուկ մրցանակ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ համապատասխանության։ Մեկ արտիստը, նախագիծը կամ խումբը կարող են առաջադրվել միաժամանակ մի քանի անվանակարգերում»։




