Մեծ Պահք. Մարտի 8-ին՝ Տնտեսի կիրակի
Մեծ Պահքի չորրորդ կիրակին, այս տարի՝ մարտի 8-ին, կոչվում է նաև Տնտեսի կիրակի:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը:
Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։




