Ովքե՞ր են նևրոտիկ մարդիկ, ինչպե՞ս շփվել նրանց հետ

Առօրյայում շատ ենք լսում նևրոզի կամ նևրոտիկ խանգարումների մասին։ Իրականում ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում, և արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանից։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան, հոգեթերապևտ Գրիգորի Բադալյանի հետ։

Նևրոտիկ խանգարումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով, որոշ հոգեբաններ նշում են, որ դրանք կարող են գալ վաղ մանկական հասակից։

– Եկեք տարբերենք նևրոտիկ անձ և նևրոզ հասկացությունները, որովհետև հասարակության մեջ, կենցաղային մակարդակում դրանք խառնում են։ Սթրեսը խառնում են դեպրեսիայի հետ, նևրոտիկը՝ նևրոզի հետ, և այլն։ Նևրոզը նյարդահոգեկան որոշակի խանգարում է։ Սա ընդհանրացված գնահատական է, որը հիմա չի կիրառվում։ Նևրոտիկ հասկացությունն անձի հասունության աստիճանն է։ Բոլորս ունենք անձնային հասունության ինչ-որ աստիճան։ Որքան անձնային հասունությունը բարձր է, այնքան անձի նևրոտիզմը ցածր է։ Որքան անձը հասուն է, այնքան իր մտածողությունը դոմինանտող դեր է ունենում, օրինակ, իր որոշման կայացման, վերաբերմունք ունենալու կամ վարքի մեջ։ Այսինքն, որոշումը պայմանավորված չէ բնավորության գծերով, կախված չէ հուզական վիճակից, համոզմունքից, այն ոչ կանխակալ է։ Նևրոտիկն այն անձն է կամ անձի հասունության այն աստիճանը, երբ այս ամենը խիստ կանխակալ է, պայմանավորված է ոչ թե իր մտածողությամբ, այլ հոգետրավմաներով, փսիխոտրավմաներով։ Փսիխոտրավման հոգեկանում առաջացած, ձևավորված և պահպանված վերք է, որը կարողանում է մետաստազի նման ներխուժել հոգեկանի տարբեր բաղադրիչների մեջ․ այն տարածվում է բնավորության, արժեքների, համոզմունքների վրա։

Կարդացեք նաև

Նևրոտիկ անձը միշտ ծայրահեղ է, հոգեկան առանձնահատկությունները բևեռացված են։ Օրինակ, նա կամ շատ կասկածամիտ է, կամ խիստ դյուրահավատ, ում կարելի է հեշտությամբ մոլորեցնել։ Նա կամ սարսափում է քննադատվելուց, կամ չափից շատ քննադատում է այլոց։ Կամ տագնապային է, կամ ագրեսիայով լցված, կամ խիստ մեծամիտ է, կամ հակված է ամոթի զգացման։ Արդյունքում՝ ապրում է ոչ թե անձը, այլ իր հոգեկան որևէ որակ։ Մենք տեսնում ենք մարդու, ով առաջնայինն ու երկրորդականն իրարից չի տարբերում, կենտրոնացված է բացասական հույզերի վրա, չի կարողանում հանգիստ ապրել։

Օրինակ, ամուսինը գալիս  է տուն, տեսնում է՝ կինը մեկ ափսե չի լվացել, սկսում է բղավել, վիճել։ Սա նևրոտիկների այն տեսակն է, ովքեր բարձր վերահսկողություն ունեն, սիրում են՝ ամեն ինչ դասավորված լինի։ Արդյո՞ք առաջնայինը կնոջ հույզերը չեն, փոխհարաբերությունը։ Այո, բայց նևրոտիկ անձի համար ավելի կարևոր է այդ չլվացված ափսեն։

Կամ՝ երեխան բաժակ է կոտրում՝ հակազդումն այնքան ուժգին է լինում, որ կարող է երեխայի մոտ հեշտությամբ փսիխոտրավմա ձևավորել։ Մեկ բաժակը չարժե երեխայի առողջությունը։ Երեխան դիտավորյալ չի կոտրում, նա հետաքրքրվում է, փորձում զարգանալ։ Իսկ նևրոտիկ անձը վերագրում է իրեն, ասում՝ դիտավորյալ արեցիր։

– Ինչպե՞ս անել, որ մարդիկ չդառնան նևրոտիկ, ինչպե՞ս շփվել նրանց հետ։

– Նևրոտիկը սիրում է խաղալ՝ լաց լինել, որ իր հետ լաց լինեն, բղավել, որ դիմացինը վախենա, զայրանալ՝ իր հետ զայրանան, տխրի՝ տխրեն։ Եթե նևրոտիկն ասում է՝ ես հիվանդ եմ, անընդհատ բողոքում է իր առողջությունից, ու դու տեսնում ես, որ մանիպուլյացիա է, ուշադրություն գրավելու միջոց, պետք է հարց չտաս, չխաղաս այդ խաղը։ Եթե տեսնում ես, որ անընդհատ տագնապում է, քեզ ուզում վախեցնել՝ մնաս չեզոք։ Եթե բռնկվում է ու հրահրում, սպասում, որ դու էլ բռնկվես, պետք է շփվել՝ ինչպես մեծահասակը՝ երեխայի հետ։ Երբ նրա խաղը չես խաղում, իր պահանջմունքները քո միջոցով չեն բավարարվում, քեզանից հետաքրքրությունը կորում է, ու քեզ հանում է իր նևրոտիկ խաղընկերի դերի միջից։ Նևրոտիկ անձը հակված չէ առողջ ապրելուն։

Երբ դու ունես կայուն գնահատական՝ դա ոչ ցածր է, ոչ բարձր, երբ դու կյանքում չես շտապում, ունես ներքին հանգստություն, կարողանում ես մարդկանց հետ ուղիղ շփվել, ինչ չես ցանկանում՝ հարկադրված չես անել, ինչ ցանկանում ես՝ փորձում ես անել, իհարկե, առողջության սահմաններում։ Առողջ անձը շփվում է ուղիղ, չունի հետին մտքեր, հաճախակի ապրում է դրական հույզեր։ Իսկ նևրոտիկ անձի համար կարևոր է մարդկանց կարծիքը․ ասում է՝ որպեսզի ինձ սիրեն, պետք է շատ աշխատեմ, լավագույնը լինեմ, չսխալվեմ։

Օրինակ, ծնողը երեխային սիրում է պայմանական սիրով․ ես քեզ կսիրեմ, եթե 5 ստանաս, եթե իմ ասածն անես։ Անձը մեծանում ու հասկանում է, որ իրեն հենց այնպես չի կարելի սիրել։ Իրեն կարելի է սիրել, երբ ծառայություն է մատուցում, չի սխալվում, լավագույնն է լինում։ Երբ ծնողն անընդհատ քննադատում է երեխային՝ ասելով, որ նրա մոտ չի ստացվում որևէ բան անել, ինքը կանի, երեխայի մոտ ձևավորվում է պատժի մեխանիզմը, այսինքն՝ սա ես կատարեցի, եթե սխալվեմ՝ պատժվելու եմ։ Ո՞նց է պատժվում՝ ծնողի քննադատությամբ, հետևաբար՝ երեխան մեծանում է նույն բարդույթով։ Հասուն տարիքում մտածում է՝ ի՞նչ կասեն մարդիկ իր մասին։ Մտածում է՝ այսպես անեմ, բա որ սխալ լինի, չստացվի։

Երբ երեխան ծնվում է՝ չունի ինքնագնահատական, ինքն իրեն չի ճանաչում։ Սկսում է ինքն իրեն ճանաչել, ինքն իրեն վերաբերվել՝ հասարակության, մասնավորապես ծնողի վերաբերմունքին համապատասխան։

Երբ ծնողը երեխային չի սիրում, նա մտածում է՝ ուրեմն արժանի չեմ։ Եթե ծնողը չի գրկում, ուրեմն ես այդքան լավը չեմ։ Երեխան չի կարող ասել՝ ծնողը պետք է հասուն լինի, ծնել է՝ խնամի և այլն։ Նա մտածում է, որ վատն է։

Խոսենք խանդի մասին․ այն նևրոտիկ մեխանիզմ է։ Եթե լսենք տարբեր պոետների, հայտնի մարդկանց խոսքեր, հիմնականում անհեթեթությունները բավականին շատ են։ Տարածված նևրոտիկ խոսքերից է՝ խանդը սեր է։ Նևրոտիկ առանձնահատկությամբ մարդիկ սերը սովոր են տեսնել տառապանքով, խանդով, դավաճանությամբ, էքստրիմով։ Նրանք չեն առաջնորդվում «ուզում եմ»-ով, առաջնորդվում են «պետք է»-ով։ Հակված են բացասական հույզի՝ նախանձի, ուժգին խանդի։ Խանդի մեխանիզմը հետաքրքիր է, այն համեմատություն է՝ ինձ կամ ուրիշի։ Սա ոչ թե սիրուց, այլ վախից է ծնվում, որ՝ ինձ կփոխարինեն ուրիշով։ Փոքր ժամանակ ծնողն ասում է՝ քո դասարանցի Արթուրն ավելի լավ է սովորում, քան դու, եղբայրդ ավելի շուտ կերավ, վերջացրեց, քան դու, և համեմատության դեպքում երեխայի մոտ ձևավորվում է կարծիք, որ ուրիշն ավելի լավն է, քան ինքը։ Այդպես մեծանում է, տեսնում է՝ կինը խոսում է ինչ-որ տղամարդու հետ ու խորքային, չգիտակցվող համոզմունք է ձևավորվում, որ կինը կարող է իրեն փոխարինել նրանով։ Մտածողություն, կշռադատվածություն, տրամաբանություն չկա, որովհետև կինը կարող է խոսել գործնական, պարզապես խոսել և դա նորմալ է։ Որքան ցածր է ամուսնու ինքնագնահատականը, այնքան բարձր է խանդը, կոնֆլիկտը՝ շատ։ Նույն ծնող-երեխա հարաբերությունն է, պարզապես ծնողի դերը տալիս են կնոջը։

Կասկածամտության ուժեղ մարմնավորում էին Ստալինը, Բերիան։ Ամենուր թշնամիներ էին տեսնում։ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում հետախուզությունն իրենց հավաստի ինֆորմացիա էր տալիս, կասկածում էին՝ համարելով ապատեղեկատվություն, ու չէին ընդունում բարդ ճանապարհով ինֆորմացիան։ Առողջը միշտ կենտրոնում է, որտեղ առանձնահատուկ կասկածամիտ չես, բայց թույլ էլ չես տալիս քեզ խաբել։ Դատողություն ես անում, ասում, թե, օրինակ՝ տվյալ մարդուն ինչի՞ համար է պետք ինձ հետ շփվել, մի՞գուցե ինչ-որ բան կա։ Որևէ մեկին վստահում ես, կարող ես նաև սխալվել՝ դա նորմալ է, առողջ կյանք է։ Առողջ անձը կարող է սխալվել ու չի վախենում դրանից, իսկ անառողջը, նևրոտիկը սարսափում է սխալվելուց։

Ի՞նչ է սերը․ մանկության ժամանակ ծնողի հետ շփման ժամանակ ձևավորված հոգեհուզական, հուզազգացմունքային ներքին մեխանիզմ, որը ձևավորվում է մեր գլխուղեղում, հոգեկանում։ Այն ձևավորվում է, երբ, օրինակ, ծնողը մեզ գրկում է, ջերմություն տալիս, համբուրում, մեզ հետ խաղում և ուրախանում է։ Երեխան ներքին բավարարվածություն, հանգստություն է զգում, կապվում է, կարոտում։ Սա երեխայի մեջ ձևավորում է սիրել, ընդ որում՝ ոչ թե պարտադիր հակառակ սեռի, այլ ընհանրապես, սիրել աշխարհը։ Սերիական մարդասպանները, օրինակ, գրեթե ոչինչ չեն կարողանում սիրել։ Ինչո՞ւ, որովհետև իրենց չեն սովորեցրել սիրել։

Երբ ծնվում ենք՝ վերաբերմունք չունենք, ամեն ինչ բառի բուն իմաստով սովորում ենք։ Ծնողները սովորեցնում են՝ ինչպես լինել ինքնավստահ։ Ասում է՝ ուրիշ տեղ բան չվերցնես՝ չիմանան տանը չես կերել։ Սովորեցնում են մեղքի զգացում ապրել, վախենալ՝ բժշկի կտանեմ, ոստիկանին կասեմ և այլն։ Նևրոտիկ տղամարդիկ հաճախ ասում են, որ երեխան պետք է ծնողից վախենա, պետք է քննադատես, որ լավ լինի, բայց այսպես չի կարելի։ Ցանկացած բացասական վերաբերմունք երեխայի մոտ բացասական հետք է առաջացնում։

– Շատ ծնողներ երեխային ոգևորելու համար ասում են՝ լավ սովորես, քեզ սա կգնեմ կամ շատ կսիրեմ, այստեղ կտանեմ։ Սա վարքի ինչպիսի՞ դրսևորում է։

– Այստեղ արժեքը ձևավորվում է արժեքի հաշվին։ Նույն սխալը կատարվում է երեխային կերակրելիս։ Մուլտֆիլմը դնում են, ընթացքում կերակրում։ Հասկանալի է՝ ծնողի համար երբեմն դժվար է, երեխան չի ուտում, խաղում է և այլն, ու գտնում են ամենահեշտ միջոցը․ դնում են մուլտֆիլմը, երեխային կերակրում ու նրա մեջ ձևավորվում է սեփական զգացողություններին չհավատալը, չճանաչելը։ Ինքը չի հասկանում՝ կո՞ւշտ է, թե՞ քաղցած, ուտի՞, թե՞ չուտի, որովհետև ամբողջ ուշադրությունը բևեռված է մուլտֆիլմի վրա։ Սա նաև մեծահասակներին է վերաբերում․ սնվում են, միաժամանակ ինչ-որ բանով զբաղվում ու հետո ասում՝ շատ կամ քիչ կերա։ Առաջանում է սնվելու խանգարում։ Երեխայի համար առավել կարևոր է, քանի որ պետք է վստահի իր հույզերին, զգայություններին։ Օրինակ՝ երեխան ընկնում, ոտքը ցավում է, ծնողն ասում է՝ չի ցավում, ու արժեզրկում է երեխայի զգայությունը։ Նա չի հասկանում՝ ցավն իրակա՞ն է, թե՞ չէ։ Երեխան վախենում է մթությունից, ծնողն ասում է՝ մի վախեցիր, այնտեղ ոչինչ չկա։ Երեխայի համար կա։ Մի պարզ սկզբունք կա․ երեխան կարծես մեծահասակ լինի, նա շատ բան հասկանում է, զգում, սովորում։ Նրա հետ պետք է շփվել՝ գնահատելով, լսելով, կարծիքը հաշվի առնելով, ընկերություն անելով, որ ձևավորվի հասուն անձ։

– Եթե երեխան մթությունից վախենում է, ծնողը այդ ճանապարհը նրա հետ պետք է անցնի՞, թե՞ այլ տարբերակ կա։

– Եթե վախն ուժգին է, պետք է դիմեն մանկական հոգեթերապևտի, բայց եթե ինքնուրույն է փորձում անել՝ պետք է հասկանա, որ երեխայի համար դա իրական է։ Պետք է լսել երեխայի հիմնավորումները, ապա ասել՝ ուզո՞ւմ ես տեսնել, որ ոչինչ չկա, վառի լույսը, այդպես գնա, հետո անջատեն՝ ասեն, ուզո՞ւմ ես մի քիչ առաջ գնանք։ Մայրը գնա, հետ գա, հետո երկուսով, ու երեխայի ուղեղը սովորում է՝ մթություն, ապահովություն։

Անձին նևրոտիկ դարձնում են համացանցը, ֆիլմերը։ Ինչպե՞ս խուսափել։

– Նևորտիկ անձին հոգեբանական սնունդ է պետք։ Ամեն մեկը՝ ելնելով իր առանձնահատկությունից, հոգեբանական, ինֆորմատիվ սննդի պահանջ ունի, որը կսնի իր նևրոտիզմը։ Նա, ով հակված է զայրույթի, փնտրում է այնպիս բան, որ զայրանա, մյուսը՝ նայում է այնպիսի բաներ, որ տխրի, եթե հակված է դեպրեսիայի։ Շատերը հետաքրքրվում են քաղաքականությամբ․ այնտեղ դրական ոչ մի հույզ չկա։ Սերիալների մեծ մասում դավաճանություն է, խանդ, տառապանք։

– Ուրիշ երկրների սերիալները որ նայում ես, այնտեղ գոնե կա սեր, գոնե մարդիկ պայքարում են՝ ինչ-որ բանի հասնելու համար, բայց հայկականում՝ ոչ․  ծեծ ու ջարդ, բռնություն։ Այսինքն, սցենարիստնե՞րն են վատ վիճակում։

– Եկեք այսպիսի զուգահեռ տանենք․ արագ հայտնի է դառնում, շատ տեսանելիություն է ունենում այն անձը, ով նևրոտիկ է, կամ խոսում է անառողջ լեզվով, որպեսզի լսարանն ընդունի։ Անձը, ում խոսքում վիրավորանք, զայրույթ, հայհոյանք կա, ինքը շատ պահանջ ունի։ Մեր հասարակությունը, ցավոք, բավականին նևրոտիկ է։ Ամենուր կան կոնֆլիկտներ։ Նույն սերիալներում պետք է լինի կռիվ, դավաճանություն, խանդ, եթե այդպես չէ՝ անձին հետաքրքիր չէ։

Նևրոտիկ խանգարման նշաններից է տագնապայնությունը։ Մարդիկ մտածում են՝ կմահանան կամ անբուժելի հիվանդություն ձեռք կբերենինչպե՞ս վանել վատ մտքերը։

– Վախը բազային հույզ է՝ մեր գոյատևման համար չափազանց կարևոր, իսկ տագնապն անհանգստություն է՝ վաղվա օրվա համար։ Սա հնարավոր վտանգի մտահոգություն է, բայց անհիմն է։ Տարածված նևրոտիկ արտահայտություններ կան՝ պատահական ոչինչ չի լինում, քո արածը վերադառնալու է քեզ, բայց արի ու տես, որ պատահական շատ բաներ են լինում։ Մարդկային ուղեղը չի կարողանում համակերպվել անորոշության հետ, որովհետև այն հնարավոր վտանգ է, սթրես։ Հետևաբար, պետք է  նվազեցնի անորոշությունը, իրավիճակը վերահսկելու թեկուզ պատրանք ստեղծի ու ստեղծում է ճակատագիր, մեղքի զգացումը փորձում նվազեցնել, որ իրեն չմեղադրի։ Եթե այս ամենն ուժգին է, պետք է դիմել հոգեբանի, հոգեբույժի, քանի որ երբեմն այն ծնված է լինում մեր գլխուղեղի առանձնահատկությունից կամ հորմոնալ փոփոխությունից։ Եթե մասնագետի չեն դիմում, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է ծնվում տագնապը։ Ինչ ինֆորմացիա ուղարկում ենք գլխուղեղ, այդպիսի հակազդում ստանում ենք։ Պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք իրավիճակը մեկնաբանում, որովհետև մեր հույզերը, վախը կախված են դրանից։

Տեսանյութեր

Լրահոս