Օդանավակայաններին և նավահանգիստներին առնչվող Ալիևի որոշումն ունի տրանսպորտային և լոգիստիկ «մեծ խաղի» կարևոր բաղադրիչ. Շիրազ Խաչատրյան

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխությունները։

Հաստատված փոփոխությունների համաձայն՝ պետական կարիքների ցանկում, որոնց համար կարող է իրականացվել հողերի օտարում, ավելացվել է պետական սեփականություն հանդիսացող օդանավակայանների, աերոդրոմների ընդլայնումը, ինչպես նաև՝ նոր օդանավակայանների և աերոդրոմների կառուցումը:

Բացի այս, երկրի Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետական կարիքների առկայության դեպքում պետությունը կկարողանա սեփականություն հանդիսացող հողերը հետ գնել նաև ծովային նավահանգստի տարածքի ընդլայնման, ու դարձյալ գործող պետական օդանավակայանների և աերոդրոմների ընդլայնման կամ նորերի կառուցման համար:

Նշենք, որ 2021 թվականին Ալիևն ու Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) էին օդանավակայան բացել(ի դեպ, տարբեր տեղեկություններով, Ալիևի ինքնաթիռը հիմնականում կամ միայն Ֆիզուլիի օդանավակայան է իջնում, եթե օդային տարածքով է որևէ տեղից գալիս), իսկ 2022 թվականին էլ օկուպացված Կովսականում են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները օդանավակայանի բացման արարողության մասնակցել:

Կարդացեք նաև

Արդեն 2025 թվականի մայիսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օկուպացված Լաչինում բացել էին միջազգային օդանավակայանի ստատուս ստացած ադրբեջանական օդանավակայան, այս արարողությանը ներկա էր գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Այս համատեքստում հավելենք, որ 2025 թվականի հունիսին Բաքվից պաշտոնապես հայտարարվել էր, որ օկուպացված Արցախի տարածքներում նոր օդանավակայանի կառուցման ծրագիր չկա: Այլ հարց է՝ չի բացառվում, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափման հետևանքով Ստեփանակերտի կամ Իվանյանի օդանավակայանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, այն ընդլայնելու անհրաժեշտություն տեսնեն Ադրբեջանի իշխանությունները, արդիականացման մասին ասվել է:

Միաժամանակ, 2025 թվականին սկզբին Բաքուն հայտնել էր Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստից ոչ հեռու գտնվող Ալյաթի ազատ տնտեսական գոտում նոր օդանավակայանի կառուցման մասին:

Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի գործող օդանավակայանների ընդլայնման կամ նորերի կառուցման նպատակով Ալիևի՝ «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու որոշումը, և արդյո՞ք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին այստեղ միայն ռազմական պլաններ կամ տողատակեր պետք է տեսնել, 168.amը քննարկել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում:

«Այս նախաձեռնությունները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չեն սահմանափակվում միայն ռազմական և անվտանգային նպատակներով։ Դրանք ներկա փոփոխվող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ժամանակափուլում հանդիսանում են ավելի լայն՝ նաև տրանսպորտային և լոգիստիկ «մեծ խաղի» կարևոր բաղադրիչ։ Այս փուլում Ադրբեջանում օդանավակայանների կառուցումն ու նավահանգիստների ընդլայնումն ուղղված են երկրի տրանսպորտային հանգույցների զարգացմանը, որոնք կապում են արևելքից դեպի արևմուտք օդային, ծովային և ցամաքային ուղիները։ Այս քայլերը միտված են նրան, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանային տրանզիտային գլխավոր կենտրոն, ինչը հնարավորություն է տալիս խոսել նրա տնտեսական շահերի մեծացման և ներդրումների ներգրավման մասին արդեն այս փուլում։

Միաժամանակ, այս քայլերը նաև ունեն հստակ քաղաքական մեսիջ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար այն առումով, որ «պետությունը կառուցում է, զարգացնում է, վերահսկում է»։ Դրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ երկարաժամկետ ամրապնդվում է նաև իր կողմից վերահսկվող տարածքներում և նպատակ ունի դառնալ տարածաշրջանային առանցքային հանգույց։

Սակայն առաջնահերթ տնտեսական բաղադրիչին զուգահեռ՝ կարևոր է ընդգծել, որ երկարաժամկետ հեռանկարում այս գործընթացները, իհարկե, ունեն նաև ռազմական և անվտանգային նշանակություն՝ ապահովելով համապատասխան ենթակառուցվածքային հիմք ցանկացած տարածաշրջանային փոփոխության կամ սցենարի դեպքում։ Իսկ այդ մասին մեկ անգամ չէ, որ մեր քննարկումներում անդրադարձ ենք կատարել»,-նշեց նա:

Նշենք, որ 2025 թվականի մայիսին օկուպացված Լաչինի օդանավակայանի բացման առնչությամբ մեզ հետ զրույցում Շիրազ Խաչատրյանն ուշադրություն էր հրավիրել փաստի վրա, որ այն Ադրբեջանին թույլ է տալիս վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները:

«Լաչինի օդանավակայանը շատ մեծ սիմվոլիկ և ռազմաքաղաքական նշանակություն ունի, դա պարզապես օդային հաղորդակցության կետ չէ։ Օդանավակայանի բացմանը մասնակցել պատրաստվող Թուրքիան և Պակիստանը փաստում են, որ այս նախագիծը ոչ միայն ադրբեջանական, այլև համատեղ ուժ ցուցադրող նախաձեռնություն է։ Դա ուղերձ է՝ ուղղված Հայաստանին, Իրանին, և ավելի լայն՝ տարածաշրջանային խաղացողներին։

Լաչինը տեղակայված է ռազմավարական բարձրության վրա, և այդ նորակառույց օդանավակայանը փաստացի դառնում է դիտարկման ու վերահսկման հանգույց, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին դաշնակիցների հետ վերահսկել Հայաստանի, Իրանի հյուսիսային սահմանները:

Լաչինի օդանավակայանը և ընդհանրապես օկուպացված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կառուցվող մեծ ենթակառուցվածքների փաստը ցույց է տալիս, որ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ուժային քաղաքականությունը, այլև փորձում է նոր ռազմաքաղաքական ճարտարապետություն ձևավորել՝ առանց Ռուսաստանի կամ Արևմուտքի առաջնային միջնորդության»,- մանրամասնել էր փորձագետը:

Ի դեպ, մի փոքր շեղվելով թեմայից, մի հետաքրքիր դրվագի վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել, մարտի 16-ին ադրբեջանական աղբյուրները տեղեկություն և տեսանյութեր էին շրջանառել, որ Բաքվի երկնքում ԱԹՍ-ների ձայներ են լսվել: Իսկ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, առանց պարզաբանման, նշել է, թե անհանգստանալու որևէ պատճառ չկա: Հետաքրքիր է:

Հ.Գ. Ի դեպ, օրերս 168.amգրել էր, որ Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը: Այսինքն, մոտ 6 տարի կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով Ադրբեջանը հարևանների հետ իր ցամաքային սահմանները փակ է պահում: Բայց սրանից օրեր հետո, երբ դեռ սահմանված ժամկետը չի լրացել, Ադրբեջանի նախարարների կաբինետը որոշում է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները պետք է փակ մնան մինչև 2026-ի հուլիսի 1-ը: Բնականաբար, պատճառը տարածաշրջանային իրադարձություններն են:

Տեսանյութեր

Լրահոս