«Թուրքիայի հետ միասին փորձում ենք կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը». Չինաստանի դեսպան
Անկարայում Չինաստանի դեսպան Ցզյանգ Շյուեբինը հարցազրույց է տվել թուրքական «Millet» լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջև լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Չինաստանն այս պատերազմի կողմ չէ և Թուրքիայի հետ դիվանագիտական ջանքներ են գործադրվում համաշխարհային պատերազմը կանխելու համար։
«Մենք փորձում ենք Թուրքիայի հետ միասին կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Չինաստանը պատերազմի կողմ չէ։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իրանական ռեժիմը տապալելու իր սադրանքներից»,- նշել է Անկարայում Չինաստանի դեսպանը։
Անդրադառնալով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրականացվող ռազմական գործողություններն անընդունելի են։ Ըստ նրա՝ ինքնիշխան երկրի առաջնորդին թիրախավորելը և ռեժիմի փոփոխությանը խթանելը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, և Իրանի և Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։
Շյուեբինը նաև հայտնել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները նույնպես պետք է դատապարտվեն ամենախիստ ձևով՝ հավելելով, որ առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն ու պատերազմի տարածումը կանխումն է։



