Խնդրում ենք Մարդու իրավունքների խորհրդին կանգնել մեր ժողովրդի կողքին, ձգտում ենք մեր բնիկ հայրենիք վերադառնալու իրավունքին․ Գառնիկ Քերքոնյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը
Ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանը նախօրեին ելույթ է ունեցել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստում՝ բարձրացնելով արցախահայության Արցախ վերադառնալու իրավունքի հարցը։
Իր ելույթում Քերքոնյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից 150 հազար բնիկ հայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ վերադարձը՝ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։ Նրա խոսքով, փաստորեն ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը վտարեց Լեռնային Ղարաբաղում մնացած 11 հայերին։
«Բայց սա բավարար չէ, պարոն փոխնախագահ, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթն ու կրոնական ժառանգությունը, խախտելով Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման պահանջները՝ ձգտելով ջնջել նույնիսկ մեր ժողովրդի՝ ԼՂ-ում ներկայության ապացույցները, ներկայություն, որը ձգվել է 4000 տարի։
Ադրբեջանն այսօր նենգաբար կալանքի տակ է պահում ԼՂ-ից 20 հայի՝ ենթարկելով նրանց կեղծ դատավարությունների ու խոշտանգումների՝ առանց փաստաբանի կամ նույնիսկ նրանց դեմ ապացույցների հասանելիության։ Կարմիր խաչին վտարելով՝ Ադրբեջանը զրկել է այս կալանավորներին անկախ մարդասիրական դիտարկումից։ Այս խախտումները պահանջում են խորհրդի արձագանքը։
Պարոն փոխնախագահ, ԼՂ ընտրված ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից անցյալ տարի նախաձեռնված խաղաղության ֆորումին։ Մենք խնդրում ենք Մարդու իրավունքների խորհրդին կանգնել մեր ժողովրդի կողքին, քանի որ մենք ձգտում ենք մարդու ամենահիմնարար իրավունքներին՝ մեր բնիկ հայրենիք վերադառնալու իրավունքին»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը։
Իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով իր վերոնշյալ ելույթին, Քերքոնյանը գրել է․
«ԱՐԴԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։
Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնիկ հայրենիք վերադառնալու իրավունքը մնում է միջազգային հանրության օրակարգում, իսկ այսօր նաև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և տևական խաղաղությունը պետք է հասցեագրի Արցախի ժողովրդի՝ հավաքականորեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը՝ անվտանգության ու պաշտպանության ներքո և իրենց հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի անխաթար պահպանմամբ։ Էթնիկ զտումը խաղաղության տանող ճանապարհ չէ։ Այն երբեք էլ այդպիսին չի եղել»։



