Թուրքիային ձեռնտու կլինի, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը լուծեն Իրանի հարցերը. այդ դեպքում Թուրքիան կդառնա տարածաշրջանում, այսպես ասած, «զոն» նայող. Նուբար Չալըմյան
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են, և որևէ քայլ չկա ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում ասել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը, և որևէ նպատակ չունեն զիջելու, գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ հնչում են նաև Միացյալ Նահանգներից ու Իսրայելից։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը խոսելով Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ պատերազմի հնարավոր զարգացումների, տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հնարավոր դերակատարման մասին, նկատեց՝ Մերձավորարևելյան այս պատերազմը սկսվելուց առաջ 2 երկրները, կամ 2+1 երկրները՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը՝ մի կողմից, Իրանը՝ մյուս կողմից, կոնֆլիկտի մեջ մտնելուց առաջ այդքան էլ ճիշտ հաշվարկներ չեն արել։
«Նկատի ունեմ, որ չէին հաշվարկել պատերազմի նման երկարաձգման կամ խորացման հարցը։ Նախևառաջ, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները չէր պատկերացնում, որ այսքան երկար կտևի ռազմական գործողությունները։ Իսրայելը ևս չի պատկերացրել, որ իրանական կողմը նման դիմադրողականություն կարող է ցուցաբերել ԱՄՆ-Իսրայել հրթիռակոծություններին։ Իրանը ևս չի պատկերացրել, որ 2 ռազմական առումով հզոր պետություններ 2 շաբաթվա ընթացքում Իրանը կավերեն։ Մենք դեռևս շատ մանրամասներ այդ ավերածությունների մասին չգիտենք, բայց այնուամենայնիվ, Իրանը բավականին տուժել և տուժում է ամեն օր»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Նուբար Չալըմյանը։
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Թուրքիայի դիրքորոշմանը, Նուբար Չալըմյանն ասաց՝ Թուրքիան ավելի խորամանկ քայլերի դիմեց՝ ցույց տալով, որ երբեք չի ընդգրկվելու կոնֆլիկտի մեջ։ Թուրքիայի համար ձեռնտու չեն հարևան Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները։ Այս համատեքստում չպետք է մոռանալ նաև Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների ելևէջները և հակասությունները, ինչը գնալով ավելի է զարգանում։
«Թուրքիային երբեք ձեռնտու չէ, որ մի կողմից՝ Իրանը ռմբահարում է ամերիկյան ռազմաբազաներին՝ Պարսից ծոցի արաբական երկրներում, կլինի Սիրիան, Իրաքը, Քուվեյթը, թե Արաբական Միացյալ Էմիրությունները։ Թուրքիային առհասարակ ձեռնտու չէ, որ տարածաշրջանում պատերազմն ավելի լայնածավալ բնույթ կրի, նաև նրան ձեռնտու չէ Իրանի վերջնական ջախջախումը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ձեռնտու կլինի, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջնականապես լուծեն Իրանի հարցերը, փոխեն վարչակարգը, որին երկու երկրները ձգտում են, այդ դեպքում Թուրքիան կդառնա տարածաշրջանում մեծ դերակատար, այսպես ասած՝ «զոն» նայող»,- նշեց մեր զրուցակիցը։
Շարունակելով, միջազգայնագետը նշեց, որ այսօր Միացյալ Նահանգներն այնքան շատ չի խոսում Իրանում իսլամական վարչակարգը փոխելու մասին, որքան Իսրայելը, ինչպես ասում են՝ Իսրայելը բռնել է հարցի արմատից։ Իսրայելի համար ամենակարևորն Իրանում վարչակարգը փոխելն է, որովհետև հասկանում է, եթե վարչակարգը մնաց՝ մի քիչ թեկուզ ավելի մեղմ, միևնույն է՝ ինքն Իրանի համար համարվելու է թշնամի պետություն։
«Միացյալ Նահանգների հաշվարկների սխալ լինելը երևաց այն ժամանակ, երբ ասում էին, թե շատ արագ հարցը կարող են լուծել։
Միացյալ Նահանգներն աստիճանաբար փորձում է Եվրոպան ներքաշել պատերազմի մեջ, որովհետև լսում ենք Թրամփի կտրուկ ելույթը, որ Եվրոպան պետք է օգնի իրեն, որպեսզի այդ նավթատարները Հորմուզի նեղուցով անարգել անցնեն, և այլն։ Եվրոպական ոչ բոլոր երկրներն են հակված ընթացք տալու Թրամփի այս ելույթին։ Հիմա Միացյալ Նահանգները մի կողմից՝ խրվել է այս թնջուկի մեջ, բայց մյուս կողմից էլ՝ Իսրայելն ավելի է սաստկացնում իր հրթիռակոծություններն իրանական քաղաքներն ավերելու հարցում, և այլն։
Ինչպես ասում են՝ այստեղ Իրանն էլ իր «հալով» պետք է մնա, քանի որ ձեռնոց է նետել Իսրայելին ու Միացյալ Նահանգներին, իսկ ԱՄՆ նախագահն էլ չի ուզում Իրանի հետ բանակցել, ասում է՝ մինչև վերջ գնալու է, այսինքն՝ մինչև վերջ ավերելու է Իրանը։ Թրամփի նպատակն այն է, որ Իրանում ոչ թե արտաքին ուժերի միջամտությամբ փոխվի ռեժիմը, այլ՝ ներքին ուժերի, ինչը մենք դեռևս չենք տեսնում»,- շեշտեց Նուբար Չալըմյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին և հարցին՝ Իրանում ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ Հայաստանին, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ Հայաստանն այս ընթացքում ճիշտ քաղաքականություն է որդեգրել՝ «դրական չեզոքության» քաղաքականություն, ոչ թե պասիվ քաղաքականություն։
«ՀՀ-ն ցավակցական հեռագիր ուղղեց Իրանի հոգևոր առաջնորդի սպանության առիթով, մեր ներկայացուցիչը դեսպանատանը սգո մատյանում գրառում կատարեց՝ այսինքն՝ պասիվ դիտորդի կարգավիճակում չէ։
Մեր նպատակն այն չէ, թե մենք Իրանում որ ռեժիմին կհամակրենք, մեզ պետք է, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա Իրանի ժողովրդի հետ, սա է ամենակարևորը։ Մենք անհատների ու ռեժիմների հետ չպետք է կապենք մեր քաղաքականությունը, պետք է ժողովրդի հետ մեր բարեկամությունը թմբկահարենք։ Չպետք է թույլ տանք, որ սեպ խրվի հայերի ու իրանցիների միջև, այսօր մենք արտաքին աշխարհ կարող ենք դուրս գալ Իրանի միջոցով»,- ընդգծեց Նուբար Չալըմյանը։



