Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը
Պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։ Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։
Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։
Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։
Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։



