«Եթե Փաշինյանը դրանում հակաօրինական բան տեսնի, ապա առաջին հերթին իր դեմ պետք է քրեական գործ հարուցվի». Նինա Կարապետյանցը չի բացառում փողոցային պայքարը
Մինչև նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախարարը և առհասարակ ՔՊ-ականները հստակ չէին ասում, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Անցնող հինգշաբթի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց.
«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չի արվելու»։
Մարտի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ է, սակայն Անկախության հռչակագրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։ Այսօր էլ նա ասել է, որ Սահմանադրության տեքստը կքննարկվի ՔՊ վարչության նիստում։
«Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու որևէ շանս չպետք է տրվի, բոլոր իրավական միջոցները, որոնք թույլ են տալիս՝ թե՛ ՀՀ օրենքով, թե՛ միջազգային կոնվենցիաներով, պետք է օգտագործել։
«Յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի ընտրություններին, պետք է իրեն հաշիվ տա, թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, և ինչ վտանգ է մեզ սպառնում։ Այստեղ Անկախության հռչակագրի լինել-չլինելու մասին չէ, սա սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետականություն, չեղարկելու մասին է, սրա մասին շատերն են արդեն խոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ երբ նախկինները խոսում են, նրանց փորձում են թիրախավորել՝ որպես «ռուսամետ» ուժեր, «նախկիններ» և այլն, բայց ինքն անձամբ չի ներկայացնում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, ոչ էլ ռուսամետ է, և շարունակում է պնդել՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կարելի է կյանքի կոչել միայն մեկ դեպքում՝ երբ չեղարկվում է երկրի պետականությունը, չեղարկվում է ՀՀ երրորդ Հանրապետությունը։
«Այլ տարբերակ՝ Անկախության հռչակագրին հղում չանելու, ուղղակի չկա։ Նիկոլ Փաշինյանը սրա մասին հայտարարել է և ամբողջական սատարում ունի Ալիևի կողմից, բացառիկ աջակցություն ունի միայն նրա կողմից։ Իսկ Հայաստանի ներսում ադեկվատ մարդկանց կողմից որևէ աջակցություն չունի, սա է պատճառը, որ նա անընդհատ սատարում է փնտրում դրսում և սատարում է ստանում դրսում։ Բնականաբար, սրա դեմ պայքարելը շատ ծանր է լինելու, որովհետև բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները Նիկոլ Փաշինյանը սկսել է կիրառել և ընտրություններին ընդառաջ շարունակելու է կիրառել»,- հավելեց Նինա Կարապետյանցը։
Ըստ նրա, ընտրություններից հետո ևս այդ ամենը Նիկոլ Փաշինյանը կշարունակի, երբ մարդիկ կբախվեն մի իրավիճակի, որտեղ ՀՀ քաղաքացու կարծիքը ոչ ոք չի հարցնելու՝ Ալիևի Սահմանադրությունը ՀՀ-ում ներդնելու հարցում։
Նա վստահ է՝ հնարավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը 51 տոկոս ձայն ստանա. «Համոզված եմ՝ միանձնյա նա այդքան ձայն չի կարող հավաքել, ավելին՝ այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին սատարել Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ձայներով, որևէ շանս չունեն, քանի որ անխնա վարկաբեկվել են և առհասարակ ԱԺ չեն անցնելու։ Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը կհավաքի բավականաչափ ձայներ, այդ թվում՝ կեղծիքներով, ճնշումներով, ադմինիստրատիվ ռեսուրսով և այլ տարբեր մախինացիաներով։ Բայց դա բավարար չի լինելու իշխանություն ձևավորելու համար։ Այստեղ արդեն գալիս է հաջորդ հարցը՝ ընդդիմադիր ուժերն արդյո՞ք կկարողանան համախմբվել և հետընտրական փուլում կազմել կոալիցիա, բավարար ողջախոհություն կունենա՞ն, թե՞ ոչ, նաև՝ բավարար ձայներ կունենա՞ն, թե՞ ոչ։
Մյուս կողմից էլ՝ ես բոլորովին չեմ բացառում փողոցային պայքարը, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության փողոցով։ 2018 թվականին նրա ընտրվելը ՀՀ սահմանադրությունից չէր բխում, բայց դա փողոցում հավաքված ժողովրդի կամքն էր։ Այնպես որ, կարծում եմ՝ մենք դա էլ կարող ենք անել, դրանում որևէ հակաօրինական բան չկա: Եթե դրանում հակաօրինական բան տեսնի Փաշինյանը, ապա առաջին հերթին իր դեմ պետք է քրեական գործ հարուցվի»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։



