Օրուելյան իրականություն է․ արտաքին միջամտություն՝ հանուն «միջամտության դեմ պայքարի»
ՀՀ խնդրանքով՝ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ ժողովրդավարությունը պաշտպանելու համար. ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությունը նախօրեին հաստատեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին միայնակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել նրա ղեկավարած գերատեսչությունը:
Դեռ դեկտեմբերին Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին երրորդ կողմի միջամտության փորձերի և «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Նա պնդել էր, որ ԵՄ-ն նախատեսում է դրա համար հատկացնել 15 միլիոն եվրո։
168․am-ը թեմայի առնչությամբ զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ՝ մասնավորապես հետաքրքրվելով՝ արդյո՞ք «միջամտությունների» դեմ պայքարելու համար այս «աջակցությունն» իրականում հենց միջամտություն չէ, և արդյո՞ք սա նաև պրոլոգը չէ այն հեռանկարի, որ ընտրություններն ընթանալու են իշխանությունների և Արևմուտքի կոնսենսուսային սցենարով։
Ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը նշեց․ «Սա միանշանակ միջամտություն է և, իհարկե, միջամտում են ու պետք է ասեն, որ դա միջամտության դեմ է․ դա Օրուելյան իրականություն է, որում մենք ապրում ենք, որտեղ, ասենք, պատերազմը խաղաղությունն է, և որտեղ արտաքին միջամտությունն արտաքին միջամտության դեմ է, և ոչ թե՝ արտաքին միջամտություն։
Բայց փաստն այն է, որ Բրյուսելը Հայաստանի ներքին քաղաքականության մեջ արդեն ահագին խրված է, և սա ընդամենը հերթական քայլն է։ Բացի այդ, բրյուսելյան միավորումը մեկ ու կես ամիս անց հավաքվելու է Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ու, հավանաբար, դրանից հետո՝ ՀՀ-ԵՄ սամմիթ։ Իսկ սա, այլ բան, քան Փաշինյանի համար նախընտրական քարոզարշավ որակելը, հնարավոր չէ»։
Քաղաքագետը հիշեցրեց, որ սա առաջին դրվագը չէ, երբ Բրյուսելն աջակցում է գործող իշխանությանը և, այսպես կոչված, ժողովրդավարությանը, և, ըստ նրա, հենց այս համատեքստում ուրվագծվում է այն, որ բոլոր բռնաճնշումները, որոնք Հայաստանում տեղի են ունենում, մեծ հաշվով, Բրյուսելի թույլտվության ներքո են։
Որպես օրինակ՝ մասնագետը հիշեցրեց Մոլդովայի ու Ուկրաինայի իրավիճակը։
Հարցին՝ նախադեպեր կան, որ Բրյուսելն իր ազդեցությամբ կարողացել է դերակատարում ունենալ, իսկ կա՞ն հակառակի մասին վկայող նախադեպեր, երբ հնարավոր է եղել, օրինակ, «բրյուսելյան ազդեցությունը» հաղթահարել, Հրանտ Միքայելյանը պատասխանեց․
«Դա Վրաստանի փորձն է․ Բրյուսելը փորձեց (Բրյուսելը, իհարկե, միայնակ չէր. Լոնդոնի ու Վաշինգտոնի հետ միասին) փողոցով հեղաշրջում իրականացնել։ Ամերիկայում նոր իշխանություն եկավ, իրենք նույնիսկ հաստատեցին, որ նաև USAID-ն, որն ԱՄՆ պետական միջոցներով էր ֆինանսավորվում, մասնակցել էր այդ հակաիշխանական գործունեությունը։
Բայց, ամեն դեպքում, Վրաստանում իշխանությունն իշխանական լծակներով դիմակայեց նման ճնշումներին․ սա՝ մի բան է, սակայն, ինչ վերաբերում է արդեն ընդդիմությանը, ապա այստեղ մի քիչ ավելի դժվար է ասել;
ԵՄ-ն հիմա դարձել է ՀՀ-ում ներքաղաքական խաղացող և շատ մեծ ազդեցություն է գործադրում Հայաստանի ներքաղաքական գործընթացի վրա, բայց մենք տեսել ենք մի քանի հարցում, որոնց համաձայն՝ ընդդիմությունը պիտի հաղթի, հետևաբար, ընդդիմության հաղթանակի համար հնարավորություններ կան»։



