Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար. Էդուարդ Շարմազանով

Օրերս ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մի քննարկման ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին, նշել է, որ ինչպես ՀՀ 3-րդ Սերժ Սարգսյանն է բազմիցս ասել, Հայաստանը Ռուսաստանից լավ ու արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի և չի ունենալու, բայց շատ կարևոր է իմանալ՝ ինչ է ուզում Ռուսաստանը, ՌԴ իշխանությունը, և արդյո՞ք Ռուսաստանն ունի Հարավային Կովկասի հետ կապված ռազմավարություն:

«Այո, մենք բոլորս հասկանում ենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված՝ Ռուսաստանն այլ առաջնահերթություններ ունի…Բայց եթե մենք ուզում ենք խոսել ապագայի մասին, պետք է ճիշտ վերլուծել ներկան, և չի կարելի ասել, որ ամեն ինչ լավ է…Մինչև 2018թ. ոչ մի դեպք չի եղել, որ ՌԴ ԱԳՆ կանչվի Հայաստանի դեսպանը կամ հակառակը: Հիմա չկա տարի, երբ տարին մի քանի անգամ դիվանագիտական կոնֆլիկտներ չլինեն…Երբ լսում եմ տիկին Մատվիենկոյին, ով ասում է՝ Հայաստանի հետ լուրջ պրոբլեմներ չունենք, կամ իշխանության հետ մեծ տարակարծություններ չունենք, ապշում եմ: Ինչպե՞ս կարելի է չտեսնել, որ Հայաստանում հիմա Ռուսաստանի վարկանիշն ընկել է: Մենք փաստացի հիմա արդեն ՀԱՊԿ-ում էլ չենք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Սրան ի պատասխան՝ ՔՊ-ականներն Էդուարդ Շարմազանովին մեղադրել են ոչ պետականամետ լինելու մեջ, ինչին վերջինս արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Լինի Մոսկվայում, թե Բրյուսելում, ես պաշտպանել ու պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը, որից նիկոլականները հեռու են։

ՀՀԿ պատվիրակությունը ՌԴ Հանրային պալատում մասնակցել է հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառմանը։

Ծավալուն ելույթով հանդես եմ եկել, որտեղ բարձրաձայնել եմ հայ-ռուսական հարաբերությունների արդի մտահոգիչ իրավիճակի, ՀՀ անվտանգային սպառնալիքների,Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, արցախահայերի բռնազավթման ու Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ։

Խոսել եմ բաց առկա խնդիրներից։

Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։

Մատնանշել նաեև ռուսական կողմի թերացումների մասին։

Բայց արի ու տես՝ որոշ քպ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»։

Ուրեմն ուշադիր լսեք, ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եք դուք։

Հայ- ռուսական երբեմնի հայանպաստ օրակարգը քանդել եք դուք։

Անկախության հռչակագրի դեմ գործում եք դուք։

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տալ։

Դուք ՀՀ-ի հետ ի՞նչ կապ ունեք։

Նույնացնել ՔՊ-ի ու ՀՀ-ի շահը՝ ախմախություն է։

Ու վերջում. իմ ելույթը վատ են տարել ՌԴ-ում բնակվող որոշ ադրբեջանամետ շրջանակներ ու որոշ քպ-ականներ։

Իսկ ես գտնում եմ, որ հայ-ռուսական իրական ու փոխշահավետ դաշնակցությունը բխում է ՀՀ պետական շահից,որից դուք շատ հեռու եք»,-գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս