Տոնոյանը ոչ մի լուրջ փաստ չավելացրեց Փաշինյանի դեռ չգրված մեղադրականում 

Օգոստոսի 1-ին և 2-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը լսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Առաջին օրը նրա հարցաքննությունը եղել է բաց և հրապարակային, երկրորդ օրը՝ դռնփակ:

Դավիթ Տոնոյանի հարցաքննությունը ոչ մի տող չավելացրեց Փաշինյանի դեռ չգրված մեղադրականում

Դավիթ Տոնոյանի ելույթ-հարցուպատասխանը հիմնականում, մեղմ ասած, բացասական արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ դրա համար, ըստ էության, կան օբյեկտիվ պատճառներ. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմ է պարտվել՝ մարդկային և տարածքային ահռելի կորուստներով, որն ավարտվել է կապիտուլյացիայի փաստաթղթով:

Մյուս կողմից, մոտ 2 տարի կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյայից, որը պետք է վերադառնար կալանավայր, չէր կարելի սպասել կտրուկ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Կարդացեք նաև

Բայց Դավիթ Տոնոյանը չպետք է զգացմունքային «վերջնագրի» լեզվով խոսեր ընդդիմության հասցեին՝ նրանց Քննիչ հանձնաժողով չներկայանալը տանելով անձնական դաշտ, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հենց սկզբից հայտարարել են, որ չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանին «մաքրելու» համար ստեղծված քաղաքական հանձնաժողովի աշխատանքներին, և այդպես էլ արել են ու ներկա չեն եղել նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի երկու հարցաքննություններին, իսկ նրան հաստատ բազմաթիվ հարցեր կան տալու: Այլ հարց է, որ Դավիթ Տոնոյանը իշխանությունների թեզերին հակադրվելու փորձեր արեց, մեսիջներ ուղարկեց Փաշինյանին, որի մասին քչերը խոսեցին:

168.am-ն անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարարի՝ Փաշինյանին ուղղված մեսիջներին, անգամ՝ Օնիկ Գասպարյանին հասցեագրված:

Բայց կոնկրետ դեպքում հարցն այլ բանում է՝ պե՞տք է Դավիթ Տոնոյանը գնար Քննիչ հանձնաժողով, թե՞ ոչ: Կարող էր չգնալ, և շատ հանգիստ բերելով հիմնավորում՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է իր ապրիլի 25-ի առաջարկը՝ համատեղ ներկայանալ Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստին, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

Մենք դեռ ամենասկզբից էինք կանխատեսել, որ առաջարկը չի ընդունվելու, և Փաշինյանն այն օգտագործելու է իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Մենք գրել էինք նաև, որ եթե խաղի կանոնները չփոխվեն, և Փաշինյանը մասնակի բավարարի Տոնոյանի առաջարկը՝ միայն հրապարակային ելույթ ունենալով, և այդ պարագայում Տոնոյանն էլ մասնակիորեն փոխի իր պահանջը, դարձյալ կստացվի, որ Տոնոյանը պարտադրված կամ սեփական կամքով «պասերով խաղի» մեջ է մտնում Փաշինյանի հետ, որից, հարց է՝ ով կշահի, ով կտուժի:

Մեծ հաշվով, տեղի ունեցավ հենց սա. Դավիթ Տոնոյանը մասնակի փոխեց իր պնդումը՝ ցույց տալով, որ հետ չի կանգնել ուղիղ եթերում թույլատրելի սահմանում բացատրություններ տալու և հանրությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու իր նախնական պահանջից:

Իրականում Տոնոյանը, ըստ էության, պատասխանեց ոչ թե հանրությանը հետաքրքրող հարցերին, այլ իշխանական պատգամավորների և իշխանամերձ փորձագետների: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակային հարցուպատասխանի ժամանակ նրան փոխանցեց նաև պատերազմին առնչվող ընդդիմության հարցերը, այս անգամ դա չարվեց: Ավելին, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անտեսեց Դավիթ Տոնոյանի առաջարկը, և լրագրողներից էլ հարցեր չփոխանցվեցին, կոնկրետ 168.am-ը հարցեր ուղարկել էր, նաև դրանք հրապարակայնացրել:

Պետք է նկատել, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, հրապարակային ելույթ չէր պատրաստել, որտեղ կարող էր առանցքային և թույլատրելի սահմաններում պատերազմական կարևոր դրվագների անդրադառնալ: Բայց դա չեղավ, իսկ ռազմական և զորահավաքի հետ կապված հարցերից պաշտպանության նախկին նախարարը որոշեց դռնփակ նիստում խոսել՝ իշխանական պատգամավորների համար: Եվ մենք անգամ չիմացանք, երբ պատերազմը սկսվելուց մեկ օր հետո՝ սեպտեմբերի 28-ին, Դավիթ Տոնոյանը եղել է Արցախում, այցելել բանակի մարտական կառավարման կենտրոն, այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ասե՞լ է, կամ ինքը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ ամբողջությամբ զորքը պաշտպանության անցած չի եղել պատերազմի առաջին օրը, հրաման չի եղել ԳՇ պետի՞ց:

Երկրորդ՝ որքանո՞վ է մոբը խանգարել կանոնավոր բանակին, կամ ինչո՞ւ պատերազմի պայմաններում չի կարողացել հաղթահարել վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները, արդյո՞ք խնդիրը զուտ հայեցակարգային էր:

Երրորդ՝ ինչո՞ւ Հադրութի պաշտպանությունը չի կազմակերպվել, ե՞րբ է Դավիթ Տոնոյանը իմացել Շուշիի անկման մասին, ինչո՞ւ Շուշիում զինվոր չկար, ինչպես հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում հայտարարել էր Փաշինյանը, ով հունիսի 20-ին էլ իր հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, ինքն էլ քաղաքը հետ վերցնելու պահանջ է դրել, իրականացվել են համապատասխան գործողություններ:

Հանուն արդարության պետք է նշել, որ Դավիթ Տոնոյանը Շուշիի անկման շուրջ խոսակցությունները համարեց շահարկում, և «միջնորդեց» լսել Շուշիի անկման համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որին իշխանությունները, ըստ էության, քաղաքական նպատակներով մեկուսացրել են:

Բայց Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում չասաց, թե ինչ իրավիճակի լիցքաթափման մասին էր խոսում, երբ 2020 թվականի նոյեմբերի 20-ին դադարեցնում էր իր պաշտոնավարումը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում:

Փոխարենը՝ օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Տոնոյանը հայտարարեց, որ «մինչև ամսի (2020թ. նոյեմբերի.- Մ.Պ.) 20-ը որևիցե խնդիր չի եղել վարչապետի հետ»։

Այդ դեպքում, կրկնում ենք, ի՞նչ իրավիճակ իր հեռանալով փորձեց լիցքաթափել: Մենք չգիտենք դեռ՝ օգոստոսի 2-ին փակ նիստում ի՞նչ հարցեր են տրվել Դավիթ Տոնոյանին և ի՞նչ պատասխաններ են տրվել նրա կողմից: Մի բան հստակ է՝ չնայած ինչ-ինչ տողատակային մտքերի և մեսիջների, չենք կարող ասել, թե Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի հարցաքննությունից շահեց Դավիթ Տոնոյանը և տուժեց Նիկոլ Փաշինյանը: Այդպես չէ: Դավիթ Տոնոյանը, կրկնում ենք, իր սկզբնական առաջարկի մերժումից հետո չպետք է գնար, սխալ խորհրդատուների է լսել, երբ գուցե մտածել է՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Այսինքն, մեծ հաշվով Դավիթ Տոնոյանի հարցաքննությունից ոչ մի լուրջ փաստ չավելացավ Նիկոլ Փաշինյանի դեռ չգրված մեղադրականում 44-օրյա պատերազմի համատեքստում:

Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին դավադրությունների զոհ

Ի դեպ, 2018-ի հեղաշրջումից հետո Դավիթ Տոնոյանը հենց սկզբից լուրջ ընտրությունների առջև է կանգնել: Առաջինը՝ աշխատե՞լ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, թե՞ ոչ:

2022 թվականին ապրիլի 25-ին փաստաբանական թիմի միջոցով 168.am-ի հետ կազմակերպված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, նշել էր.

«Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»:

Միաժամանակ, Տոնոյանը հավելել էր, որ հետո հասկացել է՝ Փաշինյանին անցումային նախարար էր պետք: Կասեի՝ նաև կոնկրետ քաղաքական նպատակների համար, որի պատճառով էլ, թերևս, նրանից ավելի շուտ չի ազատվել՝ չնայած թիմակիցների պահանջին:

Այս մասին հիշատակված հարցազրույցում ինքը՝ Դավիթ Տոնոյանն էլ է ակնարկել.

«Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում»:

168.am-ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանը Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ դարձավ, երբ նրա հրահանգով կամ թույլտվությամբ 2019-ի մարտի 30-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը պետք է վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- շարունակել էր նա:

Այլ հարց է, որ Դավիթ Տոնոյանի այս հայտարարության մասին անընդհատ հիշողները մոռանում են կամ չեն հիշում 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ՝ 2015-ին նրա արած նմանօրինակ հայտարարությունը, ինչն այն ժամանակ հասարակությունը և լրագրողական, փորձագիտական շրջանակները համարեցին բավականին համարձակ հայտարարություն:

«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- tert.am-ի հետ զրույցում ասել էր Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սա լավ էր հիշում, ուստի 2019-ին հրահանգեց Տոնոյանին կրկնել այն, չնայած որ անվտանգային մարտահրավերների տարբերությանը, այլ իրավիճակի հետ գործ ունեինք:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի հետ պաշտպանության ոլորտում աշխատելու որոշմանը և հավելենք, որ 2018 թվականի մայիսի 9-ին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ում պիտի փոխարիներ Տոնոյանը, լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, որ իր համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը, երբ այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու՝ հենց նրան դիտարկեց:

«Լինելով կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար… Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են», – շեշտել էր Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, փորձ ու գիտելիքներ ունի:

«Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որովհետև ինքը կունենա նաև համեմատության եզրեր և կկարողանա լիարժեք գնահատել վերջին մեկուկես տարվա կատարված աշխատանքների արդյունավետությունը»,- ասել էր Սարգսյանը:

Ի դեպ, երբ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով,

Վիգեն Սարգսյանի ղեկավարած ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը 209 զինծառայողի մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա:

Բայց Դավիթ Տոնոյանի ղեկավարած ՊՆ-ն անտեսեց Վիգեն Սարգսյանի հորդորը: Իսկ ՀՀ ԶՈւ այդ ժամանակ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը կարճ ժամանակ անց նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, որից ազատվեց 2020 թվականի հոկտեմբերի 26-ին:

Ի դեպ, երբ Դավիթ Տոնոյանը դեռ ԱԻ նախարար էր, «Հայկական ժամանակում» Աննա Հակոբյանը 2017-ին հոդված էր գրել և Խոսրովի արգելոցի ու Արտավանի հրդեհների համատեքստում ակնարկել, թե ինչու Տոնոյանը պաշտոնանկ չի արվել:

«Մի քանի օր առաջ «Բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»:

Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել», – գրել էր Աննա Հակոբյանը և հեգնանքով հավելել.

«Կառավարության նիստի բացը լրացնելու համար նախարարներն անմիջապես հետո համատեղ ասուլիս տվեցին, բացատրություններ ներկայացրին: Ասուլիսում նույնիսկ հուզիչ հայտարարություններ եղան, օրինակ, որ հրդեհից հետո Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը դարձել են մարտական ընկերներ: Այդ օրերին հանրությունը դրանում համոզվելու առիթներ շատ ունեցավ, որովհետև լրատվական թողարկումներում երկու նախարարները քափ ու քրտինքի մեջ, ուս ուսի պայքարում էին հրդեհի դեմ:

«Ֆեյսբուքում» նույնիսկ տվյալներ էին հայտնվում, թե օրական քանի կիլոմետր են նրանք ոտքով անցնում: Մինչդեռ այդքան քայլելու կարիք չէին ունենա, եթե, ասենք, արգելոցի տարածք ժամանակին մուտք գործած լինեին բարձր տեխնոլոգիաները կամ հասարակ բջջային կապը… Բայց մի հարց է խիստ անհանգստացնում: Անպայման պետք է աղետնե՞ր լինեն տեղից շարժվելու համար: Պետական գերատեսչությունները և դրանցում աշխատող պրոֆեսիոնալները նրա համար չե՞ն, որ կանխատեսեն հարվածների ուղղությունները, դրանք կանխեն կամ նվազագույն կորուստներով դիմակայելու պայմաններ ստեղծեն»:

Եթե ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքը գոհացուցիչ չէր, նա նախապես հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկել չգիտեր, հարվածների ուղղություն կանխատեսել չգիտեր, ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրան ընտրեց Պաշտպանության նախարարի պաշտոնում, գուցե մի օր լրագրող-խմբագիր Աննա Հակոբյանն այս մասի՞ն էլ հոդված գրի… մենք մեր դիտարկումը վերևում ինչ-որ չափով արեցինք:

Տեսանյութեր

Լրահոս