Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ներկայացրած փաստերն իշխանության սրտին այնքան էլ մոտ չեն եղել. ինչի հետևանք էր Շուշիի անկումը, ո՞րն է Միքայել Արզումանյանի մեղավորությունը
Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը՝ դռնփակ: Եվ Հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել էր ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։
Պաշտպանության կողմը դատարանին միջնորդել էր Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր:
Հիշեցնենք, որ ավելի քան 8 ամիս ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու:
Երբ դեռ գործը նախաքննության փուլում էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ին հայտնել էր, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին տեսակցելու համար դիմում է ներկայացրել գործը քննող քննիչին և գրությունով տեղեկացրել, որ ցանկանում է հանդիպել:
«Բացի այս, պարտավորություն էի վերցրել, որ եթե այդ զրույցի ընթացքում ինձ ակամա որևէ տվյալ հայտնի դառնա, պարտավոր եմ չհրապարակել դրանք և չվնասել նախաքննության ընթացքին, նաև ունեմ գաղտնի տեղեկությանը տիրապետելու արտոնություն: Սակայն քննիչը մի քանի օրվա դադարից հետո պատասխանեց, որ նպատակահարմար չի համարում տեսակցությունը՝ չհիմնավորելով, թե ի՞նչ պատճառով»,- մեզ հետ զրույցում նշել էր Մանուկյանը՝ հիշեցնելով, որ քաղաքական հետապնդման ենթարկված գործիչների, զինվորականների, համայնքի ղեկավարների հետ ևս տեսակցելու ցանկություն իրենք հայտնել են միշտ, երբեմն եղել է այդ հնարավորությունը:
Միքայել Արզումանյանին փորձում են հասարակությունից մեկուսացված և տեղեկատվական «շրջափակման մեջ» պահել
Ավելի ուշ, երբ Միքայել Արզումանյանի գործն ուղարկվել էր դատարան, Գեղամ Մանուկյանը նրան տեսակցելու համար դիմել էր արդեն գործը քննող դատավորին, դարձյալ մերժում էր ստացել:
«Հաշվի առնելով, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին պատերազմական երկու դրվագով առաջադրված մեղադրանքը և կալանքը շատ աղմկահարույց էին, և նաև նկատի ունենալով նրա ծառայություններն Արցախյան ազատամարտում, ՊԲ-ին, որպես պատգամավոր՝ որոշեցի պարզապես տեսակցել: Ես նպատակ չունեի ո՛չ նախաքննական գաղտնիքներին տիրապետելու, ոչ էլ միջամտելու նախաքննության ընթացքին: Ես կարծում էի և կարծում եմ, որ բարոյական առումով շատ կարևոր է գեներալ Արզումանյանին տեսակցելը՝ հաշվի առնելով նաև փաշինյանական իշխանության բանակի, զինված ուժերի դեմ 2018-ից սկսված արշավը:
Այսինքն, ցանկանում էի, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը զգա, որ անկախ դատաքննության ընթացքից, հետաքրքրվում են իրենով, նաև՝ ԱԺ-ում, իսկ ես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ եմ: Բայց նախ նախաքննական մարմնին ուղղված դիմումս էր մերժվել՝ հիմնավորմամբ, թե նախաքննական գաղտնիություն կա: Դրանից հետո, երբ արդեն գործը տեղափոխվեց Հակակոռուպցիոն դատարան, և ամբողջությամբ տեսակցությունների թույլտվությունը դատավորի և դատարանի իրավասության շրջանակում էր, դիմել էի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգսյանին:
Սակայն օրերս մերժումով պատասխան ստանալը խիստ զարմանք առաջացրեց: Ինձ պատասխանում է դատավորը, բայց գրության մեջ նշվում է, որ նախաքննական մարմինը նպատակահարմար չի համարել տեսակցությունը, այն դեպքում, երբ նախաքննությունն ամբողջությամբ ավարտված է, գործը՝ դատարան հասցված, որտեղ տնօրինողը միայն դատավորն է: Եթե սկզբում նախաքննական մարմինը նպատակահարմար չէր համարել, որովհետև նախաքննություն էր, ապա այս դեպքում նախաքննությունն ավարտվել է: Ընդ որում, ես հատուկ շեշտել էի, որ ունեմ գաղտնիությանը տիրապետելու պաշտոնական թույլտվություն, բայց պարտավորություն էի ստանձնել՝ եթե հանկարծ պատահաբար ինձ որևէ տվյալ հայտնի լինի քրեական գործից, պարտավորվում եմ դրանք չհրապարակել»,- 168.am-ին որոշ մանրամասներ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանի կարծիքով, Միքայել Արզումանյանին փորձում են հնարավորինս հասարակությունից մեկուսացված և տեղեկատվական առումով «շրջափակման մեջ» պահել, մինչդեռ ինֆորմացիոն քարոզչական արշավը նրա դեմ համատարած շարունակվում է:
«Դրա համար ստիպված եմ եղել նույնիսկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ խոսել Միքայել Արզումանյանի հարցով նրա ստահոդ հայտարարությունների մասին: Եվ կոնկրետ շեշտել եմ, որ ինքը հիմա նրան մեղադրում է դավաճանության մեջ, բայց որքան էլ փորձի զինված ուժերին, տարբեր զինվորականներին մեղադրել դավաճանության մեջ, ՀՀ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն է մնալու՝ որպես դավաճանության խորհրդանիշ: Հիմա Միքայել Արզումանյանի գործով դատաքննությունն էլ է փակ ընթանում, նիստերը տեղի են ունենում երկար ընդմիջումներից հետո, ինչը վկայում է, որ դատաքննությունը երկար ժամանակ է ընթանալու, Միքայել Արզումանյանն էլ դեռ երկար է մնալու կալանքի տակ, ամեն ինչ դրան է տանում: Ու այս առումով իշխանությունն ունենալու է հերթական կեղծ թեման՝ 44-օրյա պատերազմի մեղքերը բարդելու միայն զինվորականության և կոնկրետ զինվորականների վրա և սքողելու, ստվերում թողնելու սեփական մեղքերը, դավաճանական գործողություններն ու ավերները՝ ՀՀ ղեկավարության և Նիկոլ Փաշինյանի և, ինչո՞ւ չէ, Արցախում որոշ ղեկավարների»,- շեշտեց դաշնակցական գործիչը:
Եթե «Արեգասար» բարձունքի գրավումը եղած լիներ, թեկուզ մեկ ժամով, Արծրուն Հովհաննիսյանը հաղորդած կլիներ
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, թե ովքեր են ցուցմունք տվել Միքայել Արզումանյանի դեմ կամ հարցաքննվել, քանի որ, եթե անգամ ընդունում ենք, որ նրա դեմ կա նաև քաղաքական հետապնդում, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, օգնողներ են պետք, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.
«Ասեկոսեներով լսել եմ ինչ-որ բաներ: Իրականում քննությունը լրիվ ուրիշ բան է… կարող են լինել ցուցմունքներ, բայց դրանք փաստական տվյալներով պետք է ապացուցվեն: Առնվազն «Արեգասարի» վերաբերյալ մեղադրանքի հետ կապված՝ չկա որևէ փաստական տվյալ, որ նման գործողություն եղել է, որ այն ազատագրվել է, հետո կորցրել ենք»:
Նշենք, որ ՔԿ-ի տարածած տեղեկության համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջինների ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:
Ընդ որում, ՔԿ-ից 168.am-ին փոխանցվել էր, որ նահանջի հրաման տալու վերաբերյալ տվյալը հաստատվել է մի շարք անձանց ցուցմունքներով, և, որ հարցաքննվել է օպերացիայում ներգրավված անձնակազմի հիմնական մասը, կատարվել են առերեսումներ:
Իսկ Գեղամ Մանուկյանն այս համատեքստում հիշեցրեց պատերազմի այդ օրերին տիրող մթնոլորտը:
«Ես վստահ եմ, որ, եթե «Արեգասար» բարձունքի գրավումը եղած լիներ, թեկուզ մեկ ժամով, Արծրուն Հովհաննիսյանը կշտապեր դրա մասին հաղորդել: Ես հիշում եմ՝ երբ դաշնակցության մեր կամավորական շարժման մարտիկները գրավեցին Վարագնաթաղը՝ ցավալի ծանր կորուստներով, դեռ նոր-նոր լուրը հասել էր Երևան, Արծրուն Հովհաննիսյանը դրա մասին հայտնել էր՝ որպես ՊՆ ներկայացուցիչ: Կրկնում եմ՝ եթե կան ցուցմունքներ, պետք է փաստարկված լինեն»,- ասաց Մանուկյանը:
Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին այդ ժամանակ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
[Թարմացում] Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ:
Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:
Պատերազմը ունի մեկ ընդհանուր վերնագիր՝ կազմակերպված անկազմակերպվածություն
Շուշիի պաշտպանության առնչությամբ ովքե՞ր ցուցմունք տված կլինեն Միքայել Արզումանյանի դեմ կամ օգտին: Գեղամ Մանուկյանը տեղյակ չէր, բայց ըստ նրա՝ 44-օրյա ամբողջ պատերազմի համար կա մեկ ընդհանուր ձևակերպում.
«Կազմակերպված անկազմակերպվածություն, որը զինված ուժերի ֆունկցիան չէր: Դա երկրի՝ ՀՀ-ի և Արցախի ղեկավարության ֆունկցիան էր: Երբ խճանկարի տեսքով նայում ենք Շուշիի մասին հարցազրույցները, հրապարակումները, փաստերը, կա մի հստակ բան՝ այնքան է կազմակերպված անկազմակերպվածություն եղել, որ շատ դժվար էր նույնիսկ ընդհանուր պատկերը ստանալ: Ես չեմ ուզում ռազմական որևէ գործողության մեջ խորամուխ լինել, ոչ մասնագիտական գնահատական տալ, հատկապես, երբ ամբողջ փաստական տվյալները չկան: Բայց կրկնում եմ՝ ամբողջ պատերազմն ունի մեկ ընդհանուր վերնագիր՝ կազմակերպված անկազմակերպվածություն, գիտակից անկազմակերպվածություն, որը հանգեցրեց նման ողբերգական հետևանքների»,- շարունակեց Գեղամ Մանուկյանը:
Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի ներկայացրածն իշխանության սրտին այնքան էլ մոտ չի եղել
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2 անգամ հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նշենք, որ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նրա «գրպանն էր» գցում Շուշիի անկումը, իսկ Անդրանիկ Քոչարյանն Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան մշակելու համար, որը ևս կապվում էր Շուշիի հետ: Ըստ այդմ՝ հետաքրքիր է, թե ինչ է ասել Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում Միքայել Արզումանյանի և Շուշիի պաշտպանության կազմակերպման առնչությամբ, որը կամ կարող է օգնել, կամ վնասել ՊԲ նախկին հրամանատարին:
«Չեմ կարող ասել: Մյուս կողմից, դատելով իշխանականների քչախոսությունից, որոշ դեպքերում՝ մանիպուլյացիաներից, ենթադրում եմ, որ Օնիկ Գասպարյանի ներկայացրած փաստերն իշխանության սրտին այնքան էլ մոտ չեն եղել»,- եզրափակեց Մանուկյանը: