Դավիթ Տոնոյանին սպասվող քննությունը Քննիչ հանձնաժողովում. Ով կշահի, ով կտուժի
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցած բոլոր վերապահումներով հանդերձ՝ որոշել է ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
«Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- նշել է Տոնոյանը:
Հրթիռների գործով կալանավորված պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
«ՀՀ վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ: Դրանից զատ, հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից: Միաժամանակ նշեմ, որ հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում»,- ասել է Տոնոյանն իր գրավոր խոսքում:
Իսկ թե Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին և 27-ին Քննիչ հանձնաժողովում հատկապես ո՞ր հայտարարությունը, ո՞ր հարցի պատասխանը կամ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի արձագանք-հայտարարության ո՞ր հատվածն է դրդել ԱԺ քննիչ հանձնաժողովին բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնել, Դավիթ Տոնոյանը չի մանրամասնել: Գուցե՝ սպառազինության գնումներին, դաշնակից և հարևան երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերություններին վերաբերող պնդումներին է Պաշտպանության նախկին նախարարը ցանկանում արձագանքել, սեփական փաստարկները ներկայացնել, որոնք կարող են նաև չհամընկնել Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի ավելի վաղ հանձնաժողովի բաց և փակ նիստերի ընթացքում ներկայացրած փաստերին, ինչպես նաև նրանց հրապարակային հայտարարություններին:
Գուցե անդրադարձ լինի նաև հարցին, թե երբ է Տոնոյանն իմացել պատերազմի մասին:
Նիկոլ Փաշինյանը և ԳՇ-ն հստակ տեղեկություն են ունեցել 2020-ի սեպտեմբերի 25-ին, այն նույն օրը, երբ Դավիթ Տոնոյանը մեկնել էր Մոսկվա՝ ներկա գտնվելու «Կովկաս-2020»-ի ռազմական միջոցառումներին: Իսկ Տոնոյանը Հայաստան վերադարձել է, երբ պատերազմն արդեն սկսվել էր, և միայն սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան նա օպերատիվ խորհրդակցություն էր անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ:
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 29-ին տարածած հայտարարության մեջ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մանրամասներ էր հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրման ընթացքի մասին, նշել էր նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին ներկայացվելիք հարցերի շրջանակը:
«Երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ և իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:
Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում»,- մասնավորապես, մայիսյան հայտարարության մեջ շեշտել էր Տոնոյանը՝ հաստատելով ապրիլի 25-ին իր գրավոր և հրապարակային առաջարկը, որ Քննիչ հանձնաժողով կգնա միայն «թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:
Այսօրվա հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը համաձայնել է քննիչ հանձնաժողովի փակ նիստում բացատրություններ տալ և պատասխանել հարցերին, կարո՞ղ ենք ենթադրել, որ Պաշտպանության նախկին նախարարը որոշակի երաշխիքներ ստացել է՝ իր ներկայացրած փաստերը չեն խեղաթյուրվի, և Անդրանիկ Քոչարյանն իր «ճաշակով» գաղտնազերծումներ չի անի:
Ի դեպ, դեռ ուղիղ մեկ ամիս առաջ 168.am-ը կանխատեսել էր, որ Դավիթ Տոնոյանը մտափոխվելու է: Այդ ժամանակ Փաշինյանը չէր էլ գնացել Քննիչ հանձնաժողով, ընդամենը հայտարարել էր, որ հրապարակային ելույթի «վրա է աշխատում»:
Դեռ այն ժամանակ մենք այդքան էլ ճիշտ չէինք համարել Տոնոյանի առաջարկը՝ Փաշինյանի հետ համատեղ հրապարակային «հարցաքննվելու Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում»: Դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ առաջարկը չի ընդունվելու, և Նիկոլ Փաշինյանն այն օգտագործելու է իր քաղաքական նպատակներին հասնելու համար, ինչի արդյունքում Տոնոյանը կամա թե ակամա «մտնելու է պասերով խաղի» մեջ, կամ՝ առնվազն նման տպավորություն է ստեղծվելու:
Պարզից էլ պարզ է՝ Տոնոյանի լիազորությունների շրջանակում ասելիքի մեծ մասը գաղտնի տեղեկություններ է պարունակում, այդ թվում՝ դաշնակից և հարևան երկրների հետ հարաբերություններին առնչվող, և սա հաստատ հրապարակային քննարկման առարկա չէր դառնալու: Գուցե Տոնոյանը ցանկացել է ցույց տալ, որ ՀՀ իշխանությունները կաշկանդվա՞ծ են համատեղ հրապարակային «հարցաքննությունից»: Եվ հիմա, երբ Դավիթ Տոնոյանը հետ է կանգնել իր նախկին մտադրությունից, այն, ինչ ինքը պատրաստվում էր Քննիչ հանձնաժողովում հրապարակային ասել, հիմա արդեն կարող է գրավոր հայտարարությունների միջոցով հանրությանը տեղեկացնել: Դրանով, ըստ էության, Տոնոյանը կհերքի նաև Անդրանիկ Քոչարյանի հրապարակավ հնչեցրած մեղադրանքը, որ նախկին նախարարի առաջարկի նպատակը՝ հանձնաժողովը շոուի հարթակի վերածելն էր: Այն, որ Դավիթ Տոնոյանը՝ որպես 44-օրյայի ժամանակ պաշտպանության նախարար, պիտի բացատրություններ տա, չենք վիճարկում, այլ հարց է՝ դրանից ով կտուժի կամ կշահի, ով ինչ չափով Տոնոյանի փակ հարցաքննությունը շոուի կվերածի, ով փակ նիստում ներկայացվելիք տվյալներն ըստ նախասիրության կհրապարակի և ով կօգտվի դրանից: Սպասենք զարգացումների ընթացքին: