Այսօր հասարակությունն ադեկվատ է ընկալում իրականությունը. նման քարոզչական տրյուկները չեն անցնում. Ատոմ Մարգարյան
«Վիճակագրության կոմիտեն այսօր հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը, և ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում»,- վերջին ասուլիսում հերթական տնտեսական ավետիսն էր բերել Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով նոր աշխատատեղերի ստեղծումը, աճող աշխատավարձերը, բարձրացվող կենսաթոշակները:
«Նման զրույց անող մարդկանց» տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցնում է 2000-ական թվականների տնտեսական իրողությունները՝ նկատելով, որ այսօր համանման իրողությունների մասին գովեստով խոսողներն այդ օրերին իրենց թերթերի էջերում քննադատությամբ էին հանդես գալիս:
«Երկու կարծիք չկա. աճը, որի մասին խոսվում է, կեղծ աճ է՝ փուչիկների վրա հիմնված,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Առաջին փուչիկը շինարարությունն է, որը պայթելու է: Ընդ որում, մեծ տարբերություն կա 2000-ական թվականների և ներկա աճի միջև. այն ժամանակ հիպոթեք՝ որպես դանդաղ գործող ական, դրված չէր բյուջեի տակ, իսկ մենք արդեն մի քանի հարյուր միլիարդի եկամտահարկի փոխհատուցումներ ենք տալիս՝ չգիտես ինչի համար: Այն դեպքում, երբ սահմանները խոցելի են, տարածքները՝ զավթված, անվտանգության համակարգը՝ փլուզված, և այդ բոլոր միջոցները պետք է գնային երկրի պաշտպանության ու սահմանների անձեռնմխելիության ու Արցախի անվտանգությանը: Մարդիկ լավ կանեին՝ հիշեն 2000-ական թվականները և մանիպուլյացիաներ չանեն:
Երկրորդը՝ այդ աճը կեղծ աճ է, որովհետև հիմնված է ռելոկանտների, Ռուսաստանից մեծ գումարների ներհոսքի վրա, ինչպես նաև՝ ռուսական բիզնեսների վերատեղաբաշխմամբ Հայաստանում, որոնք զբաղված են վերարտահանումներով, օրինակ՝ ավտոբիզնեսը:
Եվ նույնիսկ բանը հասավ նրան, որ որոշ ընկերություններ սանկցիաների տակ ընկան»:
Անդրադառնալով վիճակագրական կոմիտեի վերջին ցուցանիշների առնչությամբ մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում արդյունաբերության աճի տեմպն էականորեն զիջում է ընդհանուր տնտեսության աճի տեմպին՝ Ատոմ Մարգարյանն արձագանքեց՝ արդյունաբերական, ագրարային քաղաքականություն գոյություն չունի:
«Խաղաղաբիզնեսն է ծաղկում և այդ ոլորտի ներդրումները, որ այլասերում է հասարակությունը: Սա երրորդ փուչիկն է, որովհետև եթե խաղաբիզնեսի վրա շրջանառություններ ես կառուցում և դրանով ավելացված արժեք ես ստեղծում, դա ոչ թե արժեքի ստեղծման, այլ վերաբաշխման պրոցես է:
4-րդ կեղծ հենասյունը պարտքն է՝ և՛ արտաքին պարտքն է, և՛ մյուս գործոնը, որ դարձյալ 2000-ականներից տարբերում է ներկա իրավիճակը, ներքին պարտքի աննախադեպ ուռճացումը:
Ո՞վ է վճարելու դրա դիմաց. այդ բարձր տոկոսադրույքները, որոնք երաշխավորում են և՛ բանկերին, և՛ մասնավոր ներդրողներին, և՛ կորպորացիաներին, և՛ արտաքին խաղորդներին, որոնք խաղում են բյուջետային տոկոսների վրա: Վաղը-մյուս օրն ինչպե՞ս է պետությունը մարելու դա. սա մեծ պրոբլեմ է»,- հավելեց նա:
Տնտեսագետի գնահատմամբ՝ փողփողվող աճը հասանելի չէ բնակչության լայն զանգվածներին, և այդ աճից օգտվում են նրանք, որոնք միշտ են օգտվել՝ խոշոր բիզնեսը, կորպորացիաները, իշխանությանը սերտաճած գործարարները, նաև՝ բիզնեսմեն իշխանավորները:
«Մենք տեսնում ենք, թե բյուջետային ինչպիսի գնումների գործընթաց է իրականացվում՝ պետական ատկատների համակարգը մշտապես քննադատող նախկին ընդդիմության, այսօր՝ իշխանության կողմից: Այնպես որ, իրերը իրենց անուններով պետք է կոչել: Դրանք քարոզչական տրյուկներ են. հասկանալի է, որ շուտով Երևանի քաղաքապետի ընտրություններ են:
Երբ Արցախում բառացիորեն Ցեղասպանություն է իրականացվում, և Հայաստանի սահմաններին սողացող ագրեսիա է՝ամենօրյա զոհերով, այդ ֆոնին պետք է նման քարոզչական փուչիկներ բաց թողնել:
Բայց այսօր հասարակությունն իր մեծ մասով ադեկվատ է ընկալում իրականությունը. նման քարոզչական տրյուկները չեն անցնում, և նման մակրոզրույցներ անող պաշտոնյաներն ավելի լայն հայացքով պետք է նայեն շուրջը ու պատասխանատու որոշումներ կայացնեն: Իսկ թե ինչպիսի որոշումներ՝ այդ մասին շատ ենք խոսել, գրել, խորհուրդ տվել, բայց ասողին լսող է պետք»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:
Ավելի վաղ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր 2023թ.-ի հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Նախորդ տարվա հունիսի նկատմամբ ցուցանիշները հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 6.8%-ով, Շինարարության ոլորտն աճել է 18.1%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 20.3%-ով, Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 4%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.4%-ով, Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը նվազել է 0.3%-ով, Արտահանումն ավելացել է 2.5%-ով, Ներմուծումն ավելացել է 33.8%-ով, Սպառողական գների ինդեքսը նվազել է 0.5%-ով։