Սյունիքի շարունակում է մնալ վտանգված. թուրքագետ
«Մեր վարչապետի կողմից հնչեցված որևէ միտք ինձ համար զրո արժեք ունի, որովհետև իր վարչապետ դառնալուց մինչ օրս որևէ մի խոսք կամ խոստում չկատարեց այնպես, ինչպես հայտարարել էր: Այսինքն, եթե նա նման բան է ասում, պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին»,- 168.am–ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում Ալիևի հնչեցրած, այսպես կոչվա,ծ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հակադարձումներին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես Հայաստանի դեմ տարածքային պահանջ ներկայացնելու վերնագիր: Դա օգտագործվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման շրջանակում: Ուզում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լիներ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, սակայն, ցավոք, անօրինական արգելափակված է Ադրբեջանի կողմից»:
Թուրքագետը արձանագրեց նաև, որ թուրք-ադրբեջանական քաղաքական տանդեմը երբեք չի թաքցրել Սյունիքի հանդեպ նկրտումները, իսկ Ալիևի վստահեցումը, թե «միջանցք անվանումը որևէ կերպ չի նշանակում ոտնձգություն որևէ մեկի տարածքի նկատմամբ», ուղղակի համարեց ժամանակավոր խայծ:
«Սյունիքի շարունակում է մնալ վտանգված,- շեշտեց Տիրան Լոքմագյոզյանը՝ հավելելով, որ Արցախով է ժամանակավորապես փակվել Ալիևի ախորժակը,- Դե խոստացավ, որ տալիս է Արցախը, և Ալիևն արդեն խոսում էր «Լաչին-Խանքենդի» ճանապարհի և «Ադրբեջանի հայազգի բնակիչների» մասին»:
Ի դեպ, նրա համոզմամբ՝ Թուրքիայում ընտրական անորոշությունների ավարտից հետո հակահայկական քաղաքականությունը դարձյալ կակտիվանա, և կապ չունի, թե ով կհաղթի ընտրություններում:
Ընտրությունների արդյունքների մասին իր դիտարկումներում՝ ինչպես ընտրությունների առաջին փուլից առաջ, այնպես էլ՝ հետո թուրքագետը նույն կարծիքին է ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն չի ընտրվելու:
«Հատկապես, երբ Սինան Օհանը միացավ Էրդողանին, արդեն կարելի է ասել՝ Քըլչդարօղլուն շանս չունի, սակայն եթե նույնիսկ ընտրվեր էլ, բան չի փոխվի:
Ալիևը Էրդողանի հետ սերտ հարաբերությունների մեջ է և իր ընտրապայքարում էլ օգնեց նրան՝ թե՛ անձնապես գալով, ներկայանալով, թե՛ պատգամավորներին ուղարկելով (այսoր էլ ադրբեջանցի պատգամավորները Իգդիրի, Կարսի հատվածներում պրոպագանդա են անում Էրդողանի համար), թե՛ մամուլին կաշառելով: Քըլչդարօղլուն գիտի այդ ամենը և հաշտ աչքով չի նայում Ալիևին, սական եթե նույնիսկ Քըլչդարօղլուն էլ ընտրվի, գուցե սկզբում սառը հարաբերություններ ունենա, բայց վերջո, պետք է պետական քաղաքականությունն առաջ տանի, և, այնուամենայնիվ Ադրեբջանի հետ հակահայական գործունեությունների մասնակցի»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ Թուրքիայում մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծի վերաբերյալ ներկայացրած քարտեզը զգալի աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում. միասնական ընդդիմության առաջնորդի ներկայացրած քարտեզում դեպի Չինաստան ձգվող «թուրքական ճանապարհը» շրջանցում է Ադրբեջանը։