Մենք Հայաստանի կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին. թուրքագետ

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:

Հայերի ջարդերը Թուրքիայում սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները, սկզբում՝ Համիդյան Թուրքիան, ապա՝ Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

108 տարի անց հայությունը կանգնած է Ցեղասպանության վտանգի առջև. Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ 100 օրից ավելի շրջափակել է Արցախը:

Առկա իրավիճակում և հատկապես այս օրերին հայ-թուրքական օրակարգերի մասին ակնարկներ անելը, խոսելը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը համարում է ցինիզմ:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել հարաբերությունների կարգավորման հարցին՝ մասնավորապես նկատելով. «Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. Արդյո՞ք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով:

Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն»:

168.am-ի հետ զրույցում Տիրան Լոքմագյոզյանը տեղեկացրեց. «Ես այժմ Կոստանդնուպոլսի գերեզմանատներից մեկում եմ, որտեղ նաև Ցեղասպանության զոհերի մահարձան կա, այցելել եմ տատիս գերեզմանը, որի ընտանիքը ևս այդ Ցեղապանության, կոտորածների զոհն է եղել:

Այս պահին հարաբերությունների, բարիդրացիության մասին խոսելն ուղղակի ցինիզմի գագաթնակետը կլինի. այսօր մենք ողբում ենք մեկուկես միլիոն և ավելի մեր նահատակների հիշատակը: Ով այդ մասին խոսում է, նշանակում, որ ազգային թշնամի է մեզ համար»:

Ըստ նրա՝ այս պահին առկա գործընթացները վկայում են, որ մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների վերջնակետին, որը թուրքերի տեսանկյունից բավականին հաջող է, այսինքն՝ բավարարվում են նրանց պահանջները:

«Մենք ՀՀ կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին,- արձանագրեց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ վաղուց է կանխատեսել այս հեռանկարը, քանի որ դա պարզ էր ի սկզբանե,- Այս գործընթացը կանգնեցնելու ժողովրդավարական ձևերն իրատեսական չեն. իմ գլխավոր սպասելիքը բանակից էր, թե թույլ չի տա, որ մեր երկիրը կործանվի, հողերը հանձնենք թշնամուն, սակայն տեսնում ենք՝ մեր փառապանծ բանակը մեզ համար չի աշխատում, ինչպեսև՝ մեր կառավարությունը»:

Տեսանյութեր

Լրահոս