Կոչ ենք անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ին տեղի ունեցած վերջին զարգացումների կոնտեքստում հատուկ ընդգծում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած միակողմանի խախտման անընդունելիությունը, արդյո՞ք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության մասին է, թե՞ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։
Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տառապի, և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չստեղծվեն։
Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերն արդյունք են երկարամսյա պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական բաղադրիչների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցում։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնի վրա» ՌԽԿ հրամանատարության մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջում ՌԴ ԱԳՆ-ն նաև զգուշացնում է արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, իրավիճակը սրելու փորձերից խուսափել, այդ թվում՝ Ռուսաստանին սևացնող արշավի միջոցով: