1+1+1=1՝ Աննա Վարդապետյանի մաթեմատիկան, կամ՝ երբ գլխավոր դատախազի համար հանցագործ են միայն ընդդիմադիրները…
Վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի (ԱԺ) հերթական քառօրյային ընդառաջ, այսօր Գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն հրապարակեց, ըստ որի՝ Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ:
«Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը)»,- մասնավորապես նշված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով միջնորդության բովանդակությանը՝ Մհեր Սահակյանի պաշտպանը՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, գրել էր. «Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։ Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։ Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է: Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ փակ քննարկման ժամանակ հարվածել էր ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչից հետո անմիջապես ոստիկանություն էին կանչել ու Մհեր Սահակյանին, թևերը ոլորած, տարել էին ՆԳՆ բաժին: Իհարկե, կայծակնային արագությամբ նաև քրեական վարույթ էր հարուցվել: Արդեն Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) դուրս գալուց հետո Մհեր Սահակյանը պնդեց՝ ինքը գործել է ինքնապաշտպանական նկատառումներով:
Մհեր Սահակյանի հետ կապված աղմուկից տառացիորեն օրեր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքեց իրեն դավաճան անվանած քաղաքացու՝ հայրենադարձ Կարեն Միկիրտիչյանի դեմքին:
Ընդ որում, երևանցի քաղաքի տղան, ինչպես ինքն է իրեն անվանում, չի մոտեցել ու ուղղակի թքել կամ ձեռնամարտի բռնվել, ըստ իրեն՝ իրեն վիրավորող քաղաքացու հետ, այլ հրավիրել է իր թիկնապահներին ու իրավապահներին, ինչից հետո անվտանգության աշխատակիցներն անշարժացրել են քաղաքացուն, այսինքն՝ նրան ժամանակավորապես զրկել են ազատությունից, որ Ալեն Սիմոնյանը հանգիստ ու շատ խիզախ կերպով թքի իրեն դավաճան անվանած մարդու վրա: Իսկ հետո էլ իրավապահները քաղաքացուն տարել են ոստիկանության բաժին:
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, չի հերքել կատարվածը. սկզբում ասաց՝ սրանից հետո՝ միշտ այդպես է լինելու, ինքը հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթած ու պարտված տղա է, բայց հետո ներողություն խնդրեց:
Ալեն Սիմոնյանը, իհարկե, կարող է ներողություն խնդրել, բայց որ այդ ներողությունը «կջրի» ենթադրյալ քրեական վարույթը, թեև սպասելի էր, բայց թվում էր՝ Աննա Վարդապետյանը մանևրելու տեղ կունենա: Չունեցավ…
Քրեական իրավունքի մասնագետների կարծիքով՝ Ալեն Սիմոնյանի արարքը, բացի նրանից, որ համատեղելի չէ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ, նաև մի քանի հանցակազմ է պարունակում, այդ թվում՝ խուլիգանություն և խոշտանգում, ինչի մասին վստահաբար լավ գիտի նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Վերջինս նաև լավ գիտեր, որ Ազգային ժողովի պատգամավորը չի կարող խուլիգանական խայտառակ վարքագիծ դրսևորել, մարդկանց սպառնալ լեզու ու ականջներ կտրելով, ինչն անում էր կառավարող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցի՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ:
Մինչդեռ ափալ-թափալ քրեական վարույթ չհարուցվեց ոչ Ալեն Սիմոնյանի, ոչ էլ Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ:
Աննա Վարդապետյանը միգուցե վաղը կմտնի ԱԺ, կներկայացնի իր միջնորդությունը, ՔՊ-ական պատգամավորները սինխրոն կաջակցեն նրան, բայց հո ինքը լավ գիտի, որ թերևս 3 միջնորդություն պետք է տաներ ԱԺ, որոնցից երկուսին ՔՊ-ն միանշանակ դեմ կքվեարկեր, բայց ինքը հասարակության աչքում, բացի համեստ, ցածր ձայնով խոսող, գրեթե սուրբ, երեկոյան ռեֆլեքսիա անող կնոջից, նաև արդարության առաջամարտիկ գլխավոր դատախազ կերևար, ինչպես փորձում էր օրեր առաջ ինքն իրեն ներկայացնել: Բայց դա նրան թույլ չտվեցին անել: Թե ինչո՞ւ թույլ չտվեցին, Աննա Վարդապետյանը պետք է հարցնի իրեն…
Բայց Աննա Վարդապետյանը կգնա ԱԺ, երկար կխոսի այն մասին, թե ինչ չի կարելի անել ԱԺ պատգամավորին, «կհիմնավորի», որ Մհեր Սահակյանի արարքի մեջ կա հանցակազմ, ինչն արդեն էլի արել է… Միայն թե նախորդ անգամներին Ալեն Սիմոնյանը դեռ չէր թքել մարդու դեմքին, Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ՔՊ-ականներն էլ իրենց խուլիգանի պես չէին պահել…
Աննա Վարդապետյանին այս մասին, հուսանք, վաղը կհիշեցնեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: