Այն, որ իրենք պատերազմից հետո չեն հրաժարվել իշխանությունից, դավաճանական արարք էր հայության հանդեպ, դա մեզնից խլել է առիթը միավորվելու և մեր մեջքն ուղղելու. Կարեն Մկրտչյան
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». ընտրությունների ժամանակ ՔՊ-ն այս իդիլիան էր հրամցնում հանրությանը, ավելին՝ քաղաքացուն արժևորելու համար ՔՊ առաջնորդն ու իր հետևորդները ստեղծեցին նոր օր՝ «Քաղաքացու օրը»: Սակայն սա չխանգարեց, որ այս կուսակցության վառ ներկայացուցիչները պարբերաբար հանդես գան հակաքաղաքացիական կերպարով:
Հերթական դրվագը երեկ էր. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թիկնազորը Կասկադում «ասֆալտին էր փռել» քաղաքացի Կարեն Մկրտչյանին, հետո ինքը՝ Ալեն Սիմոնյանն էր մոտեցել քաղաքացուն և թքել նրա դեմքին, որովհետև քաղաքացին համարձակվել էր վանկարկել` «դավաճան»։
Կարեն Մկրտչյանը, ում դեմքին թքել է Ալեն Սիմոնյանը, հայրենադարձ է, գործարար, որ թողել է բարեկեցիկ կյանքը Կանադայում և տեղափոխվել Հայաստան:
ԱԺ նախագահի արարքը լայնորեն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում, ինչին հաջորդեց Ալեն Սիմոնյանի՝ կարծես իր արարքն արդարացնող գրառումը, որում մասնավորապես նշել էր. «Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր:))
Նախ միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են: Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին և ԱԺ նախագահի արձագանքին՝ Կարեն Մկրտչյանը շեշտեց. «Անկախ ամեն ինչից՝ իմ ինքնությունից, ով լինելուց, ՀՀ ԱԺ նախագահն իր ինստիտուտի համբավը և վարկը պահելու համար որևէ ձևով չի կարող արդարացնել այդպիսի կեցվածքը որևէ անձի հանդեպ: Ես մեծ ամոթանք եմ զգում ոչ թե ինձ համար, այլ մեր հասարակության համար, որ դեռ հանդուրժում ենք այս որակի բարձրագույն իշխանավորներ»:
Ալեն Սիմոնյանի՝ «ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում» ձևակերպմանը հայրենադարձ գործիչը հակադարձեց վստահեցմամբ, որ նորից է կրկնելու նույնը, եթե տեսնի Ալեն Սիմոնյանին:
«Ես պնդում եմ, որ դավաճան է. երբ նորից տեսնեմ իրեն, նորից եմ ասելու իմ մտածածը, և կարծում եմ, որ բոլոր քաղաքացիներն իրենց մտածածն արտահայտեն, երբ իրենց տեսնեն, որովհետև արարքները՝ մինչև այս, մանավանդ պատերազմից հետո, հստակ դավաճանական բնույթ ունեն: Ինձ համար նվազագույնը, այն իրողությունը, որ իրենք պատերազմից հետո չեն հրաժարվել իշխանությունից, ինքնին դավաճանական արարք էր հայության հանդեպ, որովհետև դա մեզնից խլել է առիթը միավորվելու և մեր մեջքն ուղղելու: Ուր մնաց մյուս բոլոր թյուրիմացությունները, արարքները»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Կարեն Մկրտչյանը միջադեպի առնչությամբ իրավական գործընթաց մեկնարկելու հարցը դեռևս քննարկում է իրավաբանների հետ: