Անահիտ Մանասյանի առաջին ձախողումը
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում լսում էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) թեկնածուներին: Հանձնաժողովի անդամները, և, ինչպես պարզվեց նիստի մեկնարկից քիչ անց, ոչ միայն նրանք, որովհետև ՔՊ-ն այդ նիստին ներկայացված էր շուրջ 40 պատգամավորներով, հնարավորություն ունեին լսել և հարցեր տալ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր»-ի (ՔՊ) կողմից առաջադրված գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանին և խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ և արտակարգ դեսպանորդ Էդգար Ղազարյանին:
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ այդ գլխադասային հանձնաժողովի նիստում, երկու բառով ճշգրիտ բնութագրել էր նիստը վարող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Դա, հիրավի, պատմական խայտառակություն էր բոլոր առումներով:
Ուշագրավ էր, որ թեև Էդգար Ղազարյանն ավելի վաղ առաջարկել էր կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպում, դրանք այդպես էլ տեղի չունեցան, և այդուհանդերձ, ՔՊ-ն երեկ պատկառելի թվակազմով եկել էր՝ մասնակցելու նիստին, և ինչպես ավելի ուշ հասկանալի դարձավ, բացառապես խմբով Էդգար Ղազարյանի վրա հարձակվելու համար:
ՔՊ-ական խմբակի դիրիժորությունը երեկ վերապահված էր ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ով պատգամավորին անհարիր, իրավամբ խուլիգանական վարքագծի նոր բարձունքներ նվաճեց:
Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը բարդ է անգամ նկարագրել, ու պատգամավորական մանդատ է տրված մեկին, ով օպոնենտ թեկնածուին սպառնում էր ականջներն ու լեզուն կտրելով, անդադար գոռգոռում էր, իրեն պահում վերջին փողոցային անմակարդակի պես, ձեռք առնում ինչպես թեկնածուին, այնպես էլ՝ նիստը նախագահողին, կարճ ասած՝ տեսանյութերը հասանելի են, և ցանկացած ոք կարող է դրանք տեսնել, ինչպես վստահաբար ուղիղ եթերում այդ այլանդակ վարքաբանությանը հետևել է ՄԻՊ իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը, ում, ի դեպ, ներկայացնում էր հենց Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական մյուս պատգամավորները նույնպես հետ չէին մնում, իհարկե, և յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում անպայման վիրավորանքով արձագանքել Էդգար Ղազարյանի խոսքին, ով, ի դեպ, հանձնաժողովի նիստում հնչեցնում էր քաղաքական գնահատականներ, ինչի իրավունքն ուներ, և, ցավոք, հիրավի փողոցից Խորհրդարան եկածները քաղաքական խոսք կիրառելու հմտության բացակայությամբ պայմանավորված, նրան հակադարձում էին ոչ ադեկվատ կերպով:
«Մենք քննարկել ենք և առաջին քայլով Գլխավոր դատախազին գրություն ենք ուղարկելու և պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքների համար, որոնք նա անթաքույց հնչեցնում էր թեկնածուի հասցեին, այդ թվում՝ նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի: Երկրորդ քայլը, որ անելու եմ, թարգմանելու եմ և միջազգային գործընկերներին ուղարկեմ հանձնաժողովի նիստի սղագրությունը, որ նրանք հասկանան՝ ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում և մերժվում ընդդիմության թեկնածուն»,- այսօր ասել էր Թագուհի Թովմասյանը:
Եվ երեկ Անահիտ Մանասյանը հիանալի հնարավորություն ուներ որպես ապագա ՄԻՊ՝ առաջին ֆունդամենտը դնելու իր անցնելիք ճանապարհին, ինչի հնարավորությունը բաց թողեց:
Անահիտ Մանասյանին երեկ տրվեցին կոնկրետ հարցեր, որոնց պատասխանները ոչ ոք այդպես էլ չստացավ:
ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն հայտնի է որպես չափազանց զգուշավոր գործիչ, և թեպետ մասնագիտական շրջանակներում բարձր պրոֆեսիոնալի համարում ունի, ՄԻՊ աշխատանքը բոլորովին այլ պահանջներ ու գործառութային պարտականություններ ու պարտավորություններ է ենթադրում, և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը դեռ չի նշանակում, որ կարող ես լավ ՄԻՊ լինել:
Կարելի է ու թերևս պետք է լինել չեզոք ՄԻՊ թեկնածուի դեպքում, բայց մի բան է՝ լինել չեզոք, բոլորովին այլ բան՝ կոնկրետ հարցերի մասին մասնագիտական տերմինոլոգիայով հագեցած երկար խոհափիլիսոփայական տեքստեր ասելը ոչնչի մասին:
Անահիտ Մանասյանին երեկ տրվեցին կոնկրետ հարցեր 2022թ. Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների, այդ թվում՝ մայրերի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն կիրառելու, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ազատությունից զրկված քաղաքացու դեմքին թքելու և վերջապես, իրենից քիչ առաջ նույն այդ դահլիճում տեղի ունեցած խայտառակության, Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագծի վերաբերյալ:
Որևէ հարցի ու դեպքի վերաբերյալ գնահատական չհնչեց: Եռաբլուրի գործով դեպքի փաստական հանգամանքներին չէր տիրապետում, իսկ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ասաց՝ առհասարակ ՄԻՊ-ը պետք է ոչ թե անձերին անդրադառնա, այլ երևույթներին:
Անահիտ Մանասյանը վստահաբար շատ լավ գիտի, որ օրենքը հստակ ասում է՝ ՄԻՊ-ը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողություններից պետք է պաշտպանի քաղաքացուն: Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է, Ալեն Սիմոնյանը՝ նույնպես, նրանց թիրախում հայտնված անձինք էլ ոչ պաշտոնատար անձինք են, հետևաբար՝ ինչպե՞ս է ապագա ՄԻՊ-ը պատկերացնում իր գործառույթների իրականացումը:
Հասկանալի է, որ Անահիտ Մանասյանը շատ լավ իմանալով՝ իրականում ինչ պետք է ասեր ու աներ, պարզապես այդ կերպ խուսափեց կոնկրետ ու հստակ պատասխանից՝ ՔՊ-ական թիմի թիրախում չհայտնվելու համար: Այստեղ տեղին է հիշել, որ նախկինում մենք ականատես ենք եղել՝ ինչպես էր նախկին Օմբուդսման Արման Թաթոյանը կոնկրետ ու հասցեական գնահատականներ տալիս կոնկրետ պաշտոնյաների, մասնավորապես՝ նույն Ալեն Սիմոնյանին՝ գերիների վերաբերյալ արած անթույլատրելի արտահայտության համար, ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանին, Էդուարդ Աղաջանյանին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, տարբեր նախարարների, այդ թվում՝ առողջապահության նախարարին:
ՄԻՊ թեկնածու լինելը լեգիտիմության հավելյալ աստիճան է առաջադրված թեկնածուի համար, ինչից, ցավոք, Անահիտ Մանասյանը չօգտվեց:
ՄԻՊ աշխատանքը ծանր ու տաժանակիր աշխատանք է, և պետք է կարողանալ այն պատվով տանել՝ որպես աջակից ունենալով անկախության այն բարձր մանդատը, որը Սահմանադրությամբ վերապահված է ՄԻՊ-ին: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուի առաջ պահանջներ չեն դրվել, և որ Անահիտ Մանասյանը կարող է բացարձակ անկախ ՄԻՊ լինել, բայց նա թերևս հնարավորություն ունի չլինել Քրիստիննե Գրիգորյան: Իսկ դրա համար ինչ-որ պահի նա պետք է գնահատականներ տա՝ կապ չունի՝ որ թևի գործողությունների վերաբերյալ: ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խումբ չէ, որ կողմերին հանդարտության կոչ անի ու հասցեական չնշի՝ սրացման նախահարձակը որ կողմն է: ՄԻՊ-ը պետք է կարողանա հարցեր տալ ու պատասխաններ ստանալ, և դրա համար առաջին հերթին պետք է համարձակություն ունենա իրերն իրենց անուններով կոչելու:
Վերջին հարցազրույցներում Անահիտ Մանասյանը հաճախ է ասում, որ ՄԻՊ գործառույթը չէ միայն հայտարարություններ անելը՝ դրանով կարծես թե հիմիկվանից ասելով՝ հայտարարություններ ինձնից առանձնապես չսպասեք, բայց ՄԻՊ-ը քրեաիրավական գործիքակազմ չունի, ՄԻՊ-ի զենքը հայտարարություններն են, որոնք հետագայում ներառվում են զեկույցների մեջ ու ուղարկվում են միջազգային գործընկերներին, այնպես որ, Անահիտ Մանասյանը ստիպված է լինելու կոնկրետ դեպքերով կոնկրետ հայտարարություններ անել: