Միանշանակ է՝ Ալեն Սիմոնյանը չի կարող շարունակել պաշտոնավարել. նրա վարքագիծը համատեղելի չէ ԱԺ նախագահի պաշտոնի հետ. Հովհաննես Խուդոյան

«Քաղաքացի-պետություն հարաբերությունների մեջ Ալեն Սիմոնյանի վարքը միանշանակ ընդունելի չէ, էթիկայի կոպտագույն խախտում է, մարդկային առումով՝ ստորություն, և նորմալ երկրում Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի վարքը պետք է հանգեցներ հրաժարականի: Իրավական կողմը դեռ մի կողմ: Չի կարող այսուհետ այդ անձը Հայաստանը ներկայացնել ժողովրդավար երկրների հետ հարաբերություններում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի քրեական պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու փաստին:

Ըստ փաստաբանի՝ եթե Ալեն Սիմոնյանին թվում է՝ իր վարքագիծը քաղաքի տղային բնորոշ վարքագիծ է, կարող է այդպես պատկերացնել ու վարվել, բայց դա անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ:

«Ցանկացած մարդ հանգամանքների բերումով կարող է հանցագործություն կատարել, բայց նա պետք է իմանա, որ դրա համար կա պատասխանատվություն: ԱԺ նախագահի դեպքում այդ պատասխանատվությունը իրավական հարթությունից դուրս նաև այդ պաշտոնը զբաղեցնելու արգելքն է: Ալեն Սիմոնյանը միանշանակ չպիտի զբաղեցնի այդ պաշտոնը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի արարքի իրավական բաղադրիչին, փաստաբանի խոսքով՝ եթե այս միջադեպը տեղի ունենար երկու սովորական քաղաքացիների միջև, քրեաիրավական գնահատական կարող էր և չլինել:

Կարդացեք նաև

«Բայց երբ Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները մեծ հավանականությամբ նրա իսկ ցուցումով՝ մոտենում են մարդուն, սահմանափակում են նրա ազատությունը, որպեսզի իրենց ղեկավարը կարողանա կատարել այդ գործողությունը, գործ ունենք լիազորությունների չարաշահման հետ: Այս առումով անվտանգության աշխատակիցների մեղադրական եզրակացությունն արդեն իսկ պատրաստ է, եթե դեպքն ապացուցվի: Եթե ապացուցվի, որ հանձնարարություն կա, պետք է քննվի նաև հանձնարարությունը տվողի մասով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա՝ կարող է քննվել նաև խուլիգանության վարկածը, որովհետև խուլիգանությունը նաև հասարակության դեմ ուղղված ոտնձգությունն է:

«Սակայն Ալեն Սիմոնյանի կողմից արված ամենախիստ արարքը, որը կարող է գնահատվել, խոշտանգումն է: Այն քրեաիրավական կատեգորիա է և կոնկրետ սահմանում է հանցակազմը: Դա պաշտոնատար անձի կողմից անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելն է, այս դեպքում՝ ազատությունը անձին նվաստացնելու նպատակով սահմանափակելու տեսքով, որը կատարվել է որպես պատիժ անձի օրինական կամ ապօրինի գործողության դեմ: Խոշտանգման հանցակազմը նույնպես պետք է քննարկվի, և դա նույնպես բավականին ծանր հանցագործություն է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում շատ կարևոր է դատախազության դիրքորոշումը, և եթե դատախազությունն Ալեն Սիմոնյանի արարքի մեջ հակաիրավական բան չի տեսնում, ուրեմն հավասարության սկզբունքից ելնելով՝ ցանկացած քաղաքացի այդ իրավունքը ձեռք է բերում:

«Նման պարագայում ցանկացած անձ, նման դեպքում չի գնալու օրինական ճանապարհով՝ դիմելով իրավապահներին, այլ գնալու է հաշվեհարդար տեսնելու ճանապարհով: Ընդ որում, այդ պարագայում հաշվեհարդարն ապօրինի չի լինի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը նկատում է՝ քաղաքացու կողմից արված «դավաճան» արտահայտությունը գնահատողական դատողություն է: Պաշտոնատար անձանց, հանրային տիրույթում գործող այլ անձանց էլ է դա վերաբերում: Նրանք պետք է զսպվածության առավել բարձր մակարդակ ցուցաբերեն. Դա նաև պաշտոնի գինն է: Նույնիսկ, երբ պաշտոնյային թվում է՝ անձն իրեն վիրավորում է, դրա համար կա իրավական ճանապարհ:

«Իշխանություններն ու իրավական համակարգը կրկնակի ստանդարտներն օգտագործում են վախի մթնոլորտ ձևավորելու համար: Գործադրվում է «մենք կարող ենք ձեզ հարվածել, մեզ բան չի լինի, բայց դուք չեք կարող մեզ հարվածել» մեթոդը: Բայց դա այնքան էլ այդպես չէ, որովհետև եթե օրենքը չի գործում, գործում են ֆիզիկայի կանոնները: Շատ վտանգավոր դաշտ են մտնում, երբ սկսում են օրենքը միայն իրենց օգտին ծառայեցնել, որովհետև այդ դեպքում անձի մոտիվացիաները չեն փոխվում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Անդրադառնալով ապրիլի 4-ին ԱԺ-ի Մարդու իրավունքների գլխադասային հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուների ներկայացման ժամանակ ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես՝ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խայտառակ վարքագծին ու դրան իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանի արձագանքի բացակայությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց՝ ՄԻՊ-ը կամ ՄԻՊ թեկնածուն չի կարող չեզոքություն ցույց տալ:

«ՄԻՊ-ը կոնկրետ իրավիճակներում անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովող կառույցի ղեկավար անձ է: Իր խնդիրը չէ հասարակության մեջ հավասարակշռություն բերել, քաղաքական միջնորդի դեր կատարել: Ընդ որում, դիտավորյալ խեղաթյուրում են ՄԻՊ նշանակությունը: ՄԻՊ-ն իշխանությանը հարձակումներից պաշտպանող կառույց չէ: Եթե ՄԻՊ թեկնածուն չի կարողանում հստակ պատասխան տալ, որ պաշտոնատար անձը, ինչ էլ իրեն ասեն, չի կարող թքել քաղաքացու վրա, ինքը չեզոքության դաշտից միանգամից անցնում է կողմնակալության դաշտ: Նման պրոցեսին մասնակցությունը մարդն իր արժանապատվությունից ցածր պետք է համարի ու ընդհանրապես չմասնակցի նման գործընթացին: Անահիտ Մանասյանը մի բան պետք է աներ. Ուղղակի պետք է հրաժարվեր ՄԻՊ թեկնածությունից ու շարունակեր իր աշխատանքը դատախազությունում, որովհետև դա իրեն պատիվ չի բերում»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս